Մարդկանց հոգեբանություն

Ենթադրենք դուք ուզում եք մարդկանց նոր բան սովորեցնել: Դա նշանակում է, որ ձեր գլխում կա ինֆորմացիա (գիտելիք), որը դուք ուզում եք փոխանցել դիմացինին, այսինքն փորձում եք «դնել» նրա ուղեղում: Հիշեք՝ երբ դուք ուզում եք մարդուն ինչ-որ բան սովորեցնել, դուք ուզում եք մուտք գործել նրա ուղեղ: Բայց միթե՞ դա հեշտ է, չէ՞ որ այլ մարդու ուղեղի համար ձեր ինֆորմացիան արտաքին, անծանոթ ինչ-որ «զանգված» է, որը նա պետք է թողնի ներս. արդյո՞ք նա պատրաստ է դրան:

Եկեք մտովի տեղափոխվենք միջնադար: Պատկերացրեք մի ամրոց, որտեղ տարիներ շարունակ մարդիկ են բնակվում: Նրանք ունեն իրենց առօրյան, սովորությունները, տարիների ընթացքում ձևավորված իրենց ապրելակերպը: Բայց մի օր տագնապի ազդանշաններ են լսվում: Մարդիկ բարձրանում են ամրոցի պարիսպների վրա և տեսնում, որ ամրոցին է մոտենում անծանոթ մարդկանց մի մեծ խումբ: Այս նոր խումբը ուզում է մուտք գործել ամրոց, ապրել այնտեղ` մնացածի հետ: Ամրոցի բնակիչները խառնված են: Հյուրերը կարծես թշնամիներ չեն, բայց կասկածներ կան. միգուցե՞ նրանք գան և խախտեն մարդկանց բնականոն կյանքի ընթացքը, միգուցե՞ վնասեն, վերջիվերջո՝ ամրոցի բնակիչների ինչի՞ն է պետք նրանց ներս թողնել: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կլինեն, երբ այս մարդիկ արդեն ամրոցում բնակվեն, բայց մինչ այդ… Մինչ այդ հանկարծակի հայտնված մարդկանց այս նոր խումբը ամրոցի բնակիչների համար արտաքին, անծանոթ «զանգված» է, որը նրանք, հավանաբար, չեն թողնի ներս:

Ետ գանք մեր ուղեղին: Պատկերացրեք, որ այս նոր խմբի մարդիկ ինֆորմացիայի միավորներն են՝ բիթերը, իսկ ամրոցը՝ ձեր ուղեղը: Բիթերի այդ մեծ, անծանոթ խումբը փորձում է մուտք գործել ձեր ուղեղ և հաստատվել այնտեղ: Եվ բնական է, որ այդ պահին ուղեղն իրեն հարց է տալիս. արդյո՞ք դա ինձ պետք է:

Երբ մենք վերլուծում ենք մեր կյանքը, հասկանում ենք, որ կան շատ բաներ, որոնք մեզ վաղուց փորձել են սովորեցնել, բայց մենք դա չենք սովորել: Հիշում եմ` դեռ փոքր տարիքից ծնողներս անընդհատ ասում էին, որ պետք է շատ միրգ և բանջարեղեն ուտել, սակայն միրգ և բանջարեղեն ես սկսեցի ուտել տասնյակ տարիներ անց՝ գալով դրան սեփական որոշմամբ: Այն ժամանակ ես չէի էլ հասկանում դրա իմաստը, այդ ինֆորմացիան ինձ համար խորթ էր: Մեկ այլ օրինակ: Որքան ծնողներ են փորձում սովորեցնել իրենց երեխաներին, որ ծխելը վնասակար է առողջությանը, պետք չէ ծխել: Սակայն երեխաների մեծ մասը չի սովորում դա, նրանց ուղեղը պատրաստ չէ ընդունել այդ ինֆորմացիան: Կամ երբ բժիշկներն ասում են՝ «առողջ լինելու համար պետք է սպորտով զբաղվել, պետք է ֆիզիկապես ակտիվ լինել»: Մենք չենք անում դա՝ մինչև ծանր հիվանդությունները չեն թակում մեր դուռը. բայց չէ՞ որ մեզ զգուշացնում էին, փորձում էին սովորեցնել: Նման օրինակները շատ են և վերջերս մոտս հարց ծնվեց. ինչո՞ւ ինֆորմացիան (գիտելիքը), որը մեզ անհրաժեշտ է և որը միտված է մեր կյանքը դեպի ավելի լավը փոխելուն, հաճախ մենք չենք ընդունում կամ ընդունում ենք միայն տարիներ անց՝ գալով դրան այլ ճանապարհներով: Միգուցե՞ սովորեցնելու եղանակն այն չէ, միգուցե՞ դժվար է մարդուն սովորեցնել՝ ամեն ինչ ասելով նրան ուղիղ, դեմ առ դեմ և կարծելով, որ եթե մեր ուղեղն ընդունել է դա, ուրեմն նրա ուղեղը նույնպես պատրաստ է ընդունելու:

Կարծում եմ` հենց դա էլ պատճառն է, համենայն դեպս, գլխավոր պատճառներից մեկը: Եթե ձեր ուղեղն ընդունել է ինչ-որ ինֆորմացիա, դա դեռ չի նշանակում, որ դիմացինի ուղեղը նույնպես պետք է գրկաբաց ընդունի այն (հիշեք ամրոցի օրինակը): Անհրաժեշտ է այլ մոտեցում: Այդ դեպքում ինչպե՞ս սովորեցնել մարդկանց, ինչպե՞ս գիտելիքը, որ համոզված եք, որ փոխելու է նրանց կյանքը, փոխանցեք նրանց:

Այս հարցի պատասխանը ես ինձ համար վաղուց գտել եմ: Իհարկե ժամանակն այդ պատասխանի մեջ փոփոխություններ կմտցնի, բայց այս պահին այն ինձ համար հստակ է: Եվ այդ պատասխանը հետևյալն է. պետք է հնարավորություն տալ մարդուն գալ այդ ամենին ինքնուրույն՝ տալով նրան միայն հուշումներ: Հիշո՞ւմ եք հանրահայտ դրվագը «Հենզելն ու Գրետելը» հեքիաթից, երբ քույրն ու եղբայրը ճանապարհին հացի փշրանքներ են թափում, որպեսզի ճանապարհը գտնեն: Հիշեք դա, երբ ուզում եք մարդկանց ինչ-որ բան սովորեցնել: Դուք պետք է ընդամենը «փշրանքներ թողեք», իսկ ճանապարհը մարդը պետք է գտնի ինքնուրույն:

Վերադառնանք ամրոցին: Պատկերացրեք, որ քիչ առաջ խոսվող մարդկանց խումբը որոշում է ոչ թե անմիջապես «ներխուժել» ամրոց, այլ հաստատվում է ամրոցի դիմացի դաշտում: Նրանք սկսում են այնտեղ խաղաղ ապրել. տղամարդիկ խրճիթներ են սարքում, որսի գնում, իսկ կանայք էլ զբաղվում իրենց՝ ոչ պակաս կարևոր գործերով` երեխաների մասին են հոգ տանում, բույսերի արմատներից և տերևներից հագուստներ են գործում, կերակուր են պատրաստում: Երբեմն այս մարդիկ, փոքր խմբերով, մուտք են գործում ամրոց, փոխանակություններ են անում տեղի բնակչության հետ, սովորեցնում են նրանց, թե ինչպես բույսերի արմատներից հողաթափեր գործել: Ամրոցի բնակիչները նույնպես այդ ողջ ընթացքում հետևում են նոր մարդկանց: Նրանք պարիսպների վրայից նայում են, թե ինչով են նրանք զբաղված և կամաց-կամաց սկսում են հասկանալ, որ այս մարդիկ ամենևին էլ վտանգավոր չեն, նրանք աշխատում են, հոգ են տանում իրենց հարազատների մասին. միգուցե՞ միասին իրենք ավելի լավ ապրեն, միգուցե՞ արժե նրանց ներս թողնել:

Հասկանո՞ւմ եք: Երբ նոր մարդկանց խումբը պատրաստվում է անմիջապես «ներխուժել» ամրոց, ամրոցի բնակիչները բնազդաբար «պաշտպանիչ» դիրք են ընդունում, քանի որ դա իրենց որոշումը չէ: Սակայն երբ այս նոր խումբը «թողնում է փշրանքներ» և ամրոցի բնակիչները սկսում են հավաքել դրանք, արդյունքում նրանք հանդես են գալիս սեփական որոշմամբ` թողնել այդ մարդկանց ներս:

Նույնը կատարվում է մարդու հետ, երբ նրան փորձում են սովորեցնել: Երբ մարդը գտնվում է դպրոցում կամ համալսարանում, նրա ուղեղը բաց է արտաքին ինֆորմացիան վերցնելու համար, նա ինքն է որոշել, որ պետք է սովորի: Բայց երբ ուզում ես մարդուն նոր բան սովորեցնել կյանքի այլ փուլերում և անել դա քո ցանկությամբ, այլ ոչ թե նրա, նման մոտեցումը հաճախ չի գործում: Այդ դեպքում պետք է «թողնել փշրանքներ», իսկ փշրանքները պետք է հավաքի և ճանապարհը պետք է անցնի մարդը` սեփական ցանկությամբ:

Ավարտեմ հոդվածս մեկ օրինակով: Եղբայրս, միջին վիճակագրական մարդու պես, օգտագործում էր չափավոր քանակությամբ ալկոհոլ՝ միջոցառումներին, քեֆերին, մի խոսքով, հասկանում եք… Բայց քանի որ ես ինձ վրա զգացել եմ ալկոհոլ ընդհանրապես չօգտագործելու դրական ազդեցությունը, որոշեցի եղբորս վրա ազդել այնպես, որպեսզի նա նույնպես ամբողջությամբ հրաժարվի ալկոհոլից: Բազմաթիվ անհատական զրույցներն այն մասին, թե ինչպես է ալկոհոլն ազդում մեր վրա և թե ինչ նա կարող է ձեռք բերել՝ հրաժարվելով դրանից, արդյունքներ չէին տալիս: Հետո հասկացա, որ այդպես էլ պետք է լիներ: Ես փորձում էի մուտք գործել նրա ուղեղ, «դնել» այնտեղ ինչ-որ փորձ (գիտելիք), որն իմն էր, բայց իրենը չէր. նրա ուղեղը պատրաստ չէր ընդունել այդ ինֆորմացիան, անհրաժեշտ էին «փշրանքներ»: Մի օր էլ տանը, երբ եղբայրս սենյակում չէր, նրա համակարգչի վրա ալկոհոլի ազդեցության մասին պատմող մի տեսանյութ բաց թողեցի, որը նախկինում մեծ ազդեցություն էր ունեցել վրաս, և դուրս եկա սենյակից: Մի քանի օր անց, երբ խոսում էի եղբորս հետ, նա պատմեց, որ վերադառնալով սենյակ՝ տեսել էր տեսանյութը և որոշել էր «մի փոքր» դիտել: Մի փոքրը վերածվել էր տեսանյութը ամբողջությամբ ավարտելուն, ապա սկսել էր դիտել կողքից առաջարկվող տեսանյութերը և մի քանի օր անց նույնիսկ նրանից էլեկտրոնային նամակ եմ ստանում` «Նայի՛ր այս ինչ հետաքրքիր տեսանյութ է» և ուղարկում է ինձ նույն թեմայով մեկ այլ տեսանյութի հղում: Հասկանո՞ւմ եք: Նա վերցրել էր «փշրանքը», այն ազդել էր նրա վրա: Դրանից երկու տարի է անցել և եղբայրս ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում և այդ որոշմանը եկել է ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ:

Հ.Գ.
Հուսով եմ հոդվածը Ձեզ ինչ-որ օգուտ տվեց և ինչ-որ բան փոխեց Ձեր մտածելակերպում: Կամ միգուցե սա հերթական «փշրա՞նքն» էր:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: