
12 խորհուրդ, որոնք կօգնեն Ձեզ թողնել ծխելը
1. Ազդեցություն ստեղծում եք ինքներդ
Երբեմն կարող է տպավորություն առաջանալ, որ ծխող մարդն ավելի ուժեղ, ինքնուրույն և հետաքրքիր է: Նույնիսկ եթե այդպես է, դա ոչ մի կապ չունի ծխելու հետ: Ուժեղ, ինքնուրույն և հետաքրքիր մարդուն դարձնում են իր գործերն ու բնավորությունը, իսկ դա որևէ առնչություն չունի ծխելու հետ:
2. Հոգ տարեք այլոց մասին
Միայն չծխելով՝ Դուք հոգ եք տանում այլ մարդկանց մասին: Դրանք և՛ Ձեր հարազատներն են, և՛ պատահական մարդիկ: Վերաբերվեք «մի ծխիր»-ին ինչպես «մի վնասիր»-ին:
3. Թեթևացրեք ուղեղի ծանրաբեռնվածությունը
Օրվա ընթացքում մենք այնքան «պարտականություններ» ունենք, այնքան բաների մասին պետք է հիշենք` սնվել, զանգահարել, դեղերը խմել, ատամները մաքրել, չուշանալ աշխատանքից, չմոռանալ շնորհավորել, վճարումները կատարել, մեքենան լիցքավորել, և այլն, և այլն: Մի ծանրաբեռնեք Ձեր ուղեղը ևս մեկ մտածմունքով:
4. Սուրճը ջրի հետ խմեք
Հիշեք՝ լավագույն համադրությունը ոչ թե սուրճ-ծխախոտ, այլ սուրճ-ջուր համադրությունն է: Սուրճը ջրազրկում է, ուստի ջրի այդ պակասը լրացրեք (հատկապես` ամռանը):
5. Դարձրեք Ձեր կյանքն ավելի հետաքրքիր և իմաստալից
Հաճախ ծխելը միապաղաղությունը կոտրելու միջոց է: Այցելեք նոր վայրեր, նոր մարդկանց հետ շփվեք, և պարտադիր չէ, որ դա լինի ճանապարհորդություն: Նոր մտահղացումներ, հոբիներ ձեռք բերեք, նոր ֆիլմեր, ներկայացումներ դիտեք, նոր գրքեր կարդացեք, փոխեք միապաղաղ կյանքը:
6. Մի մոռացեք Կամքի ուժի մասին
Այսօր չի ստացվում թողնել ծխելը, վաղը չի ստացվի դիմակայել որևէ այլ վնասակար սովորության կամ արարքի հանդեպ գայթակղությանը: Դրա մասին դուք այս պահին չեք մտածում, բայց իրավիճակը կգա առանց Ձեզ հարցնելու:
7. Խնայեք գումարը
Օրական ծախսվող գումարը մեկ տարի խնայեք և ոչ մի դեպքում մի ծախսեք: Մեկ տարի հետո կուտակած գումարով Ձեր փոքրիկ գործը սկսեք, ստուգեք Ձեր ուժերն ու երևակայությունը:
8. Խնայեք ժամանակը
Ծխախոտը ձեռքին պահած 5-ական րոպեները փոխարինեք գործերի առաջընթացին ուղղված մտորումների օրական 1 ժամով: Ծխախոտն ավելի լավը չի դարձնում Ձեր կյանքը, գործերը՝ կարող են դարձնել:
9. Ազատեք գրպանը
Գրպանում մի քանի հեռախոս, բանալիներ, դրամապանակ պահելուց բացի դուք ստիպված եք Ձեզ մոտ պահել նաև այդ «ավելորդ» տուփը: Ծխախոտից ազատվելով՝ ինչպես Ձեր ուղեղն է ազատվում մտքերից, այնպես էլ Ձեր մարմինն է ազատվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որքան էլ այն չնչին թվա:
10. Տարբերվեք
Հասարակությունը մենք ենք, մեզնից յուրաքանչյուրը: Բայց նույնիսկ գիտակցելով դա՝ մենք ուզում ենք տարբերվել հասարակությունից: Այսօր տարբերվելու ձևը չծխելն է, այլ ոչ թե ծխելը:
11. Երկար ապրեք և վայելեք կյանքը
Կյանքի վերջնակետում բոլորն են պատրաստ իրենց ողջ ունեցվածքը տալ՝ միայն թե մի փոքր էլ ապրեն, ևս մի քանի լուսաբաց դիմավորեն, հարազատների ձայները լսեն, աշխատանքի գնան, զբոսնեն: Մի վտանգեք այդ ամենը:
12. Որոշում կայացրեք ինքներդ
Ես միայն բարձրաձայն մտածում եմ, տալիս Ձեզ մտածելու տեղիք, ես չեմ դատապարտում և մարդկանց տեսակների չեմ բաժանում, ես վստահ եմ, որ ինչ-որ պահի Դուք ինքներդ կվերլուծեք և որոշում կկայացնեք: Ամենալավ պահը որոշում կայացնելու համար՝ հիմա: