Հարվին աշխատանքի վայրում խնդիրներ ուներ: Վերջին ժամանակներս անընդհատ անհանգիստ էր. հիմար մտքերը պտտվում էին գլխում և հանգիստ չէին տալիս: Անցնում էին օրեր, բայց ամեն ինչ նույնն էր:

Դժվար պահերին Հարվին սիրում էր երաժշտություն լսել: Նա ուներ իր սիրած դաշնակահարը, որի մեղեդիներն իրեն հանգստացնում էին: Երբ խնդիրներ էր ունենում, միացնում էր երաժշտությունը, պառկում և փորձում անջատվել:

Այդ օրը, սովորականի պես, Հարվին վերադարձավ աշխատանքից, միացրեց երաշտությունը, պառկեց բազմոցին և փակեց աչքերը: Ուղեղը հանգիստ էր, փորձում էր խնդիրների մասին չմտածել, երաժշտությունը նրան այլ աշխարհ էր տեղափոխել, որտեղ խնդիրներ չեն լինում: Սիրած դաշնակահարի մեղեդիները փոխարինում էին մեկը մյուսին. Հարվիի աչքերը փակվում էին:

Հանկարծ հնչեց հերթական մեղեդին: Ամբողջ երգացանկից Հարվին չէր սիրում միայն այդ մեկը: Երբեք չէր սիրել, միշտ բաց էր թողնում այն, երբ հերթը դրան էր հասնում: Եվ ահա կրկին հնչում է: Ի՜նչ հիասթափություն… այժմ պետք է հետ վերադառնար իր աշխարհից, վեր կենար բազմոցից, մոտենար համակարգչին և փոխեր մեղեդին: Հարվին վեր կեցավ տեղից, բայց մի պահ սառեց…

Հանկարծ նրա մտքով անցավ, որ իրեն տեղից հանեց միայն այն մեղեդին, որն ինքը չէր սիրում: Նա ստիպված էր վեր կենալ և փոխել այն: Մյուս մեղեդիները, հակառակը, նրան լիցքաթափում էին, և նա ոչինչ չէր ուզում անել: Դրանք կարծես նրան ննջեցնում էին: Իսկ այս մեկը, որն իր համար «խնդիր» էր հանդիսանում, գործողության մղեց:

«Կյանքում նույնպես այդպես է,- մտածեց Հարվին,- խնդիրներն են, որ մեզ գործողությունների են մղում: Առանց խնդիրներ մենք կարծես լիցքաթափված ենք և կյանքը ննջած ենք անցկացնում: Խնդիրները ստիպում են մեզ «վեր կենալ տեղից» և ինչ-որ բան փոխել»:

Հարվին հասկացավ, որ աշխատանքի վայրում իր խնդիրներին պետք է այլ կերպ վերաբերվել: Նա այլևս չէր ուզում դրանց մասին չմտածել: Նա ուզում էր դրանք լուծել:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: