Ես վաղուց եմ հասկացել, որ կյանքն արդյունավետ ապրելու լավագույն տարբերակը օրվա կտրվածքով մտածելն է: Ամեն առավոտ, երբ ես արթնանում եմ, հասկանում եմ, որ առջևում նոր օր է, որի ընթացքում պետք է հասցնեմ անել առավելագույնը: Ես մարզել եմ իմ գիտակցությունն այնպես, որ տվյալ օրը տեսնում եմ միայն տվյալ օրը: Այդ մոտեցումը ես ձևակերպել եմ այսպես. «Կարևոր չէ, թե ինչ է եղել անցյալում: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը: Այսօր՝ ես երջանիկ եմ»: Այսօր երջանիկ եմ, հետևաբար կկազմակերպեմ օրս այնպես, որ օրվա վերջում նույնպես լինեմ երջանիկ, ավարտեմ օրս բավարարվածության զգացումով: Հիշեք՝ բավարարվածության զգացումը օրվա վերջում շատ կարևոր է: Դա ենթագիտակցական գնահատական է ձեր օրվա արդյունավետության ու լիարժեքության:

Կարևոր չէ, թե ինչ է եղել անցյալում: Չգիտեմ, թե ինչ կլինի վաղը: Այսօր՝ ես երջանիկ եմ:

Ժամանակին պետք է հարգանքով վերաբերվել: Մեր կյանքին պետք է հարգանքով վերաբերվել: Մենք ինքներս ենք ընտրել օրը՝ որպես մեր կյանքի տևողության նվազագույն միավոր: Յուրաքանչյուր օրը մի կարճ կյանք է, որի ընթացքում պետք է լիարժեք ապրել: Այդ պատճառով ես չեմ սիրում սովորությունները, որոնք մեր օրերը դարձնում են միանման: Եթե այսօր և երեկ իրար նման են, ուրեմն մենք մեկ օր ենք ապրել: Ես չեմ ուզում, որ իմ օրերն անցնեն միանման, ունենան նույն արդյունավետությունը: Ես ուզում եմ ամեն օրվանից քաղել ավելի շատ, քան նախորդներից: Ոչ միշտ է դա ստացվում, բայց պետք էլ չէ, որ դա ստացվի հարյուր տոկոսով: Արդյունքն ամեն դեպքում զգալի է լինում:

Եթե այսօր և երեկ միանման են անցել, ուրեմն մենք մեկ օր ենք ապրել:

Ինչ կլինի մեկ շաբաթից, ինչ կփոխվի մեկ ամսից, որտեղ մենք կհայտնվենք մեկ տարի անց. մի մտածեք այս ամենի մասին անընդհատ: Այսօր դուք ունեք միայն այսօր: Փորձեք ապրել լիարժեք հենց այսօր, ստեղծել, գործել հենց այսօր, լինել հաջողակ, երջանիկ հենց այսօր: Հավատացեք՝ այդ դեպքում կյանքն էլ արագ չի թռչի:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: