Գիտակցական կյանք

Յուրաքանչյուր մարդ գտնվում է գիտակցության որոշակի մակարդակում: Գիտակցության մակարդակն այն է, թե որքան լայն ես դու տեսնում քեզ շրջապատող աշխարհը: Ծնունդից մինչև մահ մենք անցնում ենք գիտակցության տարբեր մակարդակներով: Սովորաբար գիտակցության ամեն հաջորդ մակարդակն ավելի «բարձր» է, քան նախորդը. այնտեղից ավելի շատ բան ես տեսնում: Գիտակցության մակարդակներով մենք անցնում ենք այսպես թե այնպես` տարիքից կախված, փորձից ելնելով: Բայց գիտակցության քանի մակարդակ կանցնենք և որքան կմոտենանք գիտակցության բարձրագույն մակարդակին, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ են անվանում, կախված է միայն նրանից, թե որքան ջանք մենք կներդնենք:

Գիտակցության ամեն մակարդակ ունի գիտակցության վիճակներ: Անցնելով գիտակցության որոշակի քանակությամբ վիճակներով՝ մենք փոխում ենք գիտակցության մակարդակը: Օրինակ, երբ մարդն ավարտում է կրթությունը, աշխատանքի է անցնում, ամուսնանում է, երեխա է ունենում. սրանցից յուրաքանչյուրն առանձին վերցված գիտակցության վիճակի փոփոխություն է, սակայն բոլորը միասին մարդուն տեղափոխում են գիտակցության հաջորդ մակարդակ, որը մենք անվանում ենք «հասուն կյանք»: Ինչո՞ւ ենք մենք տարեց մարդկանց անվանում իմաստուն: Որովհետև, ենթադրվում է, որ նրանք գտնվում են գիտակցության ավելի բարձր մակարդակում, քան մենք, իսկ դա պայմանավորված է նրանով, որ նրանք անցել են գիտակցության ավելի շատ վիճակներով (ժողովրդի լեզվով ասած՝ «կյանքում ավելի շատ բան են տեսել»):

Հաճախ տարբեր մարդիկ իրար չեն հասկանում միայն նրա համար, որ նրանք գտնվում են գիտակցության տարբեր մակարդակներում: Իսկ գիտակցության տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ միևնույն բանը տարբեր կերպ են տեսնում: Օրինակ, ծնողների և երեխաների հաճախ հանդիպող տարաձայնությունները հենց սրա արդյունք են: Ինչպե՞ս նրանք կարող են չվիճել, երբ միևնույն բանին նայում են գիտակցության տարբեր մակարդակներից. մեկն ավելի լայն է տեսնում, մյուսն՝ ավելի սահմանափակ: Մարդը, ով մտածում է միայն իր մասին, երկրորդը, ով մտածում է իր և ուրիշների մասին և երրորդը, ով մտածում է միայն ուրիշների մասին, իրար չեն հասկանում: Նմանապես ոչ բուսակեր մարդը չի հասկանում բուսակերին, դասական երաժշտության սիրահարը չի հասկանում ռոքի սիրահարին, ընկերության աշխատակիցները չեն հասկանում ընկերության ղեկավարին, ազատության մեջ գտնվող մարդը չի հասկանում բանտում նստածին, մի երկրի բնակիչը չի հասկանում մյուս երկրի բնակչին և այսպես շարունակ, իսկ պատճառն այն է, որ բոլոր այս մարդիկ գտնվում են գիտակցության տարբեր վիճակներում կամ մակարդակներում: Հիշեք՝ երբ հանդիպում եք մարդկանց, ովքեր այնպիսին չեն, ինչպիսին դուք, միևնույն իրավիճակում իրենց այլ կերպ են պահում, միևնույն խնդրի համար տարբեր լուծում են տեսնում, հավանաբար դուք գտնվում եք գիտակցության տարբեր մակարդակներում (կարևոր չէ՝ «բարձր», թե «ցածր»), հետևաբար պարզագույն «ես ճիշտ եմ, դու սխալ ես» մոտեցումը այս դեպքում սահմանափակ է, փորձեք ավելի լայն մտածել:

Մի եղեք այնպիսին, ինչպիսին երեկ էիք

Քանի որ մենք ապրում ենք հասարակության մեջ, որոշակի միջավայրում, հենց այդ միջավայրն է որոշում մեզ համար գիտակցության այն մակարդակները, որոնց միջով մենք անցնելու ենք: Այսինքն, այդ միջավայրում ընդունված է, որ դու պետք է անես սա, ապա սա, հետո մյուսը և վերջապես սա, սա, սա, և վե՛րջ: Այսինքն, եթե չլինի արտասովոր ինչ-որ բան կամ դուք չունենաք շատ մեծ ցանկություն, դուք անցնելու եք գիտակցության նույն մակարդակներով, որով անցնում են ձեր միջավայրի մյուս մարդիկ: Այսինքն, դուք դառնալու եք ձեր միջավայրը: Սակայն, եթե դուք չեք ուզում դառնալ ձեր միջավայրը, ուզում եք գիտակցության ավելի շատ մակարդակներով անցնել, աշխարհն ավելի լայն տեսնել, սովորել և հասկանալ այն, ինչը ձեզ հրաշք է թվում, դուք ինքներդ պետք է այնպես անեք, որ տեղափոխվեք գիտակցության հաջորդ մակարդակներ: Իսկ դրա համար պետք է գիտակցության նոր վիճակներ ձեռք բերել: Եթե անում եք այն, ինչ միշտ արել եք, դուք չեք կարող գիտակցության նոր վիճակներ ձեռք բերել: Դուք պետք է բաց լինեք «նորի» համար, դուք պետք է սիրեք փորձել: Երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է անում, ինչը ձեզ անհասկանալի է թվում, դուք չպետք է մտածեք` «ինչ տարօրինակ մարդ է սա», այլ հակառակը՝ պետք է փորձեք հասկանալ նրան, հասկանալ նրա գիտակցության վիճակը: Չէ՞ որ, ձեռք բերելով գիտակցության այդ վիճակը, դուք միգուցե տեղափոխվեք գիտակցության հաջորդ մակարդակ:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: