Տարիներ առաջ աչքովս հետևյալ արտահայտությունն ընկավ. «Երբ լսում ես, դու սովորում ես, իսկ երբ խոսում ես, ոչինչ չես սովորում»: Երևի թե դա հիմք հանդիսացավ, որպեսզի լսելուն ես սկսեմ ավելի մեծ ուշադրություն դարձնել, քան խոսելուն և կարողանամ չխոսել նույնիսկ այն պահերին, երբ խոսելու շատ բան ունեմ:

Իրականում դա ամենադժվար ղեկավարվող բաներից է, երբ կարողանում ես լռել մի բանի մասին, ինչը շատ ես ուզում բոլորին պատմել: Դա ավելի լավ կհասկանան կանայք, ովքեր հանդիպում կամ հեռախոսով զրուցում են ընկերուհիների հետ 🙂 Մեզ մոտ տպավորվել է, որ խոսող մարդն առաջնորդ է, իսկ լսողը՝ ոչ: Կան իրավիճակներ, երբ իրոք այդպես է: Հիմնականում դրանք արտակարգ կամ ոչ «առօրյա» իրավիճակներն են, երբ պետք է արագ կողմնորոշվել և որոշակի խնդիրներ լուծել: Սակայն առօրյա կյանքում այդպես չէ: Խոսելը միգուցե կարճաժամկետ ազդեցություն թողնում է և կարող է առաջին տպավորություն ստեղծել, բայց լսելը գործում է ավելի երկար ժամկետով և ավելի արդյունավետ է: Այդ պատճառով մի քանի խորհուրդ եմ ուզում տալ, որոնք, հուսով եմ, կօգնեն ձեզ խոսելու սովորությունը փոխարինել լսելու սովորությամբ:

Լսելով՝ սովորում եք

Արտասահմանում կա «վաճառքի հրաշագործներ» հասկացությունը: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց ընկերությունում վաճառում են ավելի շատ, քան մյուսները: Արդյունավետության նրանց գլխավոր սկզբունքներից մեկն այն է, որ նրանք տալիս են հարցեր, ապա լսում: Երբ լսում ես, կարող ես շատ բան սովորել և հասկանալ, թե ինչն է մտահոգում հաճախորդին, ինչ է նա ուզում, ինչպես է ուզում, ինչու չի ուզում, և այլն, և այլն: Իսկ երբ խոսում ես, անդադար պատմում քո «հիանալի» ապրանքի մասին, դու խոսում ես այն մասին, ինչը հետաքրքիր է քեզ, այլ ոչ թե հաճախորդին և այդպես հիմնականում լսում ես հետևյալ պատասխանը. «Ես կմտածեմ»: Այդպես է լինում նաև կյանքի մյուս՝ «ոչ վաճառքային» իրավիճակներից շատերում: Լսելով շատ բան կարելի է սովորել:

Խնայեք էներգիան գործելու համար

Կան իրավիճակներ, երբ «լսել, թե խոսել» խնդիրը դիտարկվում է միայն այնքանով, թե որքան է դա օգնում «գործել»-ուն: Նույնիսկ ֆիլմերում դրվագներ տեսած կլինեք, թե ինչպես ընկերները մինչ բուռն վիճում են այն բանի մասին, թե ինչպես անել այս կամ այն բանը, լուռ կանգնած ընկերներից մեկը պարզապես անում է դա: Այսինքն շատ դեպքերում լսելն ավելի է օգնում գործելուն, քան խոսելը, քանի որ լսելիս կարողանում ես հանգիստ վերլուծել, մտածել, էներգիա խնայել և օգտագործել այն գործելու վրա: Իսկ խոսելը հաճախ հակառակ ազդեցությունն է թողնում:

Խոսեք միայն, երբ ասելիքը կարևոր է

Մենք այնքան ենք ֆիքսվել խոսելու վրա, որ նույնիսկ ամանչում ենք, երբ երկար ժամանակ լռում ենք: Երբ չորս հոգի կանգնած են և երեքն ինչ-որ բան են խոսում, չորրորդ լուռը հաճախ ինչ-որ բան խոսում է միայն նրա համար, որպեսզի ընդհատի լռությունը, սակայն նրա խոսքն արհեստական է ստացվում և ազդեցություն չի թողնում: Խոսել ցանկալի է միայն այն ժամանակ, երբ խոսքը նշանակություն ունի:

Տվեք դիմացինին արտահայտվելու հնարավորություն

Լսելու հիմնական շարժառիթներից մեկն էլ այն է, որպեսզի հնարավորություն տալ դիմացինին խոսել: Մարդիկ սիրում են, երբ իրենց լսում են ուշադրությամբ, առանց ընդհատելու: Դա օգնում է մարդուն իրեն ավելի կարևոր զգալ: Այդպես դուք առաջնայնությունը կարծես նրան եք փոխանցում: Տվեք դիմացինին այդ զգացումը: Կարևորը՝ արեք դա անկեղծ:

Վերաբերվեք դրան որպես վարժության

Ընդհանրապես, կյանքում ամեն ինչի մեջ պետք է խաղ տեսնել, նույնիսկ դժվարությունների, որոնք խաղի հետ ոչ մի առնչություն չունեն: Սովորությունները ղեկավարելու հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ որքան շատ սովորություններ ես ղեկավարում, այնքան ավելի հեշտ է դառնում ամեն հաջորդը ղեկավարելը և կարևոր չէ, թե ինչ սովորություն է դա: Երբ դուք պատրաստվում եք խոսել, ինչն այդ պահին անհրաժեշտություն չէ, հիշեք, որ լռելով դուք փորձում եք զարգացնել ձեր կամքի ուժը, ինչը հնարավորություն կտա ձեզ հետագայում, օրինակ, թողնել ծխելը կամ ավելի քիչ քաղցրավենիք ուտել: Դուք կենտրոնանում եք մի սովորության ղեկավարման վրա, որն հետագայում օգնելու է ձեզ ղեկավարել ձեր մյուս սովորությունները:

Եվ վերջում, հիշեք այն դրվագները, երբ թագավորը նստած է գահին, նրա շուրջ հավաքվել և խոսում են նազիր-վեզիրները, օգնականները, ամեն մեկն ինչ-որ բան է պատմում, ինչ-որ խորհուրդ է տալիս, կիսվում է ինֆորմացիայով, իսկ թագավորն այդ ողջ ընթացքում ուշադիր լսում է: Միայն դրանից հետո է նա կայացնում իր որոշում՝ կարճ և կարևոր:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: