Հին հնդկական իմաստությունն ասում է. «Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության հետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս»: Այստեղ խոսվում է մաքուր գիտակցության և ինքնաղեկավարման մասին: Միայն մաքուր գիտակցությունը բավարար չէ, եթե չկա ինքնաղեկավարում: Օրինակ, դու կարող ես շատ լավ գիտակցել, որ ուրիշների հարստությունն իրենց է պատկանում, քանի որ իրենց ստեղծածն է, բայց չդիմանաս գայթակղությանը բանկոմատում մոռացված կամ գրպանից ընկած երկու հարյուր հազար դրամը վերցնելու, երբ տեսնում ես հեռացող, անտեղյակ սեփականատիրոջը: Նույնը վերաբերվում է հակառակին: Դու կարող ես ունենալ ինքնաղեկավարում, սակայն չունենաս մաքուր գիտակցություն: Օրինակ, դու միշտ կարող ես հասնել քո նպատակներին, բայց անես դա ուրիշների հաշվին: Դու կարող ես հարստանալ՝ ուրիշներին խաբելով:

Ինքնաղեկավարումը շատ կարևոր է, քանի որ առանց ինքնաղեկավարման մարդը սխալներ է թույլ տալիս՝ նույնիսկ ճիշտը գիտակցելով: Սխալները ծնում են նոր սխալներ, շղթան շարունակվում է: Հանկարծ ինչ-որ պահի մեր կյանքում անցանկալի պայթյուն է տեղի ունենում և այդ պայթյունը մեզ զարմանալի է թվում: Բայց չէ՞ որ դա շղթայի տրամաբանական շարունակությունն էր. այն շղթայի, որն ինքներս ենք գործել: Մաքուր գիտակցությունը նույնպես շատ կարևոր է, քանի որ առանց մաքուր գիտակցության մենք կարող ենք ապրել մի կյանք, որի համար կզղջանք ավելի ուշ: Առանց մաքուր գիտակցության մենք չենք զգա խաղաղություն մեր ներսում, չենք զբաղեցնի պիտանի և ճիշտ տեղ կյանքում, չենք ունենա ներդաշնակ կյանք: Այնպես որ, մի մոռացեք.

Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության հետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: