Ես ինձ չեմ սիրում, երբ գործը կիսատ եմ թողնում: Սակայն ես ինձ ատում եմ, երբ գործը չեմ սկսում: Պատճառաբանությունները, թե ինչու այս կամ այն բանը պետք է չսկսել, կարելի է տասնյակներով մտածել (իմիջիայլոց` դրանք կլինեն շատ տրամաբանական հիմնավորումներ): Սակայն ես գիտեմ, որ այդ «տրամաբանական հիմնավորումների» հիմքում ընկած է հասարակ վախը՝ փոփոխության, հարմարավետության գոտուց դուրս գալու հանդեպ:

Մի ասացվածք կա.

Միշտ շարժվիր ճանապարհով, որն ամենից շատն է քեզ վախեցնում:

ես սա լիովին ընդունում և հասկանում եմ: Այն ճանապարհներով, որոնք մեզ չեն վախեցնում, բոլորն էլ կարող են շարժվել և մենք միշտ էլ կստանանք այն արդյունքները, որոնք ստանում են բոլորը: Մենք չենք ստանա նշանակալից արդյունքներ: Մենք չենք ապրի նշանակալից կյանք: Այդ պատճառով ես երբեք չեմ քողարկում իմ վախը պատճառաբանություններով: Ավելի լավ է ես անեմ և սխալվեմ, քան ոչինչ չանեմ: Սխալվելու հավանականությունն ամեն հաջորդ քայլի հետ նվազում է, քանի որ մենք փորձ ենք ձեռք բերում, լայնացնում ենք մտահորիզոնը: Այդ փորձն է, որ մեզ մոտ ձևավորում է ինտուիցիա, որը մեզ ուղղորդում է հետագայում:

Պատճառաբանություններն ինձ թուլացնում են: Որքան էլ անհավանական թվա մտահղացումը, այն իրականանալի է, եթե միայն սկսել: Ես ինքս ինձ բազմիցս դա ապացուցել եմ: Ես տեսել եմ նաև, թե ինչպես են դա անում շրջապատի մարդիկ: Ցավոք տեսել եմ նաև, թե ինչպես են պատճառաբանությունները, որոնք այդքան հեշտ է մտածել, կանգնեցնում այլ մարդկանց. մարդկանց, որոնցից շատերն ավելի խելացի, տաղանդավոր են, ավելի ունակ են տվյալ մտահղացումն իրականացնելու, քան նրանք, ովքեր անում են, սակայն նրանց խանգարում է այն, որ նրանք միշտ ապրել են սահմանից այս կողմ և վախենում են ոտքն այն կողմ մեկնել: Գիտե՞ք ինչ օրինաչափություն կա: Անցնում ես սահմանը մեկ անգամ, երկու անգամ, երեք անգամ, և դա դառնում է սովորություն: Սահմանները ջնջվում են: Հիշե՛ք սա:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: