Սնվելու հետ կապված մի սովորություն կա, որը ես նկատում եմ գրեթե բոլոր հայկական ընտանիքներում և որն ունենում է բազմաթիվ հետևանքներ՝ վատ ինքնազգացողությունից մինչև առողջական լուրջ խնդիրներ: Փորձեք գուշակել, թե ինչի մասին է խոսքը՝ լսելով հետևյալ արտահայտությունները՝ «դժվար է շնչել», «չեմ կարողանում տեղից շարժվել», «շատ կերա»:

Իհարկե՝ խոսքը չափից շատ ուտելու մասին է: Ես նկատել եմ, որ սնվելը դարձել է ավելին, քան մեր էներգիայի պահուստները լրացնելու միջոց: Սնվելը հաճախ արարողություն է, որի ժամանակ կորում է չափի զգացումը, քանի որ «լավ բանը» պետք է երկար տևի: Արտահայտությունները, որոնք դուք կարդացիք վերևում, կարելի է լսել գրեթե բոլոր միջոցառումների ժամանակ, որտեղ մարդիկ լիցքաթափված են և ուտելիք կա: Ծանրության զգացումը, որը գալիս է ուտելու «առաջին փուլն» անցնելուց հետո, շատ ուտելու առաջին ախտանիշներից է:

Հաճախ ազդակները, որ մենք այլևս սննդի կարիք չունենք, մեր օրգանիզմն ուղարկում է ավելի ուշ, քան այն պահը, երբ մենք պետք է կանգ առած լինեինք: Այդ ընթացքում մենք փորձում են ուտել հնարավորինս շատ, քանի որ սովի զգացումը դեռ ուժեղ է: Սովի զգացում կարող է ուժեղ թվալ նաև այն պատճառով, որ մենք ուտելուց առաջ ջուր չէինք խմել և ծարավի պահանջը քողարկվում է ուտելու պահանջի տակ: Դա է պատճառներից մեկը, թե ինչու է պետք պարբերաբար ջուր խմել և անել դա սննդից առանձին:

Շատ ուտել մեզ դրդում են նաև մեր սովորությունները: Օրինակ, կա սովորություն, որ մարդը պետք է «փորձի» սեղանի վրա գտնվող ամեն ինչ: Նույնիսկ, եթե սեղանին առկա է հինգ տեսակի աղցան, պանիր, կարտոֆիլ, խորոված և ձուկ, այդ ամենն անցնելու է մարդու ստամոքս: Առանց «ավելորդ» ընդմիջումների դրան հաջորդելու է դեսերտը՝ թխվածքաբլիթները, թեյը կամ սուրճը: Երբ այդ ամենը հայտնվում է ստամոքսում, ստամոքսն ընդարձակվում է այնքան, որ սկսում է սեղմել թոքերի վրա, այդտեղից էլ տարածված «դժվար է շնչել» արտահայտությունը:

Հաջորդ սովորությունը, որը մեզ ստիպում է շատ ուտել, սննդից շեղվելը և իներցիայով ուտելն է: Դա պատահում է, օրինակ, այն ժամանակ, երբ մենք հետաքրքիր զրույցի ենք բռնված, հեռուստացույց ենք դիտում կամ գիրք ենք կարդում սնվելու ժամանակ: Մեր ուշադրությունը շեղված է և սնունդն առանց արգելքների մեծ հոսքով մտնում է ստամոքս: Այդպես նաև շատ մայրեր փորձում են կերակրել իրենց երեխաներին, երբ վերջիններս ամեն կերպ փորձում են հասկացնել, որ սոված չեն: Նրանք շեղում են երեխայի ուշադրությունը մուլտֆիլմով, խաղով կամ որևէ այլ միջոցով: Արդյունքում՝ մանուկ հասակից մեծ փոր:

Սովորությունը, որից դուք պետք է սկսեք առողջ սնվելը, չափից շատ չուտելն է: Շատ ուտելու մասին հետագայում կշարունակեմ գրել՝ կենտրոնանալով պատճառների, հոգեբանության և կանխարգելման վրա, բայց սա ընդհանուր ներածությունն էր մի խնդրի, որից ազատվելն իրականում բերում է ավելի լավ տրամադրության, ինքնազգացողության, ֆիզիկական և առողջական վիճակի: Հիշեք՝ սննդի ցանկացած ընդունումից հետո մարդու մոտ չպետք է լինի ծանրության զգացում. պետք է պարզապես կորի սովի զգացումը: Եթե կա ծանրության զգացում, ուրեմն ինչ-որ բան այնպես չէ, նշանակում է դուք անցել եք չափը:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: