Երբ ես ինչ-որ նպատակի եմ հասնում՝ լինի դա մեծ կամ փոքր, միշտ վերլուծում եմ, թե որոնք էին այն հիմնական կետերը, որ օգնեցին ինձ տվյալ արդյունքին հասնել: Իսկ քանի որ նպատակներ ես հաճախակի եմ դնում, ապա այդ վերլուծությունների արդյունքում ստացվում է որոշակի օրինաչափություններ առանձնացնել: Դրանցից մեկը ես անվանել եմ երեք «Հ»-երի կանոն, որով էլ ուզում եմ Ձեզ հետ կիսվել:

Երեք «Հ»-երը բնավորության հետևյալ երեք գծերն են՝ համբերություն, համառություն, հանգստություն: Թե ինչպես է դրանցից յուրաքանչյուրն օգնում, կխոսեմ առանձին-առանձին:

Համբերություն

Նպատակները, որոնք մենք մեր առջև դնում ենք, հիմնականում երկարաժամկետ են: Գործողությունը, որը մենք կարող ենք կատարել մեկ շաբաթ հետո, այդքան էլ նպատակ չէ. դա կարելի է քայլ անվանել: Խնդիրը կայանում է նրանում, որ ինչ-որ բանի ձգտելիս՝ մենք միշտ շտապում ենք, արդյունքն ուզում ենք շուտ տեսնել, հաճույքը շուտ զգալ: Եվ երբ անցնում է ժամանակ և արդյունք չկա (իրականում՝ կա, սակայն դեռ անտեսանելի է), մենք հիասթափվում ենք և կիսատ թողնում ճանապարհը, որը սկսել էինք այդքան մեծ խանդավառությամբ:

Ես իմ մեջ ձևավորել եմ համբերատար լինելու ունակությունը: Նույնիսկ, եթե նպատակին հասնելու համար հինգ տարի է պահանջվելու, ես պատրաստ եմ ամեն օր քայլ առ քայլ շարժվել՝ չկորցնելով խանդավառությունը: Երբ արդյունքը միշտ աչքի առջև ես պահում, և նաև գիտես, թե ինչ ես անում, ժամանակը դառնում է երկրորդային, քանի որ ընթացքն արդեն հետաքրքիր է և հաճույք է պատճառում: Ես չեմ շտապում, քանի որ գիտեմ, եթե շտապեմ՝ կամ կսխալվեմ, կամ ուժասպառ կլինեմ, կամ հիմքն ամուր չեմ դնի: Եթե տվյալ նպատակին հասնելու համար ժամանակ է անհրաժեշտ, ես պատրաստ եմ համբերատար սպասել (իհարկե ոչ թե բազմոցին նստած, այլ գործելով):

Համառություն

Սա բնավորության լավագույն գծերից է, որն իմ կարծիքով ավելի մեծ արդյունքներ է ապահովում մարդու համար, քան խելքը, տաղանդը կամ մարդու՝ ցանկացած այլ բնավորության գիծ կամ ունակություն: Երբ մարդը համառ է, չստացվել պարզապես չի կարող: Ստացվելը միայն ժամանակի հարց է, քանի որ համառությունը «չհանձնվել» բառի հոմանիշն է. ընկար՝ կանգնեցիր, չստացվեց՝ կրկին փորձեցիր. այնքան՝ մինչև ստացվեց:

Իմ կյանքում բազմաթիվ են եղել դեպքերը, որ նպատակը, որն իմ առջև դրել եմ, ընդհանրապես չի համապատասխանել իմ անցյալին, կրթությանը, ունակություններին, ապրելակերպին, և դրան հասնելու համար անհրաժեշտ են եղել քայլեր, որոնք նախկինում չեմ արել: Դա նման է, եթե լողորդը որոշի սովորել շախմատ խաղալ և այդ ոլորտում մրցակցել, երբ արդեն պրոֆեսիոնալ շախմատիստներ կան: Նա պետք է անի դա քայլ առ քայլ, չհիասթափվի, քանի որ հենց սկզբից մրցակցել չի ստացվի: Նա պետք է համառ լինի այնքան, մինչև իր ներդրած ջանքերի և կանոնավոր գործողությունների շնորհիվ իր առջև դրած նշաձողը կանցնի:

Հանգստություն

Անկախ նրանից, թե ինչ նպատակ ենք մենք մեր առջև դնում, մենք միշտ էլ բախվելու ենք որոշակի հանգամանքների: Դրանք հայտնվելու են անսպասելի: Որքան էլ մենք փորձենք պլանավորել մեր ճանապարհը, հանգամանքները փորձելու են դուրս հրել մեզ դրանից: Հանգստությունը՝ մեր արձագանքն է հանգամանքներին: Դա մեր պատասխանն է, որն ասում է. «Դու կարող ես գալ և ինչպես եկել ես՝ հեռանալ, բայց ճանապարհից շեղել դու ինձ չես կարող, որովհետև ես գիտեմ, թե ինչ եմ ուզում և մտադիր եմ դրան հասնել»: «Ճանապարհից շեղելը» մենք առօրյայում անվանում ենք նաև «հունից հանել»: Կյանքում շատ բաներ կարող են մեզ հունից հանել, բայց դա մեր օգտին չէ: Նպատակին հասնելու համար պետք է հանգիստ լինել՝ հանգիստ ուղեղով և ներաշխարհով:

Իմ կյանքում եղել են դեպքեր, երբ ինձ մերժել են, խաբել, ուշացրել, անտեսել, և այլն, և այլն: Բայց այդ ամենին ես միշտ հանգիստ եմ վերաբերվել: Խնդրի կրկնությունը բացառելու ուղղությամբ իհարկե գործել եմ, բայց հանգիստ ուղեղով: Հանգստությունը հնարավորություն է տալիս չսխալվել: Երբ մենք հանգիստ չենք, ապա լարված ենք: Լարվածությունը կյանքի հաճույքը զգալու գլխավոր թշնամիներից է: Չէ՞ որ նպատակին հասնելու ընթացքը իրենով պետք է հաճույք պատճառի, իսկ այդ հաճույքը դուք կզգաք, եթե լինեք հանգիստ՝ անկախ նրանից, թե ինչ է ձեզ հետ պատահում:

Ահա բնավորության այս երեք գծերի մասին էի ուզում խոսել: Հիշեք՝ երկար ճանապարհները միանգամից չեն անցնում, համբերատար եղեք: Ճանապարհը երբեմն կարող է փակուղի տանել. եղեք այնքան համառ, որպեսզի հետ վերադառնաք և նորից սկսեք: Ճանապարհին Ձեզ կարող են շեղել. հանգիստ եղեք:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: