Որպեսզի մարդը կարողանա հաղթահարել իր սովորությունները, շատ կարևոր է, որպեսզի նա դուրս գա գիտակցական սահմանափակումից: Երբ ես ծառայում էի բանակում, առաջին բանը, որի վրա ուշադրություն դարձրեցի զորամաս մտնելու հաջորդ օրը՝ առավոտյան, սպիտակ պարիսպներն էին, որոնք պարփակում էին զորամասը: «Երկո՜ւ տարի ես անց եմ կացնելու այս պարիսպների մեջ…,- մտածում էի ես»:

Իրականում մեզնից շատերն իրենց ողջ կյանքն անց են կացնում գիտակցական նման պարիսպների մեջ: Ի տարբերություն իրական, ֆիզիկական պարիսպների, որոնք երևում են և ցանկության դեպքում կարող ես դրանք հատել՝ այս պարիսպներն անտեսանելի են, և հենց դրանում է կայանում խնդիրը: Մենք չենք գիտակցում, որ գտնվում ենք գիտակցական ինչ-որ սահմանափակ տարածությունում և լավագույն դեպքում պատից պատ ենք հասնում, բայց չենք անցնում:

Իսկ ինչպե՞ս հատել գիտակցական սահմանը, եթե այդ սահմանը մենք չենք տեսնում: Վերադառնանք ֆիզիկական սահմաններին (պարիսպներին): Երբ մենք հատում ենք պարիսպը, մեզ հետաքրքրում է ոչ թե պարիսպը, այլ այն, թե ինչ է գտնվում դրա մյուս կողմում: Մենք հատում ենք պարիսպը նպատակաուղղված: Մենք ուզում ենք տեսնել, ունենալ այն, ինչը չկա պարիսպների ներսում, սակայն կա մյուս կողմում: Նույն կերպ պետք է վարվել, երբ ուզում ենք հատել գիտակցական պարիսպները:

Մարդիկ

Գտեք մարդկանց, ովքեր տարբերվում են Ձեզնից և Ձեր շրջապատի մարդկանցից: Մեծ հավանականությամբ նրանք գտնվում են «պարսպի մյուս կողմում»: Շփվեք նրանց հետ, բացահայտեք, փորձեք հասկանալ: Տեսեք աշխարհը նրանց աչքերով: Լսեք նրանց խոսքերը, հետևեք նրանց գործողություններին: Մարդիկ, ովքեր արդեն հատել են պարիսպը, կսովորեցնեն Ձեզ տեսնել «անտեսանելի պարիսպը»:

Միջին կամ հարուստ ընտանիքում մեծացած երեխաները շատ դեպքերում չեն պատկերացնում, որ կան մարդիկ, որոնք ապրում են աղքատության մեջ. նրանք երբեք չեն անցել պարիսպը: Նմանապես՝ աղքատ ընտանիքում մեծացած մարդկանցից շատերն էլ չեն պատկերացնում, որ ներկայիս հարուստներից շատերը ժամանակին իրենց պես են եղել. նրանք նույնպես չեն անցել պարիսպը: Ծխող մարդը ծխում է իր պարիսպների ներսում, իր շրջապատում: Մարդը, ով դժգոհ է իր կյանքից, դժգոհ է իր պարիսպների ներսում:

Մարդկանց դերը որոշիչ է ներկայիս հասարակությունում: Գիտակցական սահմանները մենք կարող ենք հատել նաև իրադարձությունների ազդեցության տակ, սակայն իրադարձությունները, որոնք մեր կյանքում տեղի են ունենում, հաճախ տեղի են ունենում մեր կամքից անկախ, և պետք չէ դրանց սպասել: Սակայն պետք չէ նաև մտածել, որ բոլոր իրադարձություններն են տեղի ունենում մեր կամքից անկախ: Իրադարձությունների գերակշիռ մասի արմատներն ընկած են մեր անցյալում, մեր ապրելակերպում: Սակայն իրադարձությունները հիմնականում հետևանք են. առանցքայինը մարդիկ են: Շփվեք մարդկանց հետ, ովքեր տարբերվում են Ձեզնից, գտնվում են Ձեր գիտակցական պարիսպների մյուս կողմում:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: