Մի իրական պատմություն եմ ուզում պատմել մի տղայի մասին, ով իր համառության, համբերատարության և կամքի ուժի շնորհիվ կարողացավ փոխել իր կյանքը:

Տղան, որին պայմանական անվանենք Արամ, աշխատում էր գազի գրասենյակում: Ավարտել էր պոլիտեխնիկական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետը, երբեք չէր աշխատել մասնագիտությամբ և, որպես այլընտրանք, մի քանի տարի է, ինչ աշխատում էր որպես գազի տեսուչ: Ընտանիքը մեծ էր՝ կին, երկու երեխա, ծնողներ, իսկ ընտանիքում միակ աշխատողն ինքն էր:

Տղան որոշում է փոխել իր կյանքը և սկսում ինքնուրույն մարքեթինգ ուսումնասիրել: Մեկուկես տարի շարունակ Արամը մարքեթինգային հոդվածներ և գրքեր էր կարդում: Երբ զգում է, որ արդեն պատրաստ է, սկսում է աշխատանք փնտրել: Բազմաթիվ ընկերությունների է դիմում, բայց ութ ամիս ոչ մի արդյունք: Բայց մի օր ընկերություններից մեկից պատասխան է գալիս. հրավիրում էին փորձաշրջանի: Արամը թողնում է գազի տեսուչի իր աշխատանքը և երկու ամիս, առանց աշխատավարձի, փորձաշրջան է անցնում նշված ընկերությունում: Փորձաշրջանի ավարտից հետո նրան աշխատանքի են վերցնում: Եվս երկու տարի անց Արամը մարքեթինգային խմբի ղեկավար էր: Այսօր՝ աշխատանքի անցնելուց հինգ տարի անց, Արամը միջազգային խոշոր ընկերության հայաստանյան ներկայացուցչության մարքեթինգային բաժնի տնօրենն է, ունի չորս երեխա և երջանիկ է:

Երբ նրան հարցրեցի, թե ինչի շնորհիվ նա կարողացավ այդպես իր կյանքը փոխել, պատասխանը հետևյալն էր. «համբերության»:

Հ.Գ.
Որպեսզի լուրջ փոփոխությունների հասնել, պետք է ընտրել հեռանկարային ճանապարհ և համբերատար առաջ շարժվել:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: