Լեռնագնաց

1985 թ. հունիսին բրիտանացի լեռնագնացներ Ջո Սիմփսոնն ու Սայմոն Յեթսը կատարեցին պատմության մեջ առաջին վերելքը դեպի Պերուի Սեուլե Գրանդա լեռան 7000 մետր բարձրությամբ գագաթը: Մագլցումը չափազանց ծանր էր , սակայն նրանք չգիտեին, որ իրական դժվարությունները նրանց սպասում են վայրէջքի ժամանակ: Իջնելիս Սիմփսոնն ընկնում և կոտրում է աջ ոտքի ծունկը: Նման իրավիճակում Յեթսը կարող էր թողնել ընկերոջը և փրկել իրեն, սակայն նա գտնում է Սիմփսոնին տեղափոխելու եղանակը՝ իջեցնելով նրան սառցապատ լեռան լանջով պարանի օգնությամբ: Բայց ինչ-որ պահի լանջը վերջանում է և Սիմփսոնը հայտնվում է սառցապատ անդունդի եզրից կախված: Պարանի մի ծայրը Յեթսի ձեռքում էր, մյուսին կապված էր Սիմփսոնը, և Յեթսը նույնիսկ չգիտեր՝ կենդանի՞ է նա, թե ոչ: Այլևս չունենալով ուժ երկար պահելու, Յեթսին ոչինչ չէր մնում անել, քան կտրել պարանը:

Սիմփսոնը 15 մետր բարձրությունից ընկնում է սառցե, հսկայական խոռոչի մեջ, բայց չի մահանում: Հետագայում իր` «Հպվելով դատարկությանը» (Touching The Void) գրքում նա գրում է.

«Երբ խոռոչի միջից նայում էի վերևում երևացող լույսին, ես հասկանում էի, որ պետք է գոնե փորձեմ: Ես գիտեի, որ կարող եմ մահանալ, բայց այդ միտքն այլևս ինձ չէր անհանգստացնում: Պետք է լիներ ինչ-որ բան, ինչին ես կարող էի ձգտել: Ես սարսափում էի այն մտքից, որ պետք է պարզապես պառկեմ և սպասեմ մինչև մահը գա: Ես գիտեի, որ դեռ հնարավորություն կա պայքարելու: Իմ ոտքը ջարդված էր, մատներս՝ սառցակալած: Բայց դրա վրա ես պետք է ուշադրություն չդարձնեի, քանի որ եթե ես հանձնվեի, կմահանայի»:

Սիմփսոնին հաջողվում է ընկնելուց 12 ժամ անց դուրս գալ սառցե խոռոչից: Նա կարողանում է երեք օր ու գիշեր, բառացիորեն սողալով, առանց ջուր և ուտելիք, սառցակալած ճանապարհով և քարերի միջով հասնել իրենց ճամբարը: Ընկերները դեռ այնտեղ էին: Նա փրկված էր… Թվում է ֆանտաստիկ ֆիլմ է, բայց դա իրականություն է: Վեց վիրահատություններից հետո, երկու տարի անց Ջո Սիմփսոնը կրկին վերադառնում է լեռնագնացություն: Եվ դա միայն այն բանի շնորհիվ, որ նա պայքարեց մինչև վերջ:


Հ.Գ.
Այս պատմության հիման վրա նկարահանվել է վավերագրական ֆիլմ: Դիտել այն կարող եք այստեղ:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: