Վերջերս մի ֆիլմ էի դիտում ամերիկացի մի տղամարդու մասին, ով հմուտ խարդախ է, և ունենալով ճկուն մտածելակերպ՝ կարողանում է դուրս գալ տարբեր դժվար իրավիճակներից: Խարդախության համար նա բազմիցս դատապարտվում և հայտնվում է բանտում, սակայն կարողանում է մի քանի փախուստ կազմակերպել՝ առանց որևէ բռնության: Ավելի ուշագրավ է նրա վերջին փախուստը: Գտնվելով բանտում՝ նա կարողանում է կեղծել հիվանդության դեմ ստուգման իր արդյունքները՝ համոզելով բոլորին, որ անբուժելի հիվանդ է: Ապա սկսում է արհեստականորեն նիհարել, թուլանալ, վատ զգալ, և նրան տեղափոխում են բանտի հիվանդանոց:

Մոտ մեկ տարի նա խաղում է իր դերը՝ գամված լինելով անկողնուն: Լինում են շաբաթներ, երբ նա ընդհանրապես վեր չի կենում տեղից: Մոտ մեկ տարի հետո նրա վիճակն «այնպես է վատանում», որ բժիշկները կարծում են, թե նրա կյանքին մի քանի շաբաթ է մնացել: Նրան ազատում են բանտից՝ տեղափոխելով այլ հաստատություն, որտեղ մահամերձ հիվանդների վրա, սեփական համաձայնությամբ, բժշկական փորձարկումներ են կատարվում: Նրան հաջողվում է հանգիստ դուրս գալ այդ՝ ավելի թույլ պաշտպանված վայրից՝ կեղծելով սեփական մահվան վկայականը:

Այս պատմության մեջ ինձ ապշեցրեց համբերությունը, որով մարդը կարողացել է մեկ տարի պառկած մնալ, խաղալ իր դերը՝ հանուն նպատակի: Ես կուզեի, որ նման համբերությամբ օժտված լինենք բոլորս՝ կյանքի ավելի թեթև, ամենօրյա իրավիճակներում: Մենք ուզում ենք ամեն ինչ ստանալ արագ և միանգամից. արագ առողջանանք, արագ հարստանանք, արագ երջանկանանք, արագ հասնենք մեր բոլոր նպատակներին: Բայց քչերն են պատրաստ այդ ամենին հասնել քայլ առ քայլ, բարձրանալով աստիճան առ աստիճան, բայց հենց այս ճանապարհն է ամենաարդյունավետը: Օրինակները բազմաթիվ են: Սարսափելի ավտովթարից հետո մեր հայրենակցուհին տարիներով աշխատում է իր վրա՝ մինչև ապաքինվի: Ահա նրա պատմությունը ներկայացնող հոդվածը, եթե դեռ ծանոթ չեք: Մեր հանրահայտ հայրենակից Քըրք Քըրքորյանը, մինչև իր հսկայական կարողությունը ստեղծելը, զբաղվել է ամեն ինչով, նույնիսկ ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել՝ վտանգելով կյանքը, համբերատար առաջ է շարժվել և հասել է այն ամենին, ինչին հասել է: Տիբեթյան վանականները, որպեսզի վերագտնեն իրենց, ամիսներով կարող են միայնակ անցկացնել Հիմալայների քարանձավներում՝ առանց շտապելու հետ վերադառնալ:

Ունենալ նպատակներ, լինել համբերատար, բայց համառ. սա է բանաձևը, որն առօրյայում կօգնի Ձեզ հաղթել: Մեր օրերում համբերությունը երբեմն բացասական է գնահատվում՝ դրականի փոխարեն, դիտարկվում է որպես բնավորության թույլ գիծ՝ ուժեղի փոխարեն, սակայն դրան ուշադրություն մի դարձրեք: Եթե Դուք անընդհատ շարժման մեջ եք, արագությունն ամենակարևորը չէ: Արագությունն աստիճանաբար պետք է ավելացնել: Պետք չէ ձգտել սլանալ հենց սկզբից: Ինչ-որ պահից սկսած Դուք անպայման կսլանաք, բայց մինչ այդ եղեք համբերատար:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: