«Հրաշք տեղի ունեցավ և նրա եղբայրը 4 միլիոն ռուբլու պարտքերի մեջ հայտնվեց». այս խոսքերի վրա սկսեցի դիտել տեսանյութը, որում վարողը ներկայացնում էր ռուս երիտասարդի պատմությունը: Հրա՞շք… 4 միլիո՞ն պարտք (մոտ 32 միլիոն դրամ): Որոշեցի սկզբից դիտել:

Պարզվեց, որ խոսքը Դենիս անունով մի վարսահարդարի մասին է, ով աշխատում էր Մոսկվայի կենտրոնում գտնվող վարսահարդարման սրահներից մեկում, ուներ ամսական մոտ 100 հազար ռուբլի (800 հազար դրամ) եկամուտ, երազում էր ունենալ BMW մեքենա, չէր երազում սեփական բիզնեսի մասին և գոհ էր իր կայուն կյանքից: Ամեն ինչ փոխվում է մի օր, երբ նրա եղբայրը հայտնվում է մեծ պարտքերի մեջ: Վարսահարդարի աշխատանքով նման գումար աշխատել հնարավոր չէր, պարտքը չվերադարձնել նույնպես հնարավոր չէր, վաճառելու ոչինչ չկար և մնում էր միայն մեկ տարբերակ՝ որևէ գործ սկսել: «Հասկանո՞ւմ եք՝ այլընտրանք պարզապես չկար,- հիշում է նա ավելի ուշ:- Վերջ կայունությանը, վերջ հանգիստ կյանքին, առաջ դեպի անորոշություն»:

Սկսելուց մեկ տարի հետո Դենիսը արդեն որոշակի գումար էր աշխատում՝ միաժամանակ աշխատելով որպես վարսահարդար: Եվս մի քանի ամիս անց նա կայացնում է իր կյանքի դժվարագույն որոշումներից մեկը՝ թողնել վարսահարդարի աշխատանքը և զբաղվել միայն բիզնեսով: Նա երկար տրամադրվում է՝ մինչև կարողանում է ստորագրել աշխատանքի ազատման թղթերը: Կտրված էր կայունության վերջին թելը. նա ստիպված պետք է սեփական ուժերով ստեղծված իրավիճակից դուրս գար:

Մի քանի տարում բիզնեսն այնքան է բարգավաճում, որ նա փակում է բոլոր պարտքերը, բացում է սեփական գործարանը, գնում է սիրած BMW մեքենան, սկսում է ճանապարհորդել և բիզնեսն աճեցնել:

***

Զգացողությունները, որոնք ունեցա տեսանյութը դիտելիս, ինձ խորթ չէին: Կայունությունից հրաժարվելու որոշում ժամանակին ինքս էլ էի կայացրել, և մինչ օրս չի եղել մեկ վայրկյան, երբ դրա համար ափսոսացել եմ:

Դժվարությունները լավագույն մոտիվացիան են առաջ շարժվելու: Կայունությունը մեզ պահում է տաք, հարմարավետ սենյակում, երբ պատուհանից այն կողմ աշխարհը եռում է: Պատուհանից նայում ես դուրս և տեսնում, որ դրսում ցուրտ է, ձյուն է, բուք է. ինչո՞ւ դուրս գալ, ավելի լավ չէ՞ նստել տաք սենյակում, մեկ բաժակ տաք թեյ խմել և պատուհանից հետևել: Բայց հաճախ այդպես մենք մեր սեփական կյանքին ենք հետևում, որն անցնում է աչքերի առաջ: Մենք հետևում ենք այդպես քսան տարեկանում, հիսուն տարեկանում, ութսուն տարեկանում… Եթե ինչ-որ պահի մի մոլորված թռչուն պատահաբար հարվածեր և մեր պատուհանը կոտրեր, և սառը օդը թափանցեր ներս, մենք կբացականչեինք. «Ի՜նչ դժբախտություն…». մեր կայունությունը կխախտվեր: Սակայն այդպես մենք կզգայինք, թե ինչ է ցուրտը, դուրս կգայինք փողոց և ստիպված կլինեինք ինչ-որ բան մտածել: Մենք կփոխվեինք այնպես, որ նոր իրավիճակին հարմարվենք և կձգտեինք այնպես անել, որ հետագայում նման իրավիճակներին պատրաստ լինենք: Այդպես մենք մեր ուղեղի արգելակները կհանեինք, սեփական հնարավորությունները կընդլայնեինք, կաճեինք, ինչպես մեր հերոսը՝ ով հանգիստ նստած էր իր վարսահարդարման սրահում՝ մինչև «պարտք» անվամբ թռչունը «կոտրեց» նրա հարմարավետ սենյակի պատուհանը:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: