Մեր կյանքում անընդհատ լինում են խնդիրներ, որոնք մենք փորձում ենք լուծել: Ժամանակի մի հատվածը մեզնից խլում է խնդիրը. դրա մասին մտածմունքները, անհանգստությունը, համակերպումը խնդրին և լուծման տարբերակների որոնումը: ժամանակի մյուս մասը մենք տրամադրում ենք լուծմանը՝ փորձելով այնպես անել, որ խնդիրը վերանա: Եթե դա մեզ հաջողվում է, մենք ունենում ենք ընդմիջում: Դա ընթացիկ խնդրի լուծման ավարտից մինչ հաջորդ խնդրի ծագումն ընկած ժամանակահատվածն է, երբ մենք համեմատաբար հանգիստ ենք: Սովորաբար մարդիկ նախընտրում են հենց այս հատվածը, քանի որ այս ընթացքում ուղեղն ավելի քիչ է ծանրաբեռնված, տրամադրությունը կայուն է, անհանգստությունը քիչ է, մի խոսքով՝ կյանքն ընթանում է իր ուղիղ գծով:

Խնդիրներ ծագում են այսպես թե այնպես՝ մեր կամքից անկախ: Որքան էլ մենք բնավորությամբ ուժեղ լինենք, խնդիրը մեզ հարվածում է և այդ հարվածից մենք կարող ենք երերալ, հավասարակշռությունը կորցնել կամ նույնիսկ՝ ընկնել: Շատ կարևոր է անմիջապես ոտքի կանգնել: Կամքը դրսևորվում է այն ժամանակ, երբ խնդիրն արագ ես ընդունում: Խնդրի ծանրության տակ մենք կարող ենք մնալ օրեր, ամիսներ կամ տարիներ: Բայց ուժեղ բնավորության տեր մարդիկ փորձում են խնդրի ծանրության տակից արագ դուրս գալ՝ վերածելով խնդրի հարվածի ուժը լուծման մոտիվացիայի:

Լուծման փուլը չպետք է մարդուն անհանգստացնի: Լուծման ընթացքում սովորաբար մենք աճում ենք՝ լինի դա հմտությունների, գիտակցության, թե կյանքի որակի աճ: Լուծման փուլում մենք ուժեղանում ենք: Այս փուլը պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի արդյունքում մեր կյանքը շարունակի ոչ թե ուղիղ գծով ընթանալ, այլ վերելք ապրի: Թվում է, թե խնդիրները մեզ գցում են: Իրականում դրանք սկիզբ են հանդիսանում վերելքի, երբ դրանց հանդեպ համապատասխան վերաբերմունք ես ցուցաբերում:

Մենք կհոգնենք, եթե երկար ժամանակ ընդմիջում չտանք: Կյանքը մեզ տալիս է այդ հնարավորությունը: Ընդմիջման ընթացքում մենք վերականգնում ենք մեր ուժերը, ունենում ենք ժամանակ մտածելու, վերլուծելու, եղած փոփոխություններին համակերպվելու: Երբ ընդմիջումը երկար է տևում, կյանքը դառնում է միապաղաղ: Շատ մարդիկ, ովքեր չեն կարողանում երկար մնալ առանց աճի, իրենք են իրենց համար խնդիրներ ստեղծում, որպեսզի լուծման մեջ նետվեն: Լուծման ընթացքը ոգևորում է նրանց, կյանքը դարձնում է նպատակային, կամք է ձևավորում:

Մեր կյանքը ոչ այլ ինչ է, քան խնդիրների, լուծումների և ընդմիջումների հաջորդականություն: Մենք տարբերվում ենք միմյանցից միայն նրանով, թե որքան երկար է այս փուլերից յուրաքանչյուրը մեզ մոտ տևում: Ոմանց մոտ խնդիրներն են երկար տևում, մյուսների մոտ՝ ընդմիջումները, մի մասն էլ չի կարող ապրել առանց լուծումների:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: