Կյանքում արդյունքների հասնելու համար շատ կարևոր է ամեն օր թեկուզ չնչին, բայց որոշակի աճ ունենալ: Անհրաժեշտ է ամեն օր ևս մեկ քայլ կատարել դեպի մեծ նպատակը, որպեսզի արդյունավետ լինելը սովորություն դարձնել: Ահա 5 սովորություններ, որոնք դրանում Ձեզ կօգնեն:

Կարևոր գործերն՝ առաջին հերթին

Շատ մարդիկ կարևոր գործերը որոշում են հետաձգել «վաղվան» կամ անել «հետո»: Բայց խնդիրը հենց նրանումն է, որ գործերը «վաղվան» տեղափոխելը կարող է անվերջ շարունակվել: Ուզո՞ւմ եք փոխել Ձեր կյանքը. սկսեք խնդիրները լուծել հենց հիմա, այլ ոչ թե հաջորդ երկուշաբթի: Միշտ սկսեք ամենակարևոր և դժվար գործերից: Այդ դեպքում Ձեր մյուս գործերն ավելի արագ և հեշտ կստացվեն:

Պատասխանատվությունը միշտ Ձեզ վրա վերցրեք

Երբեմն բռնացնո՞ւմ եք Ձեզ մտքի վրա, որ սեփական անհաջողությունների և վրիպումների համար մեղադրում եք ուրիշներին: Շտապ Ձեր ներքին երկխոսությունն այլ մակարդակ տեղափոխեք: Օրինակ, հարցրեք ինքներդ Ձեզ. «Ի՞նչ անեմ, որպեսզի իրավիճակը շտկեմ»: Հարցրեք և պատասխաններ փնտրեք:

Հասնելուց հետո կանգ մի առեք

Կյանքը՝ շարժում է դեպի առաջ: Մի մնացեք տեղում, այլապես կարող եք այդպես երկար մնալ: Կանգնած ջուրը ժամանակի ընթացքում վատ հոտ է արձակում, և միայն գետում է այն սառը և թարմ մնում: Եթե զգում եք, որ օրերը դարձել են ձանձրալի և միանման, շտապ նոր բան ձեռնարկեք: Հոգնածությունը, որն առաջանում է միապաղաղության արդյունքում, կարող է շատ արագ կուտակվել և սկսել Ձեր ուժերն ու էներգիան ուտել: Փորձեք անել այն, ինչով նախկինում երբեք չեք զբաղվել: Արեք այն, ինչ Ձեր սիրտը միշտ ուզել է, բայց ժամանակ չեք ունեցել անել:

Սովորեք ամեն օր

Հաջողակ դառնում են նրանք, ովքեր օգտագործում են նորագույն և ամենաարդյունավետ մեթոդներն իրենց նպատակներին հասնելու համար: Մի ամաչեք ցանկացած տարիքում սովորելուց: Կյանքից հետ չմնալու համար անհրաժեշտ է անընդհատ սովորել և կիրառել: Իհարկե, կարելի է սեփական սխալների վրա սովորել, բայց որքա՞ն ժամանակ և ջանք դա Ձեզնից կպահանջի: Ավելի արագ և արդյունավետ կստացվի, եթե սկսեք ուրիշների փորձն օգտագործել: Եթե նրանց մոտ ստացվել է, ուրեմն Ձեզ մոտ էլ անպայման կստացվի:

Ժամանակ հատկացրեք Ձեր երազանքներին

Խելահեղ արագությունների այս դարում հաճախ մենք էլ ավտոմատ կերպով մտնում ենք այդ վազքի մեջ՝ մոռանալով այն երազանքների և նպատակների մասին, որոնք ժամանակին ստիպում էին մեր սրտերն արագ բաբախել: Օրինակ, ուզում էինք փոքրիկ, հարմարավետ առանձնատուն ունենալ, բայց փոխարենը լցնում ենք մեր բնակարանը գերժամանակակից եվրո-կահույքով: Կամ ուզում էինք աշխատել որպես էքսկուրսավար, տուրիստների հետ շփվել, բայց աշխատում ենք հարկային տեսչությունում: Մի պահ կանգ առեք և մտածեք՝ ի՞նչն է Ձեր ներսում վառ զգացմունքներ առաջացնում: Մի հետաձգեք Ձեր երազանքները «վաղվան», սկսեք ապրել «այստեղ» և «հիմա»:

Հ.Գ.
Հարգելի ընթերցող, կյանքի գլխավոր փոփոխություններից առաջ հարյուրավոր պատճառներ կարելի է մտածել, թե ինչու այս կամ այն բանը պետք է չանել, բայց Ձեզ պետք է ընդամենը մեկ հզոր պատճառ գտնել, թե ինչու պետք է անել: