
Ինչպես են սոցիալական ցանցերը դանդաղեցնում մարդու աճը. 10 մտքեր
Այսօր պատրաստվում էի հոդված գրել այն մասին, թե ինչպես կարող են սոցիալական ցանցերն ազդել մարդու արդյունավետության, գործելու ցանկության, արագության, արդյունքների հասնելու վրա: Սակայն հասկացա, որ հոդվածը երկար կստացվի, և ընդհանուր միտքն ավելի հեշտ կարող եմ հասցնել պարզ, կարճ մտքերի տեսքով, որոնք մարդը կվերլուծի ինքնուրույն: Այդ պատճառով Ձեզ եմ ներկայացնում 10 մտքեր, որոնք, հուսով եմ, կփոխեն սոցիալական ցանցերի հանդեպ Ձեր վերաբերմունքը:
Կենտրոնացեք
Ուզո՞ւմ եք գործել: Մոռացեք շեղող հանգամանքների մասին և կենտրոնացեք գործի վրա:
Մի համեմատվեք
Սոցիալական ցանցերում մենք հետևում ենք «հերոսների», որոնցից միշտ հետ ենք, եթե համեմատվենք: Դուք կարող եք դառնալ Քըրք Քըրքորյան, բայց եթե ամեն օր նրա հետ համեմատվեք, միայն կճնշվեք, որ ճանապարհի վերջնակետից դեռ այդքան հեռու եք:
Ինքներդ Ձեզ մի խաբեք
Սոցիալական ցանցերում Ձեր կերպարը ոչ մի կերպ չի ազդում իրական կյանքում Ձեր՝ խնդիրները լուծելու ունակության վրա: Այն չի լուծի Ձեր առողջական խնդիրները, չի հանգստացնի Ձեր մարմինն ու մտքերը և չի պարգևի Ձեզ ֆինանսական անկախություն:
Ժամանակը Ձեզ հատկացրեք
Այն ժամանակը, որը հատկացնում եք ուրիշների կյանքին հետևելուն, խլում եք սեփական կյանքը բարելավելու ժամանակից: Արդյունքում ոչ մի կյանք էլ չի բարելավվում:
Խնայեք էներգիան
Մտքերն Էներգիա են խլում: Որքան շատ բանի մասին եք մտածում, այնքան շատ էներգիա եք սպառում:
Համբերատար եղեք
Եթե ուզում եք բարձրացնել սեփական նշանակալիության զգացումը, հասեք արդյունքների իրական կյանքում և Ձեզ կքննարկեն սոցիալական ցանցերում:
Լսեք սեփական ձայնը
Խմբային մտածելակերպը երբեմն խլացնում է սեփական ձայնը: Անջատեք արտաքին ձայները և մտածեք ինքնուրույն:
Տարբերեք ամենակարևորը
Առավոտյան մարդ պետք է արթնանա իր կարևորագույն նպատակի մասին մտքերով: Եթե առաջին բանը, որ Ձեր մտքով անցնում է, սոցիալական ցանցերն են, ուրեմն նպատակն այդքան ուժեղ չէ:
Մտածեք երկարաժամկետ
Սոցիալական ցանցերն ազդում են կոֆեինի պես: Տվյալ պահին դրանք աշխուժացնում են, ապա թուլացնում:
Գործիք մի դարձեք
Կյանքում միշտ ընտրության երկու հնարավորություն կա. կա՛մ մենք ծառայեցնում ենք տվյալ իրը որպես գործիք, կա՛մ ինքներս ենք դառնում գործիք: