Ընտանիքի հայրը շատ էր աշխատում: Նա հաց էր առաքում, որպեսզի պահի իր ընտանիքը՝ կնոջը և երկու երեխաներին: Աշխատանքից հետո երեկոները նա անց էր կացնում դասերի հաճախելով՝ հույս ունենալով, որ մի օր կկարողանա ավելի բարձր վարձատրվող աշխատանք գտնել: Բացի կիրակի օրերից, նա հազվադեպ էր ընտանիքի հետ ճաշում: Նա աշխատում և սովորում էր ջանասիրաբար, որպեսզի ընտանիքը լավագույնով ապահովի:

Ընտանիքում երբեմն բողոքում էին, որ նա բավականաչափ ժամանակ չի անցկացնում իրենց հետ, և նա պատճառաբանում էր, որ անում է դա նրանց համար: Սակայն նա շատ էր ուզում ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Եկավ օրը, երբ քննության արդյունքները հրապարակվեցին: Ի ուրախություն նրա՝ քննությունը հանձնված էր գերազանցությամբ: Շուտով նա ավագ գիտաշխատողի աշխատանքի առաջարկ ստացավ, որը բավական լավ էր վարձատրվում:

Երազանքը կարծես իրականություն էր դառնում: Հայրն արդեն կարող էր իր ընտանիքի համար փոքրիկ շքեղություններ թույլ տալ՝ գեղեցիկ հագուստ, լավ սնունդ, հանգիստ արտերկրում:

Սակայն ընտանիքում դեռևս չէին տեսնում հորը շաբաթվա մեծ մասը: Նա շարունակում էր քրտնաջան աշխատել՝ հույս ունենալով, որ պաշտոնի բարձրացում տեղի կունենա և իրեն ղեկավար կնշանակեն: Իրականում, դրան հասնելու համար նա այլ դասերի էր հաճախում:

Կրկին, երբ ընտանիքը դժգոհում էր, որ նա քիչ ժամանակ է անցկացնում իրենց հետ, նա մտածում էր, որ այդ ամենն անում է նրանց համար: Բայց նա ուզում էր ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

Հոր քրտնաջան աշխատանքը գնահատվեց և նրա պաշտոնը կրկին բարձրացվեց: Նա որոշեց սպասուհի վարձել՝ կնոջը տան հոգսերից ազատելու համար: Նա նաև զգում էր, որ իրենց երեք սենյականոց բնակարանը բավականաչափ մեծ չէ: Լավ կլիներ, որ ընտանիքն ավելի մեծ և հարմարավետ բնակարան տեղափոխվեր: Տեսնելով իր ծանր աշխատանքի գոհացնող արդյունքները՝ հայրը որոշեց շարունակել ուսումն ու նվիրված աշխատանքը, որպեսզի կրկին աճի պաշտոնում: Ընտանիքը դեռևս չէր տեսնում նրան շաբաթվա մեծ մասը: Իրականում, երբեմն հայրը ստիպված էր աշխատել նույնիսկ կիրակի օրերը՝ հանդիպելով հաճախորդների հետ: Եվ կրկին, երբ ընտանիքը դժգոհում էր, որ ինքը բավականաչափ ժամանակ չի անցկացնում իրենց հետ, նա մտածում էր, որ այդ ամենն անում է նրանց համար: Բայց ներքուստ նա շարունակում էր երազել ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու մասին:

Ինչպես և սպասվում էր, հոր ծանր աշխատանքը կրկին գնահատվեց և նա գեղեցիկ, դեպի ծովափ տեսարանով բնակարան գնեց Իտալիայում: Իրենց նոր տանն անցկացրած առաջին կիրակի օրը՝ երեկոյան, հայրն ընտանիքին հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ դասերի հաճախել և պաշտոնի բարձրացման ձգտել: Այդ պահից սկսած՝ նա պատրաստվում էր ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:

Հաջորդ օրն առավոտյան հայրը չարթնացավ:

Հ.Գ.
Այս պատմության հեղինակը ես չեմ, սակայն համաձայն եմ դրա հետ ամբողջությամբ:

Երբեմն կամքի ուժը ոչ թե աշխատանքում մեծ արդյունքների հասնելն է կամ մարզասրահ այցելելը, այլ ընտանիքի հետ բավականաչափ ժամանակ անցկացնելը:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: