Ես հաճախ եմ լինում Բջնիում, որտեղ մեր ամառանոցն է: Հիմնականում գնում եմ ամռանը, երբեմն նաև տարվա այլ եղանակներին` մեկ-երկու օրով: Բջնիի ամենամոտ քաղաքը Չարենցավանն է` իմ սիրելի քաղաքներից մեկը բնության գրկում: Երբ մենակ եմ լինում, սիրում եմ Երևանից Չարենցավան գնալ գնացքով: Այդպես ես հնարավորություն եմ ունենում վայելել ճանապարհը, բնությունը, սարերն ու կիրճերը, քանի որ գնացքն անցնում է լեռնային ճանապարհներով: Այդպես տեսնում եմ բնակավայրեր, որոնց մասին տեղյակ չէի: Այդպես վերադառնում եմ խորհրդային անցյալ, քանի որ գնացքը հին է` պահպանված խորհրդային ժամանակներից, և անկախ ինձնից պատկերացնում եմ, թե ինչպես էին դրանով երթևեկում խորհրդային ժամանակաշրջանի մարդիկ:

Բջնիի ամառանոցներում մարդիկ լինում են ամռանը, իսկ ձմռանն այնտեղ դատարկություն է, անջատում են նույնիսկ հոսանքն ու ջուրը, և ջուր ունենալու միակ միջոցը մնում է սարերից իջնող բարակ աղբյուրը: Երբ հեռվից նայում ես ամառանոցներին, տեսնում ես երկու հանդիպակաց սարեր, որոնց լանջերն ամբողջությամբ ծածկված են տներով, զարմանում ես, թե մարդիկ որքան ժամանակ ու ջանք են ներդրել այդ շինարարությունն ավարտին հասցնելու համար: Բջնին ինձ համար յուրահատուկ վայր է` դեռ մանուկ հասակից սիրված:

Մի անգամ որոշեցի Բջնի գնալ ձմռանը` դեկտեմբերին: Գնացքով հասա Չարենցավան, ապա փոքրիկ, հին ավտոբուսը Չարենցավանից հասցրեց Բջնի` կանգ առնելով այն սարի լանջին, որի վրա գտնվում են ամառանոցները: Տեղ հասա ուշ երեկոյան, երբ արդեն մթնել էր: Երբ քարքարոտ ճանապարհով բարձրանում էի դեպի ամառանոց, ամպրոպ էր որոտում, երկինքն ամբողջությամբ պատված էր սև ամպերով: Ուժեղ քամի էր փչում` օդ բարձրացնելով գետնին թափված տերևները և շարժելով տների տանիքներից անջատված երկաթյա թիթեղները: Լույսեր չկային, միայն ձեռքիս լապտերի լույսն էր ճանապարհ բացում մթության մեջ: Երբ հասա ամառանոց, էլեկտրականություն, ինչպես ենթադրում էի, չկար, իսկ գիշերը շատ ցուրտ էր լինելու: Որպեսզի չսառչեմ, տան ամենամեծ սենյակում խփեցի արշավական վրանս, մեջը լցրեցի տանը եղած բոլոր վերմակները, փաթաթվեցի դրանց մեջ և այդպես լուսացրեցի:

Լուսաբացը Բջնիում գեղեցիկ է: Արևի առաջին ճառագայթներն ու առավոտյան թեթև քամին միանգամից բարձրացնում են տրամադրությունդ, իսկ երբ լվացվում ես աղբյուրի սառը ջրով, հասկանում ես, որ կենդանի մարդ ես` բնությանն այդքան մոտ: Այդպես մեկ օր անցկացրեցի Բջնիում, իսկ երեկոյան պետք է վերադառնայի Երևան: Հավաքեցի իրերս, լցրեցի ուսապարկս և իջա դեպի ճանապարհ, որով պետք է անցներ ավտոբուսը: Արդեն մթնել էր: Մինչ սպասում էի, մտքովս անցավ, որ Բջնիից Չարենցավան ես միշտ վերադառնում եմ ավտոբուսով, ինչո՞ւ այս անգամ ոտքով չգնալ: Եթե այդ ժամին և եղանակային այդ պայմաններում իմ փոխարեն լինեիք և հնարավորություն ունենայիք մեքենայով կամ ավտոբուսով գնալ, հաստատ այդ հարցը ձեր գլխում չէր ծագի, քանի որ երկու բնակավայրերի միջև հեռավորությունը մոտ տաս կիլոմետր է, և ճանապարհն անցնում է խուլ ու ամայի դաշտերով: Դրան գումարած` վայրի շների հաչոցները, ձմեռն ու մթությունը. այդ ամենը սարսափ ֆիլմ էր հիշեցնում:

Բայց այդ պահին համոզված էի, որ պետք է ոտքով գնամ: Չէի ցանկանում անել այն, ինչ անում էի սովորաբար, քանի որ գիտեի, որ Չարենցավան հասնելուն պես ինձ այլ կերպ կզգայի: Այդպես ճանապարհ ընկա: Մոտ մեկուկես ժամ քայլում էի գիշերային ամայի ճանապարհով: Ժամանակ առ ժամանակ հեռվից մեքենաների լապտերների լույսեր էին երևում, որոնք աստիճանաբար մոտենում էին, երևում էր մեքենայի ուրվագիծը, իսկ մի քանի վայրկյան անց ամեն ինչ կրկին սուզվում էր մթության մեջ:

Երբ հասա Չարենցավան, հոգնած էի, մի քիչ սառած, բայց ինձնից գոհ: Ամեն ինչ արդեն ետևում էր: Ես արել էի այն, ինչը, թվում է, խելամիտ մարդը չէր անի: Բայց ինձ համար դա պարզապես մարզում էր` մարզում հարմարավետության գոտուց դուրս գալու համար: Նախկինում երբեք հարմարավետության գոտուց դուրս գալու խնդիր չէի ունեցել, բայց սա նորություն էր, չփորձված զգացողություն: Ես հասկանում էի, որ սա հերթական արկածախնդրություն չէ, այլ հեռուն տանող նպատակներ ունի: Հետագայում տագնապը հաղթահարելու և հարմարավետության գոտուց դուրս գալու այդ զգացումը ես օգտագործելու էի իմ կյանքի այլ ոլորտներում ևս:

Հատված՝ «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: