
Մեր պահվածքը սահմանափակող գլխավոր պատճառներից մեկը. «ձախլիկների» կանոնը
Մեր պահվածքը հաճախ որոշվում է ոչ թե նրանով, թե ինչպես ենք մենք վերաբերվում նրան, ինչ անում ենք, այլ նրանով, թե ինչպես է տվյալ իրավիճակում իրեն պահում շրջապատը: Լինելով մեծ շրջապատի փոքր մաս՝ մենք պատճենահանում ենք մեծամասնության պահվածքը, գործողությունները, մտածելակերպը: Մենք վախենում ենք տարբերվել, երբ խոսքն առանցքային ինչ-որ հարցերի է վերաբերվում:
Մենք «վախենում ենք».
- ալկոհոլ չօգտագործել, երբ բոլորը խմում են,
- ամանորյա սեղանը շքեղ չլինի, երբ բոլորի մոտ շքեղ է,
- ուշ ամուսնանալ, քանի որ բոլորը շուտ են ամուսնանում,
- երեխային տարբերվող անուն դնել, քանի որ բոլորը անունների նույն ցանկից են ընտրում,
- այլ կրթություն ստանալ, երբ բոլորը նույն կրթությունն են ստանում,
- տարբեր հագնվել, երբ ընդունված ոճ կա,
- մեր մտքերն արտահայտել, եթե դրանք տարբերվող են:
«Ձախլիկների» կանոնը
Մարդկանց պահվածքը բնութագրող այդ կանոնը ես անվանել եմ «ձախլիկների» կանոն: Մարդկանց մեծ մասի մոտ որպես հիմնական՝ ակտիվ օգտագործվող ձեռք հանդես է գալիս աջ ձեռքը, որին ստանձնված է գերիշխող դերը: Մարդկանց մյուս մասին, ում մոտ հակառակն է (գերիշխողը ձախ ձեռքն է), մենք անվանում ենք «ձախլիկ»: Նրանք ինչ-որ կերպ առանձնանում են շրջապատից, ուշադրության են արժանանում, երբեմն շատերի մոտ էլ ընկալվում է, որ դա նորմայից ինչ-որ շեղում է, այդ մարդիկ ինչ-որ խնդիր ունեն: Բայց փաստը կայանում է նրանում, որ «ձախլիկ» մարդն ունի ճիշտ նույն հնարավորությունները, որոնք ունի «աջլիկ» մարդը. նույն կերպ կարողանում է գդալ բռնել, դուռը բացել, բարևել, մի խոսքով՝ լիարժեք օգտագործել իր ձեռքը: Այսինքն «ձախլիկները» չունեն որևէ սահմանափակում և չկա ապացույց, որ առավել է «աջլիկ» լինելը: Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ «աջլիկները» շատ են, իսկ «ձախլիկները»՝ քիչ:
Խնդիրը տարբերվելն է
Երբեմն խնդրի տպավորություն կարող է ստեղծվել միայն այն պատճառով, որ դու տարբերվում ես մարդկանց մեծ մասից: Դուք կարող եք լինել ճիշտ, նրանք՝ սխալ, բայց քանի որ նրանք շատ են, ուրեմն նրանք «ճիշտ» են, դուք՝ «սխալ»: Այս հոգեբանական կանոնը հաճախ ձևավորում է մեր սովորությունները: Շատ բաներ մենք կրկնօրինակում ենք՝ վախենալով «լինել ձախլիկ»: Շատ բաներ մենք անում ենք՝ առանց հասկանալու (մեր փոխարեն հասկացել է մեծամասնությունը): Ֆիլմի մի դրվագ եմ հիշում, երբ քարայծների խումբը, փախչելով գիշատչից և հետևելով առաջին մի քանի վազողին, թռնում է անդունդը, երբ վազելու այլ ուղղություններ կան: Այս պահվածքը հանդիպում է նաև մեր առօրյայում: Մենք վազում ենք՝ հետևելով խմբին:
Մի վախեցեք լինել «ձախլիկ»: Մտածեք ինքնուրույն, վերլուծեք ինքնուրույն, ապրեք ուրույն: