Փոփոխությունները սկսելու համար համարձակություն է պետք: Համարձակությունը վախի բացակայությունը չէ: Համարձակությունը քայլի կատարումն է նույնիսկ վախի պարագայում: Կան զգացողություններ, որոնք հաղթում են վախը: Ահա դրանցից 5-ը.

1. «Ժամանակը հոսում է»

Զգացողությունը, որ ժամանակն անցնում է, և մի օր մենք կափսոսանք չարվածի համար, երբեմն այնքան ուժեղ է, որ վախը պարզապես կուչ է գալիս մեր հոգու անկյուններից մեկում:

2. «Ինչու ոչ ես»

Մենք դժվար ենք հարմարվում այն մտքի հետ, որ ինչ-որ մեկը կարող է, իսկ մենք՝ ոչ: Այս զգացողությունը երբեմն մեր մեջ զայրույթ է առաջացնում: Այդ զայրույթը դրական է, եթե այն կարճ է տևում: Այն պետք է հրի մեզ և մի կողմ քաշվի. այնքան ուժեղ հրի, որ մենք հաղթահարենք վախը:

3. «Հանուն հարազատների»

Մեր հարազատներն արժանի են լավագույնին: Այդպես բոլորս ենք մտածում, և դա վատ չէ: Այն զգացողությունը, որ մենք չենք կարող ապահովել մեր հարազատների համար այն կյանքը, որը նրանք երազում են, կարող է ցանկացած վախ ոչնչացնել:

4. «Ես ուզում եմ փորձել»

Այս զգացողությունը ծնվում է այն ժամանակ, երբ մենք երկար ժամանակ նույն կյանքով ենք ապրում: Ձանձրույթը դանդաղորեն սպանում է մեզ, մենք հոգնում ենք կայունությունից: Մենք ուզում ենք արտասովոր ինչ-որ բան, նոր զգացումներ: Եվ երբ նորը փորձելու այս զգացողությունը հասնում է իր գագաթնակետին, վախը չի կարող կանգնեցնել մեզ:

5. «Ես ունեմ առաքելություն»

Մենք երկար ժամանակ կարող ենք ապրել մտածելով, որ կյանքը զվարճանքներն են, կուշտ ուտելը, գլխավերևում տանիք ունենալը, տաք ապրելը: Սակայն գալիս է մի պահ, երբ ամբողջ հոգով զգում ես, որ դու ունես առաքելություն և անցյալում կատարվածը ոչինչ է այն բանի հանդեպ, թե ինչ է քեզ սպասվում առջևում: Այդ զգացողության շարժիչ ուժն այնքան մեծ է, որ վախը ոչինչ չի կարող անել:

Սրանք 5 զգացողություններ էին, որոնք ավելի ուժեղ են, քան վախը: Կյանքի ինչ-որ պահերին վախենում են բոլորը. վախեցեք, բայց շարժվեք առաջ:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: