Անհնար է, քանի դեռ չես արել
Հավաքվում են մի օր մի քանի գորտեր և սկսում խոսել:
— Ափսո՛ս, որ մենք ապրում ենք այս փոքր ճահճում: Ա՜խ, եթե հասնեինք հարևան ճահիճ… այնտեղ շա՛տ ավելի լավ է, կվա-կվա, — ասում է գորտերից մեկը:
— Իսկ ես լսել եմ, որ այս լեռներում մի մաքուր լճակ կա, որտեղ չկան չարաճճի տղաներ, — ավելացնում է մյուսը:
— Իսկ ձեզ ի՞նչ, — մեջ է ընկնում մեծ դոդոշը, — միևնույն է` դուք երբեք չեք հասնի այնտեղ:
— Ինչո՞ւ չենք հասնի, մենք գորտե՛ր ենք և կարո՛ղ ենք ամեն ինչ, — բացականչում է գորտերից մեկը, — եկեք գնանք և ապացուցենք բոլորին, որ մենք կարող ենք:
— Ուրեմն գնացի՜նք, բոլորս դեպի մեծ, մաքուր լճակ, — բացականչում են գորտերը:
Մեծ դոդոշը պատմում է ճահճի մյուս բնակիչներին գորտերի «հիմար նախաձեռնության» մասին և երբ գորտերը ճանապարհ են ընկնում, ճահճում մնացածները նրանց հետևից գոռում են.
— Այդ ու՜ր եք գնում, գորտեր, դա անհնա՛ր է: Դուք չեք հասնի լճակին, ետ եկեք, հանգիստ նստեք ձեր տեղում:
Բայց գորտերը ճանապարհ են ընկնում: Օրեր շարունակ նրանք գնում են, գնում, սակայն գրեթե բոլորը հետ են վերադառնում հարազատ ճահիճ: Գորտերից միայն մեկին է հաջողվում հետ չկանգնել ճանապարհից և մինչև վերջ գնալ` հասնելով մաքուր, գեղեցիկ լճակին:
Ինչո՞ւ հենց նա: Պարզավում է` այդ գորտը խուլ էր: Նա չէր լսել գորտերի խոսակցությունը և չգիտեր, որ դա անհնար է, այդ պատճառով էլ կարողացավ հեշտությամբ հասնել իր նպատակին:
Հ.Գ.
Տարբեր ազդեցությունների արդյունքում հաճախ մեզ թվում է, որ կան բաներ, որոնք մենք չենք կարող: Այդպիսի բաներ իհարկե կլինեն, սակայն այն, ինչը հիմնականում մենք անհնար ենք համարում, մեր ուժերի սահմաններում է: