Երբեմն ես խախտում եմ այն սովորությունները, որոնք ունեմ: Դա ինձ տալիս է զգացում, որ ցանկացած պահի ես կարող եմ վերանայել իմ տեսակետերը (եթե անհրաժեշտություն լինի), այլ ոչ թե կուրորեն հետևել դրանց: Դա չի նշանակում, որ այն, ինչ ես հիմա անում եմ, համարում եմ սխալ: Սովորությունները, որոնք այս պահին ունեմ, համարում եմ դրական, օգտակար, արդյունավետ, բայց պատրաստ եմ վերանայել դրանք, եթե համապատասխան առիթ լինի:

Օրինակ, առավոտյան մեկ բաժակ ջուր խմելն իմ հիմնական սովորություններից է: Բայց եթե ես լինեի, օրինակ, Հիտլերը, այդ սովորությունը կարող էր ինձ սպանել, եթե ինչ-որ մեկը որոշեր այդ եղանակով թունավորել ինձ:

Իմ սովորություններից է նաև շատ քայլելը: Բայց ես պատրաստ եմ հրաժարվել նաև այդ սովորությունից, եթե պարզվի, որ ինչ-ինչ պատճառով այն վնասում է օրգանիզմիս: Աշխատասիրությունը նույնպես լավ սովորություն է: Բայց դրա չափաբաժինը նույնպես պատրաստ եմ քչացնել, եթե պարզվի, որ դրանից տուժում է ընտանիքս: Հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը: Մենք պետք է կախում չունենանք մեր կոնկրետ վարքագծից կամ մտածելակերպից: Այս պահին դա ճիշտ է, այդ պատճառով էլ կիրառում ենք, հաջորդ պահին ինչ-որ բան կփոխվի, կսկսենք մտածել փոփոխության մասին:

Շատերը չեն կշտանում առանց հաց կամ միս ուտելու: Բայց դա չպետք է մարդուն տենդի մեջ գցի, երբ նա մեկ շաբաթով մի վայրում հայտնվի, որտեղ չկա հաց և միս: Ես ինձ համար ստեղծել եմ աշխատասենյակ, որտեղ ինձ լավ եմ զգում: Այդ աշխատասենյակում գործերս լավ են ստացվում, քանի որ այնտեղ ես ինձ հարմարավետ և ազատ եմ զգում: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է մեկ ամիս չաշխատեմ կամ անարդյունավետ աշխատեմ, եթե աշխատասենյակս վերանորոգման մեջ լինի: Ես պետք է կարողանամ աշխատել ցանկացած վայրից, եթե համակարգիչը մոտս լինի: Ես պետք է աշխատեմ թուղթ ու գրչով, նույնիսկ եթե համակարգիչ չլինի: Այսինքն մենք պետք է ոչ թե գամված լինենք մեր սովորություններին, այլ բռնած: Այս պահին բռնել ենք, անհրաժեշտ լինի բաց կթողնենք: Իսկ եթե գամված ենք, որքան էլ փորձենք մեզ այս ու այն կողմ շարժել, միևնույն է չենք տեղաշարժվի:

Այսինքն սովորությունները պետք է ղեկավարվեն գլխից: Դրանց ղեկավարման վահանակը պետք է լինի գիտակցության ձեռքին, այլ ոչ թե ենթագիտակցության: Անհրաժեշտ է փոխե՞լ՝ արագ կփոխենք: Անհրաժեշտ է անջատե՞լ՝ արագ կանջատենք: Անհրաժեշտ է ֆիլմը կիսատ թողե՞լ, քանի որ անհետաքրքիր է՝ այլ ֆիլմ կփոխենք, այլ ոչ թե եղածը կդիտենք մինչև վերջ, քանի որ սկսել ենք: Այնպես որ, ունեցեք սովորություններ, բայց դրանցից կախում մի ունեցեք:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: