Երբ մենք ինչ-որ բան ենք որոշում անել և չենք անում, հաճախ պատճառն այն է, որ սկզբնական ոգևորությունն արագ մարում է, մենք սկսում ենք այլ բաներով զբաղվել և այն, ինչ որոշել էինք, դուրս է գալիս մեր կենտրոնացման դաշտից: Մոռանալը կամ չանելը մեզ հեշտությամբ է տրվում, քանի որ խանգարող բան չկա, կորցնելու ոչինչ չունենք, պատասխանատվություն ոչ ոքի առջև չենք զգում: Նույնիսկ, եթե որոշակի պատասխանատվություն ինքներս մեր առջև ենք զգում, ապա փորձում ենք խաբել մեզ, թաքցնել, ծածկել այդ պատասխանատվությունը մեր գիտակցության հեռավոր անկյուններից մեկում:

(Նախա)պատմություն

Ելույթ ունենալ

Տարիներ առաջ ընկերոջս հետ պետք է մասնակցեինք մի միջոցառման, որի ժամանակ մասնակիցները մեծ լսարանի առջև ելույթ պետք է ունենային: Քանի որ ընկերոջս մոտ ելույթ ունենալն ավելի լավ էր ստացվում, նախատեսվում էր, որ այս անգամ էլ ելույթ կունենա նա, ինչպես նախկինում էինք անում: Սակայն ելույթից երկու օր առաջ նրանից առաջարկ ստացա. «Այս անգամ ելույթը դու արա»: «Կանե՛մ», — արագ հնչեց պատասխանը, իսկ գիտակցությունս զուգահեռ մտածում էր` «ինչպես եմ տակից դուրս գալու»: Մեծ լսարանի առջև ելույթ ունենալը նախկինում ինձ մոտ միշտ վախի զգացում էր առաջացնում և դրանից խուսափելու համար պատճառներ միշտ էլ գտնում էի, բայց այս անգամ ամեն ինչ այլ էր: Խոստումը, որ տվել էի, կարծես ասում էր` «ելույթ կունենաս և վե՛րջ, այլ տարբերակ չկա»: Եվ ելույթ ունեցա: Եթե անկեղծ, ամեն ինչ վատ անցավ, բայց ելույթից հետո դա ընդհանրապես կարևոր չէր, քանի որ այն սահմանը, որտեղ նախկինում վախենում էի ոտք դնել, հաղթահարված էր: Դա իմ կյանքի կարևորագույն օրերից էր, քանի որ երբ մեկ անգամ անում ես այն, ինչը քեզ մոտ վախ է առաջացնում կամ ինչից խուսափում ես, վախը սկսում է մարել և ինչ-որ պահի ամբողջությամբ անցնում է: Այդպես էլ եղավ: Դրանից հետո բազմաթիվ ելույթներ են եղել և դրաք ինձ միայն հաճույք են պատճառել:

Այրեք հետադարձ կամուրջները

այրել հետադարձ կամուրջները

Հասկանո՞ւմ եք, թե ինչումն է գաղտնիքը: Երբեմն ինչ-որ բան անելու համար պետք է այրել հետադարձ կամուրջները, այսինքն թողնել մեկ տարբերակ` «պետք է անել»: Խոստում տալը հաճախ դա ապահովում է: Երբ դուք ինչ-որ բան եք որոշում անել և կիսվում եք այդ մասին ձեր ընկերների կամ մարդկանց այլ խմբերի հետ, դուք պատասխանատվություն եք զգում, որպեսզի մտածածն իրականություն դարձնեք և դա ձեզ համար շարժիչ ուժ է դառնում, որպեսզի անեք այն, ինչը հավանաբար չէիք անի այլ դեպքում: Օրինակ, եթե դուք քաշի հետ կապված խնդիրներ ունեք և որոշում եք նիհարել, առաջին մի քանի օրերից հետո դուք ձեր որոշումից հանգիստ կարող եք հրաժարվել, քանի որ կորցնելու ոչինչ չունեք և հրաժարվելը ձեզ հեշտությամբ է տրվում: Բայց եթե որոշեք նիհարելու մասին ձեր որոշմամբ կիսվել ընկերներից մի քանիսի հետ, դուք պատասխանատվություն կզգաք նրանց առջև, եթե հանկարծ որոշումից հրաժարվեք: Նույնիսկ, եթե նրանց համար պատճառներ գտնեք, միևնույնն է, ամեն անգամ նրանց հետ շփվելիս ձեր մեջ անհարմարավետության որոշակի զգացում կունենաք, քանի որ «խոստում» եք տվել և չեք կատարել:

Նույնը սպորտում, բիզնեսում, և այլուր…

վազել ընկերոջ հետ

Նմանատիպ բազմաթիվ այլ օրինակներ կարելի է բերել, երբ խոստումը գործողության է պարտադրում: Երբ առավոտյան ձեր աչքերը դժվար բացվեն, դուք կմոռանաք առավոտյան վազելու ձեր` նախօրեին կայացրած որոշման մասին: Սակայն դուք մեկ ժամ շուտ ոտքի կանգնած կլինեք, եթե խոստացել էիք ընկերոջը, որ վազելու եք միասին: Հիշեք այն առավոտները, երբ պետք է արշավի գնաք: Կարո՞ղ է այդ ժամանակ քունը կանգնեցնել ձեզ: Ես գիտեմ մարդկանց, ովքեր սոցիալական ցանցերում գրել են` «Ես շուտով բիզնես եմ ունենալու»: Տարիներ անց նրանք այդ բիզնեսն իրոք ունեցել են, քանի որ «խոստացել էին»: Ես կարդացել եմ նաև շատ գործարարների մասին, ովքեր միլիոնատեր են դարձել այն հիմնական շարժառիթի շնորհիվ, որ խոստացել են ինչ-որ մեկին (անձնական թրեյներ, կին կամ ընկերության աշխատակիցներ):

Խոստում տալը մղում է գործողության: Խոստումը մեզ հրում է նույնիսկ այն ժամանակ, երբ շարժվելու մտադրություն չունենք: Դա կարելի է կիրառել այնքան ժամանակ, քանի դեռ չեք մարզել ձեր կամքի ուժն այնքան, որ դրա կարիքն այլևս չլինի: Իսկ մինչ այդ, որպեսզի ձեր որոշումներն իրականություն դառնան, երբեմն «խոստացեք», որ դա կանեք:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: