Կամքի ուժի մասին պատկերացումները, կարծում եմ, երբեմն չեն համապատասխանում իրականությանը: Կամքի ուժը կարող է նույնականացվել նրա հետ, երբ որոշում ես ինչ-որ բան անել կամ չանել, և «ուժով», քեզ ստիպելով պետք է փորձես դա անել կամ չանել: Այսինքն՝ շեշտադրումը մարդկանց ենթագիտակցությունում հաճախ դրվում է «ուժ» բաղադրիչի վրա: Իսկ ի՞նչ ուժի մասին է խոսքը. չէ՞ որ չկա բնավորության այպիսի գիծ, որը կոչվում է «ուժ»: Մարդու բնավորության կամ ընդհանրապես նրա ո՞ր գծերն են մասնակցում Կամքի ուժի ձևավորմանը, որո՞նք են դրա բաղադրիչները: Այս ամենի մասին կխոսեմ հոդվածում:

Կամքի ուժի բանաձևը

Կամքի ուժը կազմված է երկու բաղադրիչներից՝ գիտակցում և համառություն: Երբ մարդիկ խոսում են «ուժի» մասին, նրանք հիմնականում պատկերացնում են համառությունը: Այսինքն, եթե ուզում ես թողնել ծխելը, ապա պետք է սկսես չծխել և այնքան համառ գտնվես, որ ամեն անգամ քեզ զսպես, դիմադրես ծխախոտը տեսնելու գայթակղությանը: Սակայն այստեղ բաց է թողնվում գլխավոր բաղադրիչներից մյուսը՝ գիտակցումը: Եթե գիտակցումդ այնքան մեծ է, որ դու հստակ հասկանում ես, թե ինչու չես ծխում, եթե դա խորը նստած է քեզ մեջ, ապա համառության կարիք նույնիսկ չկա էլ կամ դրա քիչ քանակը բավարար է: Չէ՞ որ մենք սովորաբար համառություն չենք ցուցաբերում, երբ, օրինակ, ժպտում ենք մարդկանց, քանի որ հստակ գիտակցում ենք ժպիտի կարևորությունը. դա տեղի է ունենում ինքնըստինքյան: Կամ մենք համառություն չենք ցուցաբերում, երբ որոշում ենք, որ մարդկանց պետք չէ հարվածել. դա մեր գիտակցության մեջ նստած է:

Եվ հակառակը՝ մեզ դժվար է հրաժարվել քաղցրավենիքից, քանի որ գիտակցումն այնքան էլ մեծ չէ. մենք պարզապես ընդհանուր լսել ենք, որ դա ինչ-ինչ առումներով վնաս է, գերացնում է, և այլն, և այլն, այդ պատճառով հույսը դնում ենք համառության վրա, քանի որ փոքր է գիտակցական բաղադրիչը: Իսկ եթե մենք փորձենք խորանալ թեմայի մեջ, հասկանանք, թե ինչու պետք չէ շատ քաղցրավենիք օգտագործել, պատկերացնենք դա հստակ, տեսնենք կյանքի այն իրավիճակները, երբ դա մեզ վնասում է, տեսնենք օրինակներ շրջապատում, այսինքն մեծացնենք գիտակցական մակարդակը, մեծ համառության կարիք այլևս չի լինի:

Կամքի ուժ = գիտակցում x համառություն

Սա Կամքի ուժի իմ բանաձևն է: Որքան մեծ է գիտակցումը, այնքան քիչ համառության կարիք կա: եվ հակառակը՝ որքան մեծ է համառությունը, այնքան գիտակցման դերը փոքր է: Եթե խոսենք սովորությունները ղեկավարելու իմ ունակության մասին, ինձ մոտ ավելի մեծ է գիտակցական բաղադրիչը, այդ պատճառով ես առանձնապես մեծ ջանքեր չեմ գործադրում, հսկայական համառություն չեմ ցուցաբերում, երբ որոշում եմ ինչ-որ բան անել կամ չանել: Համառությունն իմ դեպքում որոշիչ դեր է խաղում եզակի դեպքերում, երբ գիտակցումս փոքր է:

Եթե գիտակցումը զրո է, ապա որքան էլ մեծ լինի համառությունը, դրանց արտադրյալը կրկին զրո կլինի: Այսինքն, եթե դուք ընդհանրապես չեք գիտակցում, որ, օրինակ, ուշ քնելը վնաս է, այդ ուղղությամբ նույնիսկ չեք էլ մտածել, ապա ի՞նչ համառության մասին է խոսքը. դա մի բան է, որը Ձեզ համար նորմալ է, Դուք չեք ուզում դա փոխել, ուստի համառ լինել-չլինելու մասին խոսելն այստեղ անիմաստ է: Նույնը ճիշտ է հակառակի դեպքում:

Հետևություն

Եթե Դուք ինչ-որ բան եք ուզում անել կամ չանել և չի ստացվում, այսինքն Դուք կարծում եք, որ բավարար Կամքի ուժ չունեք, սկզբում պարզեք, թե որ բաղադրիչն է Ձեզ մոտ թույլ: Մեծագույն հաղթանակները լինում են այն ժամանակ, երբ մեծ է և՛ գիտակցումը, և՛ համառությունը: Որպես խորհուրդ կարող եմ ասել, որ ավելի հեշտ է Կամքի ուժը զարգացնել գիտակցական բաղադրիչի շնորհիվ՝ համառության դերը փոքրացնելով: Այսինքն՝ փորձեք հստակ վերլուծել և հասկանալ, թե Ձեր որոշումները ինչպես կարող են օգնել կամ վնասել Ձեզ, ինչպես դրանք կարող են ազդել Ձեր կյանքի վրա տարիներ անց, ինչ առավելություններ դրանք Ձեզ կտան հիմա, կյանքի ինչ իրավիճակների դրանք Ձեզ կարող են հասցնել, և այլն, և այլն: Երբ գիտակցումը մեծանա, կաճի նաև Ձեր կամքի ուժը:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: