Ժամանակին ինձ թվում էր, թե ինքնավստահությունը մի բան է, որը պետք է տեսնեն ուրիշները: Ավելի ուշ հասկացա, որ ինքնավստահությունը մի բան է, որը պատկանում է մեզ և ընդհանրապես կարևոր չէ, որ դա տեսնեն ուրիշները:

Անմիջապես անցնեմ հոդվածի բուն էությանը. ինքնավստահության գաղտնիքը պատրաստված լինելն է: Դու ինքնավստահ ես, եթե գիտես, որ տվյալ իրավիճակում հայտնվելով՝ կկողմնորոշվես, քանի որ պատրաստ ես: Մարզիկի ինքնավստահության զգացումը գալիս է նրանից, որ նա գիտի, թե ինչի է ընդունակ, և պարտադիր չէ, որ դա իմանան ուրիշները: Մարդը, ով ֆինանսապես անկախ է, ինքնավստահ է, քանի որ գիտի, որ պատրաստ է տարբեր իրավիճակներում հայտնվել, որտեղ գումար ծախսելու անհրաժեշտություն կա: Մարդը, ով ավելի շատ բժշկական գիտելիքներ ունի, ավելի ինքնավստահ է մտնում բժշկի մոտ, քանի որ պատրաստ է հասկանալ այն, ինչը բժիշկը նրան ասելու է:

Շատ մարդիկ իրենց ողջ կյանքի ընթացքում անհարմարություններ են ունենում, քանի որ ինքնավստահ չեն: Մի մասին թվում է, թե դա բնավորություն է և դրա հետ ոչինչ չես կարող անել: Այդպես չէ: Ինքնավստահությունը բնավորության գիծ է, որը կարելի է զարգացնել՝ պատրաստվելով: Ինքնավստահ մարդն ամենուր չէ, որ ինքնավստահ է. նա ինքնավստահ է այնտեղ, որտեղ պատրաստ է: Մարզիկը կամ գործարարը իրենց ինքնավստահ չեն զգա ատոմային պայթյունի կամ երկրաշարժի ժամանակ, եթե դրան պատրաստ չեն: Հայաստանում շփման մեջ ինքնավստահ երիտասարդն իրեն ինքնավստահ չի զգա Հնդկաստանում, քանի որ այնտեղ շփման մշակույթն ուրիշ է. նա դրան պատրաստ չէ:

Ինքնավստահ դառնալու գաղտնիքը պատրաստված լինելու մեջ է: Եթե ուզում եք ինքնավստահ լինել, հասկացեք Ձեր կյանքի այն իրավիճակները, որտեղ ինքնավստահ լինելը Ձեզ համար կարևոր է: Երբ հասկանաք դա, պատրաստվեք: Երբ պատրաստ լինեք, ինքնավստահ կդառնաք: Երբ դա տեղի ունենա, կհասկանաք, որ այդ զգացողությունը միայն Ձեզ է պատկանում և կարիք չկա ուրիշներին դա ցուցադրել: