Շատերս կարծում ենք, թե կամքի ուժ մենք առավելագույնս դրսևորում ենք այն ժամանակ, երբ ինչ-որ բան ենք անում մեզ համար: Օրինակ՝ «Ես ուզում եմ մարզվել», «Ես ուզում եմ նիհարել», «Ես ուզում եմ քաղցր քիչ ուտել», «Ես ուզում եմ սովորել», «Ես ուզում եմ համացանցում քիչ ժամանակ անցկացնել», և այլն, և այլն: Այս օրինակներում կամքի ուժ դրսևորել, իհարկե, պետք է, բայց դա մեր ուժերի առավելագույն սահմանը չէ. չէ՞ որ դա մի բան է, որ մենք անում ենք մեզ համար: Օրինակ, նիհարում ենք գեղեցիկ մարմին ունենալու համար, առողջ ենք սնվում առողջ լինելու և լավ ինքնազգացողություն ունենալու համար, նույն պատճառով էլ զբաղվում ենք սպորտով, ավելի շատ ժամանակ ունենալու համար կարգավորում ենք մի շարք սովորություններ:

Սակայն կամքի ուժի խոշորագույն դրսևորումները նրանք են, երբ մենք ինչ-որ բան ենք անում ուրիշների համար: Օրինակ՝ համբերատար հոգ ենք տանում հիվանդի մասին, ամեն օր դասի ենք հաճախում և դասավանդում բարձր տրամադրությամբ, չենք հայհոյում «նյարդայնացնող» վարորդներին, լսում ենք հարևան տատիկի «ձանձրալի» պատմությունները: Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները նույնիսկ կապված չեն ֆիզիկական դրսևորումների հետ՝ ուտել, զբաղվել, ինչ-որ բան անել… Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները կապված են զգացմունքները ղեկավարելու հետ:

Հոգ տանել

Օրինակ՝

1. Այնպես անել, որ քեզ հետ դժվարին ճանապարհ անցնող մարդը չզգա ճանապարհի դժվարությունը (ղեկավարել բողոքելու, տրտնջալու, անհանգստությունը փոխանցելու ցանկությունը),
2. Երեխայի հետ համբերատար խաղալ, երբ «մեծահասակ ուղեղդ» ասում է՝ «մեծական» գործերով զբաղվիր (ղեկավարել սեփական հետաքրքրությունները բավարարելու ցանկությունը),
3. Լսել, երբ շատ ես ուզում խոսել (ղեկավարել սեփական անձի կարևորությունը ընդգծելու ցանկությունը),
4. Ժպտալ, երբ տխուր ես (ղեկավարել դիմացինին սեփական վատ տրամադրությունը փոխանցելու ցանկությունը),
5. Օգնել, երբ ինքդ էլ օգնության կարիք ունես (ղեկավարել սեփական խնդիրները բարձրաձայնելու ցանկությունը):

Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները նրանք են, երբ պետք է քեզ զսպես, համբերատար լինես, հանդուրժող լինես: Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները լինում են այն ժամանակ, երբ պետք է չքանդես, չվնասես, չաղտոտես: Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները լինում են այն ժամանակ, երբ պետք է ինչ-որ ժամանակ քեզ «զոհաբերես» (սեփական ժամանակը, հանգստությունը)՝ հանուն մեկ այլ մարդու՝ իրեն ավելի լավ զգալու (միշտ դա պետք չէ և հնարավոր էլ չէ, բալանսը պետք է պահել): Կամքի ուժի խոշորագույն դրսևորումները լինում են այն ժամանակ, երբ պետք է զոհաբերես սեփական հարմարությունը՝ ուրիշներին անհարմարություն չպատճառելու համար:

Սրանք են կամքի ուժի խոշորագույն դրսևորումները, այլապես մարզասրահում մարզվելու համար մոտիվացիոն պատճառներ կարելի է շատ գտնել, իսկ խոչընդոտներն էլ՝ շատ չեն: Եվ վերջում հիշեցնեմ միայն, որ կամքի ուժը սեփական ցանկությունների հանդեպ բռնանալը չէ. դա գիտակցության և համառության համադրությունն է: