
13 բան, որ հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն անում
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ ունեն առողջ սովորություններ: Նրանք ղեկավարում են իրենց զգացմունքները, մտքերը և վարքն այնպես, որ դա օգնի նրանց կյանքում հաջողության հասնել: Ձեզ ենք ներկայացնում 13 բաներ, որոնք այդպիսի մարդիկ սովորաբար չեն անում:
1. Նրանք ժամանակ չեն ծախսում իրենց խղճալու վրա
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն նստում և պարզապես ափսոսում իրենց կյանքի համար: Նրանք կախված չեն հանգամանքներից և իրենց հանդեպ այլոց վերաբերմունքից: Փոխարենը, նրանք վերցնում են պատասխանատվությունն իրենց ձեռքը՝ գիտակցելով, որ կյանքը միշտ չէ հեշտ և արդար:
2. Նրանք չեն ենթարկվում ուրիշների վերահսկողությանը
Նրանցից չես լսի այնպիսի բաներ, ինչպես, օրինակ, «Ղեկավարս ազդում է վրաս՝ ստիպելով ինձ վատ զգալ», քանի որ նրանք հասկանում են, որ իրենք վերահսկվում են միայն սեփական զգացմունքների կողմից, և ընտրությունը, թե ինչպես արձագանքել, իրենց ձեռքում է:
3. Նրանք չեն խուսափում փոփոխություններից
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն խուսափում փոփոխություններից: Հակառակը, նրանք ողջունում են դրական փոփոխությունները և պատրաստ են ճկուն լինել: Նրանք հասկանում են, որ փոփոխություններն անխուսափելի են և հավատում են, որ կարող են հարմարվել:
4. Նրանք չեն վատնում իրենց էներգիան այնպիսի բաների վրա, որոնք չեն կարող վերահսկել
Հոգեբանորեն ուժեղ մարդկանցից Դուք չեք լսի կորցրած ուղեբեռի կամ ճանապարհային խցանումների մասին բողոքներ: Փոխարենը, նրանք կենտրոնանում են այնպիսի բաների վրա, ինչը կարող են վերահսկել կյանքում: Նրանք ընդունում են, որ երբեմն միակ բանը, որ իրենք կարող են վերահսկել, իրենց վերաբերմունքն է:
5. Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ հասկանում են, որ իրենք կարիք չունեն միշտ բոլորին դուր գալու: Նրանք չեն վախենում ասել «ոչ» կամ անհրաժեշտության դեպքում՝ արտահայտել մտքերը: Նրանք ձգտում են լինել բարի և արդար, բայց եթե չի ստացվում դիմացինին երջանկացնել, նրանք ընդունում են դա:
6. Նրանք չեն վախենում խելամիտ ռիսկի դիմել
Նրանք չեն դիմում անխոհեմ, չհաշվարկված ռիսկերի, սակայն պատրաստ են դիմել խելամիտ ռիսկի: Մինչև վերջնական որոշում կայացնելը՝ հոգեբանորեն ուժեղ մարդիկ ժամանակ են ծախսում վտանգները և օգուտները գնահատելու համար, և մինչ սկսելը լիովին տեղյակ են հնարավոր ձախողման մասին:
7. Նրանք չեն ապրում անցյալով
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն ապրում անցյալով՝ ափսոսալով, որ այնտեղ ինչ-որ բան այնպես չի եղել: Նրանք ընդունում են անցյալը և կարող են ասել, թե ինչ դասեր են քաղել դրանից: Նրանք չեն ապրում ո՛չ անցյալի վատ հիշողություններով, ո՛չ էլ ապագայի մասին փայլուն պատկերացումներով: Նրանք ապրում են այսօրվա օրով և ապագան պլանավորելով:
8. Նրանք չեն կրկնում նույն սխալը մի քանի անգամ
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ ընդունում են պատասխանատվությունն իրենց գործողությունների և որոշումների համար, և սովորում են իրենց սխալների վրա: Արդյունքում, նրանք չեն կրկնում միևնույն սխալը կրկին և կրկին: Փոխարենը, նրանք առաջ են շարժվում՝ հետագայում ավելի ճիշտ որոշումներ կայացնելով:
9. Նրանք չեն նախանձում այլ մարդկանց հաջողություններին
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ պատրաստ են շնորհավորել, նշել այլ մարդկանց հաջողությունները: Նրանք չեն ճնշվում և իրենց խաբված չեն զգում, երբ ուրիշներն իրենցից առաջ են անցնում: Փոխարենը, նրանք հասկանում են, որ հաջողությունը գալիս է աշխատելով և համառությամբ, և պատրաստ են դրան՝ սեփական հաջողությանը հասնելու համար:
10. Նրանք չեն հանձնվում առաջին իսկ անհաջողությունից հետո
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն դիտարկում անհաջողությունը՝ որպես հանձնվելու պատճառ: Փոխարենը, նրանք օգտագործում են անհաջողությունն իրենց աճի և զարգացման համար: Նրանք պատրաստ են փորձել այնքան՝ մինչև հաջողության հասնեն:
11. Նրանք չեն վախենում միայնակ լինելուց
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ կարողանում են միայնակ մնալ: Նրանք չեն վախենում իրենց մտքերի հետ առանձնանալուց և կարող են այդ ժամանակն արդյունավետ օգտագործել: Նրանց բավարարում է սեփական ընկերակցությունը և նրանք կարողանում են երջանիկ լինել միայնակ:
12. Նրանք չեն զգում, որ աշխարհն իրենց ինչ-որ բան է պարտք
Հոգեբանորեն ուժեղ մարդիկ կյանքից իրավունքներ չեն պահանջում: Նրանք չունեն այն մտածելակերպը, որ ուրիշներն իրենց մասին պետք է հոգ տանեն կամ աշխարհն իրենց ինչ-որ բան է պարտք: Փոխարենը, նրանք փնտրում են հնարավորություններ՝ հիմնվելով սեփական արժանիքների վրա:
13. Նրանք չեն ակնկալում արագ արդյունքներ
Անկախ նրանից, թե ինչի վրա են նրանք աշխատում՝ առողջությունը բարելավելու, թե նոր բիզնես սկսելու, հոգեբանորեն ուժեղ մարդիկ չեն ակնկալում արագ արդյունքներ: Փոխարենը, նրանք օգտագործում են սեփական ժամանակն ու ունակություններն իրենց հնարավարությունների սահմաններում, և գիտակցում են, որ իրական փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: