Հաճախ մարդիկ ներելուն վերաբերվում են ոչ այնպես, ինչպես պետք է: Ներել՝ նշանակում է նվիրել: Երբ ինչ-որ մեկին ինչ-որ բան ես նվիրում, երկու բան է տեղի ունենում: Նախ, այն, ինչը քեզ մոտ էր, այլևս քեզ մոտ չէ, և երկրորդը՝ նվիրելը բավարարվածության զգացում է առաջացնում: Շատերը փորձում են ներել վախվորելով, կասկածելով, թերի: Դա նույնն է, եթե դիմացինին փորձես ինչ-որ բան նվիրել, ձեռքդ առաջ պարզես, բայց նվերը ձեռքիցդ բաց չթողնես: Այսինքն՝ ուզում ես տալ, բայց իրականում պահում ես: Նույնը կատարվում է, երբ ներում ես ոչ լիարժեք. ներում ես, բայց իրականում վիրավորանքի մնացորդները պահում ես ներսումդ:

Ներել՝ նշանակում է նվիրել

Մարդկանց մեծ մասը կարծում է, թե ներելով՝ գլխավոր լավությունը դիմացինին ենք անում: Իրականում, ներելով՝ առաջին հերթին լավություն ենք անում ինքներս մեզ: Դա նույնն է, եթե պատռված հագուստը մեր վրայից հանենք՝ մտածելով, որ լավություն ենք անում պատռողին: Տարբերությունը մարդկանց միջև, ովքեր ներում են, և նրանց՝ ում թվում է, թե ներում են, այն է, որ առաջինները, պատռված հագուստից ազատվելով, նորն են հագնում, իրենց թարմացած, բավարարված են զգում, իսկ երկրորդները՝ իրենց զգում են մերկ:

Երբեմն անհրաժեշտություն է լինում ներել կրկնակի, եռակի, բազմակի անգամներ: Մարդկանց մոտ վախ է առաջանում, որ իրենք անինքնավստահ, թույլ մարդու տպավորություն կթողնեն: Նման դեպքերում կարևոր է ոչ թե տպավորությունը, այլ այն, թե ինչպես ես ինքդ քեզ զգում: Եթե քեզ վստահ ես զգում, մնացածը կարևոր չէ, իսկ եթե զգում ես, որ ներելն անօգուտ է, ևս մեկ անգամ ներիր և նույն իրավիճակում մի հայտնվիր: Այսինքն փոխիր իրավիճակը, այլ ոչ թե մնա նույն իրավիճակում՝ պահելով վիրավորանքը: Եթե չի ստացվում իրավիճակը փոխել, խուսափիր իրավիճակից՝ կրկին անելով դա առանց վիրավորանքի: Այսինքն նոր զգեստ հագիր և կրկին մի հայտնվիր այնտեղ, որտեղ փշալարեր են. շրջանցիր դրանք: