Սովորությունը բնազդ է, որը մեզ ստիպում է անել միևնույն բանը՝ հնարավորինս քիչ մտածելով: Երբ մենք որևէ քայլ ենք կատարում, դրանից առաջ մենք մտածում ենք: Օրինակ, երբ նորաբաց ռեստորանում մենք պատրաստվում ենք ուտեստ պատվիրել, նախապես մտածում ենք, դիտարկում ենք տարբերակներ, ընտրում ենք և միայն վերջում՝ կատարում ենք քայլը՝ պատվիրում ենք: Այդ ընթացքում մեր ուղեղն աշխատում է որոշակիորեն ծանրաբեռնված: Սակայն մենք ավելի քիչ ենք մտածում, երբ պատվիրում ենք մեր մշտական ուտեստներից մեկն այն ռեստորանում, որը միշտ հաճախել ենք: Ավելի քիչ մտածում ենք այն ժամանակ, երբ պատրաստվում ենք բռնել պատառաքաղը, ուտելիքն ափսեից հասցնել բերան, ծամել, և այլն, և այլն: Այդ ընթացքում ուղեղն ավելի քիչ է ծանրաբեռնված, քանի որ քայլերի հերթականությունը ստացվում է, կարծես, մեխանիկորեն: Դա պայմանավորված է նրանով, որ միևնույն բանը մենք արել ենք բազմաթիվ անգամներ և մտածելու կարիք այլևս չունենք: Այսինքն՝ սովորությունը փոքրացնում է մեր ուղեղի ծանրաբեռնվածությունը և մենք քայլը կատարելուց առաջ քիչ ենք մտածում:

Դա կարող է ունենալ և՛ բացասական, և՛ դրական ազդեցություն: Դրա մասին երկար խոսվում է «Կամքի ուժ» գրքում, սակայն որպեսզի կարճ նկարագրեմ այդ ազդեցությունը, խորհուրդ կտամ դիտել հատված «Փախուստի պլանը» ֆիլմից: Տեղափոխեք ֆիլմի այս դրվագի փիլիսոփայությունը Ձեր կյանքի տարբեր ոլորտներ:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: