Մի անգամ պատահաբար ես հանդիպեցի «Աբայի որդին» վեպի սերբերեն թարգմանությանը, որի հեղինակը հունգարացի հայտնի գրող Ջոսիկան էր: Այդ ստեղծագործությունն իմ մեջ ինչ-որ կերպ արթնացրեց վաղուց ննջած կամային հատկանիշները, և ես սկսեցի սովորել ինքնատիրապետման արվեստը: Սկզբում իմ որոշումները հալչում էին, ինչպես ձյունն ապրիլին, սակայն որոշ ժամանակ անց ես սկսեցի հաղթահարել իմ թուլությունը և զգացի մի հաճույք, որը նախկինում երբեք չէի զգացել. անել այն, ինչ ուզում ես: Ժամանակի ընթացքում կամային այդ մտավոր վարժությունը դարձավ իմ երկրորդ էությունը: Սկզբում ես ստիպված էի պայքարի մեջ մտնել ցանկություններիս հետ, բայց աստիճանաբար ցանկությունները սկսեցին համընկնել կամային ձգտումներիս հետ: Մի քանի տարվա մարզումներից հետո ես հասա սեփական անձի նկատմամբ այնպիսի լիակատար տիրապետման, որ հեշտությամբ կարողանում էի ղեկավարել այնպիսի կրքոտ ցանկություններ, որոնք նույնիսկ ամենաուժեղ մարդկանց համար մահ էին նշանակում:

Մի ժամանակ ես կախվածություն ունեի մոլի խաղերից, ինչը ծնողներիս շատ էր անհանգստացնում: Խաղաքարտերի սեղանի շուրջ նստելն ինձ համար մեծագույն հաճույք էր: Հայրս օրինակելի կյանքով էր ապրում և չէր կարողանում ներել ինձ ժամանակի և գումարի անտեղի վատնումը, ինչում ես ինձ լիակատար ազատություն էի տվել: Ես լի էի վճռականությամբ, բայց իմ փաստարկները թույլ էին թվում: Ես սովորաբար ասում էի նրան. «Ես կարող եմ կանգ առնել, երբ ցանկանամ, բայց արժե՞ արդյոք հրաժարվել մի բանից, ինչը դրախտային հաճույք է պատճառում»: Հաճախ էր պատահում, որ հայրս չէր կարողանում զսպել զայրույթը, բայց մայրս այլ մարդ էր: Նա հասկանում էր մարդու էությունը և գիտեր, որ մարդու փրկությունը կարող է գալ միայն այն ժամանակ, երբ նա ինքն է ուզում: Ես հիշում եմ այն օրը, երբ տանուլ տվեցի մոտս եղած ողջ գումարը և աղաչում էի մորս հնարավորություն տալ ինձ շարունակել խաղալ: Նա ինձ մոտ եկավ գումարի մի կապոցով և ասաց. «Գնա և հաճույք ստացիր: Որքան շուտ ամբողջը տանուլ տաս, այնքան ավելի լավ: Ես գիտեմ, որ դու կհասկանաս և դրանից դաս կքաղես»: Եվ նա ճիշտ էր: Այդ օրն այդ խաղում ես հաղթահարեցի իմ կրքոտ ցանկությունը: Եվ ոչ միայն ճնշեցի, այլև ամբողջությամբ հանեցի սրտիցս, որպեսզի ցանկության որևէ նշույլ անգամ չմնա: Այդ օրվանից ամեն տեսակի մոլի խաղերն ինձ մոտ նույնքան քիչ հետաքրքրություն են ներկայացնում, որքան ատամների արանքում քչփորելը:

Մի ժամանակ ես չափից շատ էի ծխում, ինչը սպառնում էր քայքայել առողջությունս: Այդ ժամանակ գլուխ բարձրացրեց կամքս, և ես ոչ միայն դադարեցի ծխել, այլ նաև ճնշեցի իմ մեջ դրա հանդեպ որևէ ցանկություն: Շատ վաղուց ես տառապում էի սրտի հիվանդությամբ՝ մինչև չբացահայտեցի, որ պատճառն ամեն առավոտ խմված սուրճի մեկ անմեղ բաժակն էր: Ես անմիջապես դադարեցի սուրճ խմել, չնայած, խոստովանեմ, որ դա հեշտ գործ չէր: Այդպես ես ստուգում և ճնշում էի նաև այլ սովորություններ և կրքոտ ցանկություններ, և ոչ միայն պահպանեցի կյանքս, այլև ստացա գերագույն հաճույք մի բանից, ինչը մարդկանց մեծամասնությունը համարում է զրկանք կամ զոհողություն:

Հատված Նիկոլա Տեսլայի «Իմ հայտնագործությունները» ինքնակենսագրականից, 1919 թ.: