1920-ական թվականների վերջին սովետական ապագա հոգեբան Բլյումա Վուլֆովնա Զեյգարնիկն իր դասախոս՝ գերմանացի ճանաչված հոգեբան Կուրտ Լևինի հետ միասին գտնվում էր սրճարանում, երբ ուշադրություն է դարձնում, որ մատուցողը՝ չնայած սրճարանում գտնվող հաճախորդների մեծ քանակի, կարողանում է հիշել նրանց պատվերները՝ առանց գրառումներ կատարելու: Նա հետաքրքրվում է մատուցողից, թե ինչպես է դա նրա մոտ ստացվում և ստանում պատասխան, որ դա ստացվում է ինքնըստինքյան: Ապա Զեյգարնիկը խնդրում է մատուցողին հիշել նաև այն պատվերները, որոնք նա ավարտել էր քիչ առաջ: Մատուցողը, ի զարմանս իրեն, կարողանում է հիշել պատվերների մի մասը միայն՝ չնայած հիշում էր ընթացիկ բոլոր պատվերները: Զեյգարնիկը ենթադրում է, որ անավարտ գործերի մասին մարդիկ ավելի լավ են հիշում, քան ավարտվածների:

Ավելի ուշ, իր ենթադրությունը հաստատելու համար, Զեյգարնիկը հետազոտություն է անցկացնում, որին մասնակցում էր աշակերտների և ուսանողների մի խումբ: Նրանց տրվում են տրամաբանական խնդիրներ՝ առանց դրանց լուծման համար նշված հստակ ժամանակի: Այսինքն՝ դա հնարավորություն էր տալիս ցանկացած պահի ընդհատել խնդրի լուծումը՝ համարելով ժամանակը սպառված: Մասնակիցների մի մասին տրվում է հնարավորություն մինչև վերջ լուծել խնդիրը, իսկ մյուս մասի մոտ՝ խնդրի լուծումն ընդհատվում է՝ ժամանակի սպառված լինելու պատճառաբանությամբ: Մի քանի օր անց բոլոր մասնակիցներին առաջադրանք է տրվում հիշել խնդրի պայմանները: Պարզվում է, որ այն մասնակիցների քանակը, ովքեր խնդրի լուծումը կիսատ էին թողել, մոտ 2 անգամ ավելին է, քան նրանց, ովքեր խնդիրը լուծել էին մինչև վերջ: Այս առանձնահատկությունը ստանում է «Զեյգարնիկի էֆֆեկտ» անվանումը:

«Զեյգարնիկի էֆֆեյտը» կայանում է նրանում, որ անավարտ գործերի մասին մենք ավելի երկար ենք հիշում: Այդ մտքերը մեր ուղեղում ստեղծում են որոշակի լարվածություն, որը մնում է այնքան ժամանակ, քանի դեռ գործերը կիսատ են: Իսկ եթե նման գործերը շատ են, դրանք լցնում են հիշողությունը, լարվածությունը կուտակվում է և դրանից մենք մեզ ընդհանուր ավելի լարված ենք զգում: Այդ պատճառով շատ կարևոր է օրվա ընթացքում ավարտին հասցնել ընթացիկ գործերը և սկսել նրանցից, որոնք շատ ավելի արագ կարելի է լուծել՝ փոքրացնելով ուղեղի լարվածությունը:

«Զեյգարնիկի էֆֆեկտը» տարբեր կիրառություններ ունի կյանքում: Հենց դրա արդյունքում է, որ մարդիկ չեն կարողանում կտրվել սերիալներից, քանի որ ամեն նախորդ սերիան վերջանում է ամենահետաքրքիր տեղում՝ թողնելով անավարտության զգացում: Դպրոցում, որպեսզի աշակերտները տնային հանձնարարության մասին ավելի լավ հիշեն, կարելի է խնդրի մի մասը սկսել լուծել դասարանում՝ թողնելով աշակերտի մոտ անավարտության զգացում, որի արդյունքում խնդիրը նրա հիշողության մեջ ավելի երկար կմնա: Այդպես է բացատրվում նաև ընդհատված սիրո մասին հիշողությունները, երբ տղան կամ աղջիկը կարող են իրար մասին հիշել նույնիսկ բաժանումից տասնյակ տարիներ անց:

Հ.Գ. Երբ գրում էի այս հոդվածը, հիշեցի 6 տարի առաջ գրված մի հոդվածի մասին, որը գրել էի սեփական փորձի հիման վրա և անվանել Մաքրեք Ձեր ուղեղը «բաց մտքերից»: «Զեյգարնիկի էֆֆեկտին» այդ ժամանակ դեռ ծանոթ չէի, բայց, ընդհանուր առմամբ, հոդվածում խոսվում է միևնույն ազդեցության մասին: Խորհուրդ կտամ ընթերցել նաև այդ հոդվածը:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: