Յուրաքանչյուրիս կյանքում լինում են փուլեր, երբ դժվարությունները կարծես խեղդում են: Նման փուլերը կյանքի ընթացքում պարբերաբար կրկնվում են: Երբեմն դրանք սկսվում և անվերջ են թվում: Դժվարություններ բոլորի կյանքում էլ լինում են՝ անկախ մարդու սոցիալական և այլ կարգավիճակներից (օրինակ, շատերը կարծում են, թե սոցիալապես ապահով խավն ապրում է անհոգ): Դրանք լինում են տարբեր բնույթի՝ անձնական հարաբերություններից սկսած մինչև առողջական և ֆինանսական:

Շատ մարդկանց կյանքում եղած դժվարությունների մասին մենք տեղյակ չենք լինում, քանի որ դժվարության հասցրած հարվածը նրանք վերափոխում են գործելու էներգիայի: Մենք չենք նկատում նրանց դժվարությունները, սակայն տեսնում ենք դրանց հետևանքը՝ վերափոխումը: Այո, դժվարությունը հարված է, սակայն այդ հարվածն է, որ հաճախ ստիպում է մեզ տեղից շարժվել, փոխվել, աճել: Ուժեղ հարվածը կարող է մեզ տապալել, բայց թե ընկած կմնանք ժամանակավորապես, թե վերջնականապես, ինքներս պետք է որոշենք: Որպեսզի ոտքի կանգնենք՝ այլ՝ ավելի ուժեղ մարդ դարձած, մի քանի խորհուրդներով եմ ուզում կիսվել:

Ընդունեք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում

Շատերը չեն ցանկանում ընդունել այն, ինչ իրենց հետ տեղի է ունենում: Հիվանդություն, աշխատանքից հեռացում, բիզնեսի անկում, հարաբերությունների խզում, դժբախտ պատահար, պարտքեր, դեպրեսիա. երբ այս ցանկից ինչ-որ բան մեզ հետ տեղի է ունենում, մենք մտածում ենք. «Ինչո՞ւ ես, ինչո՞ւ հենց ինձ հետ»: Մեր գլխում չի դադարում պտտվել հարցը՝ «Ինչպե՞ս դա կարող էր ինձ հետ պատահել»: Բայց նման վերաբերմունք դրսևորելով՝ մենք ի սկզբանե դժվարությունը հաղթահարելու սխալ ճանապարհ ենք ընտրում: Մենք մտածում ենք «ինչու», փոխարենը մտածելու՝ «ինչպես»:

Եթե Ձեր կյանքում դժվարություններ են լինում, ոչ թե մտածեք՝ «Ինչու ես», այլ՝ «Ինչպես դրանից դուրս գալ»: Գիտակցեք, որ եղածը եղած է, պետք է արագ ընդունել այն, և կենտրոնանալ լուծման վրա: Իմ կյանքի դժվարագույն իրավիճակներում ես երբեք չեմ մտածել, թե ինչու ինձ հետ: Ավելի շուտ ես կասեմ՝ «Ինչո՞ւ ոչ ես» , քան՝ «ինչո՞ւ ես», քանի որ աշխարհում միլիարդավոր մարդիկ կան, ովքեր ինձ պես են: Այդ դեպքում ինչո՞վ եմ ես առանձնահատուկ, ինչո՞ւ նրանք և ոչ՝ ես:

Երբ արագ ընդունում ես այն, ինչ քեզ հետ տեղի է ունենում, հնարավորություն ես ձեռք բերում կատարել հաջորդ քայլը: Իսկ հաջորդ քայլը՝ պատասխանատվությունն է:

Պատասխանատվությունը Ձեզ վրա վերցրեք

Եթե Դուք հայտնվել եք որոշակի դժվար իրավիճակում և ընդունել եք այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում, ապա հաջորդ բանը, որ Դուք պետք է մտածեք, հետևյալն է՝ ինչպե՞ս ստեղծված իրավիճակից դուրս գալ: Հենց այստեղ է, որ մարդիկ ընտրության առաջ են կանգնում. «Դուրս գամ սեփական ուժերո՞վ, թե՞ այլ մարդկանց օգնությամբ»: Խորհուրդը, որ ուզում եմ տալ, հետևյալն է. միշտ հույսներդ Ձեզ վրա դրեք, պատասխանատվությունը Ձեզ վրա վերցրեք և կողմնակի օգնություն մի ակնկալեք: Օգնություն անհրաժեշտ պահին միգուցե և լինի (հիմնականում այդպես էլ լինում է), սակայն այն մի ակնկալեք, դրանից կախված մի եղեք (առաջին հերթին՝ հոգեբանորեն): Առավելագույն չափով արեք այն, ինչ կարող եք, ինքնուրույն: Գիտակցեք, որ ոչ ոք պարտավոր չէ Ձեզ օգնել (սակայն դա չի նշանակում, որ մարդիկ բարի չեն և օգնության ձեռք չեն մեկնի), քանի որ յուրաքանչյուրն իր «ճահճից» է փորձում դուրս գալ, ինչի մասին Դուք պարզապես տեղյակ չեք:

Երբ ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա եք վերցնում, ձեռք եք բերում ազատություն, որոշակիություն, ավելի ուժեղ և «գրագետ» ապրելու հնարավորություն: Կյանքի հաջորդ հարվածները, որոնք անպայման լինելու են, Ձեզ չեն տապալի այնպես, ինչպես առաջինն էր, քանի որ Դուք ձեռք եք բերել որոշակի հմտություններ, անցել եք կյանքի որոշակի դպրոց: Իսկ օգնություն ակնկալողը կյանքի ողջ ընթացքում ընկնելու է հարվածներից այնպես, ինչպես առաջին անգամ:

Օգնություն ակնկալողը կյանքի ողջ ընթացքում ընկնելու է հարվածներից այնպես, ինչպես առաջին անգամ:

Դուք միակը չեք

Երբ Դուք դժվարությունների միջով եք անցնում, Ձեզ կարող է թվալ, թե շրջապատում բոլորն անհոգ են, և միայն Ձեր կյանքում ցավ կա՝ չգիտակցելով, որ հազարավոր մարդիկ կան, ովքեր շատ ավելի ուժեղ ցավեր ունեն: Դժվարությունները, որոնք մեր կյանքում լինում են, փակում են մեզ մեր փոքրիկ աշխարհում, որտեղ մենք դժվարության հետ մենակ ենք մնում և արտաքին աշխարհն այլ կերպ ենք ընկալում: Սակայն յուրաքանչյուրը միայն իր աշխարհն է տեսնում:

Շատերին հանգստացնում է այն, որ իրենք միակը չեն, որ նման դժվարություններ են կրում: Այդպես մտածելով՝ դժվարությունը կարծես կիսվում, թեթևանում է: Այդ պատճառով է, որ որոշակի կախվածություն կամ խնդիր ունեցող մարդիկ իրենց ավելի հանգիստ են զգում, երբ հավաքվում են խմբերով: Այդպես, որոշակի իմաստով, նրանց հաջողվում է դուրս գալ «ցավը միայն ինձ է պատկանում» հոգեվիճակից:

Միայն գիտակցելը, որ Դուք միակը չեք, օգնում է: Եթե աշխարհում կան այլ մարդիկ, ովքեր ունեն նմանատիպ կամ շատ ավելի մեծ խնդիրներ, և կարողացել են հաղթահարել, ապա Դուք էլ կարող եք: Չէ՞ որ հազվադեպ են դժվարությունները ողջ կյանքի ընթացքում տևում: Դժվարությունը հարատև է դառնում միայն այն ժամանակ, երբ մարդը հանձնվում է: Սակայն համառ մարդը չի կարող պարտվել. դժվարությունն ինչ-որ պահի նահանջում է: Այդ փուլում Դուք կարող եք ունենալ նաև կորուստներ՝ նյութականից մինչև հոգեկան և մարդկային, բայց դա չի նշանակում, որ Դուք պարտված եք: Այս դեպքում պետք է պարզապես վերադառնալ առաջին կետին՝ «Ընդունել այն, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում», և շարունակել ապրել:

Դուք կարո՛ղ եք

Դուք իրոք կարող եք հաղթահարել դժվարություններ, որքան էլ դրանք մեծ թվան: Պարզապես պետք է ճիշտ հոգեվիճակ ձեռք բերել, ճիշտ վերաբերմունք դրսևորել: Դա կախված է միայն Ձեզնից. պատճառները, հանգամանքները, քայլերն ու լուծումներն այլ տեղ մի փնտրեք: Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք: Ոչ ոք չի պնդում, որ դժվարությունը հեշտ է հաղթահարել: Բայց եթե Դուք չաճեք, Դուք կպարտվեք:

Եթե դժվարությունն ավելի մեծ է, քան Դուք, նշանակում է՝ Դուք պետք է աճեք:

Հ.Գ.

Իհարկե մասնավոր դեպքեր կան, որոնք «օգնություն չակնկալելու» տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Օրինակ՝ մարդը կյանքին սպառնացող առողջական խնդիրներ ունի և պետք է սեղմ ժամկետներում խոշոր գումար հայթայթել, կամ վրադ ավազակային հարձակում են գործել, և պարզապես ի վիճակի չես միայնակ դիմակայել: Խոսքն այստեղ առանձին դեպքերի մասին չէ, այլ ապրելու ընդհանուր փիլիսոփայության: Հուսով եմ՝ հոդվածը Ձեզ օգտակար կլինի և Ձեր վերաբերմունքը դժվարությունների հանդեպ մի փոքր կփոխի: