Պլանավորում

Չարված գործերի մասին մտքերը, առավել քան մյուսները, ծանրաբեռնում են մեր ուղեղը: Ծանրաբեռնված ուղեղը սկսում է սխալվել` որոշ բաներ մոռանում է, որոշ բաներ խառնում, որոշ բաներ էլ անում ոչ այնպես, ինչպես պետք է: Ուստի առաջին քայլը, որ մենք պետք է անենք, ուղեղի ծանրաբեռնվածությունից ազատվելն է: Դրա համար պետք է մտքերը ուղեղից տեղափոխել այլ տեղ: Այլ տեղը կարող է լինել թուղթ, գրատախտակ, համակարգիչ կամ հեռախոս: Ես ավելի կողմ եմ թղթին և գրատախտակին, քանի որ դրանք միշտ աչքի առաջ են` ի տարբերությունը հեռախոսի և համակարգչի, որոնցում գրվածը կարող է մոռացվել: Գործերի մասին երևացող տեղում նշումներ անելու նպատակը միայն դրանց մասին հիշելը չէ: Ամեն անգամ դրանք տեսնելիս` մենք պատասխանատվություն եք զգում, որ պետք է գործն ավարտին հասցնենք: Հակառակ դեպքում, մենք ինքներս ենք հաճախ ենթագիտակցորեն մեզ ստիպում որոշ գործերի մասին մոռանալ, որպեսզի դրանց իրականացման պատասխանատվությունից խուսափենք: Այդպես ինքներս մեզ ենք խաբում:

Երկարաժամկետ գործերը, որոնք պետք է անել, օրինակ, մեկ ամսվա կամ տարվա ընթացքում, կարելի է գրել մեծ թղթի վրա և ամրացնել պատին` երևացող տեղ: Այդպես էի ես անում նախկինում և բոլոր գործերը, անկախ նրանից, թե որքան բարդ էին դրանք թվում, ավարտին էի հասցնում: Վերջերս էլ որոշեցի գրատախտակ ձեռք բերել, որոնք սովորաբար կարելի է տեսնել գրասենյակներում և ամրացնել այն տանը` այնտեղ, որտեղ աշխատում եմ: Գրատախտակի փորձը շատ հաջող էր: Դրա վրա սկսեցի նշել ոչ միայն երկարաժամկետ գործերը` իր ենթակետերով, այլ ամենօրյա, մանր-մունր գործերը: Դրանք անընդհատ աչքի առաջ են, անընդհատ ջնջում ես կամ ավելացնում և գործերի հետ կապված բոլոր մտքերը մեկ վայրում են և միշտ թարմացված են պահվում: Դա ուղեղի համար իրական հանգստություն է ապահովում և շատ արդյունավետ է աշխատում:

Հաջորդ տարբերակի մասին բազմիցս եմ խոսել և շատերն են այդ մասին խոսում: Դա ամեն օր ընթացիկ գործերը փոքր թղթի վրա գրելն ու այդ թուղթը գրպանում պահելն է: Դա ստիպում է ձեզ հիշել և պատասխանատվությամբ մոտենալ օրվա գործերին և օրվա վերջում` կախված ջնջված տողերից, դուք ամփոփում եք օրը և ձեզնից գոհ կամ դժգոհ մնում:

Եթե այս եղանակներից որևէ մեկն արդեն կիրառում եք, հետևաբար գործերի մասին հիշելու ծանրաբեռնվածությունն ուղեղից տեղափոխել եք այլ տեղ: Հանգիստ ուղեղով այժմ դուք պատրաստ եք հաջորդ քայլը կատարելու: Իսկ հաջորդ քայլը հետևյալն է` արեք դա հիմա: Եղե՞լ է ձեզ մոտ այնպես, երբ տանը կամ աշխատանքի վայրում քայլելիս, գետնի վրա ինչ-որ թուղթ կամ այլ իր եք նկատել, որը պետք է նետել աղբարկղ, սակայն ամեն անգամ դրա կողքով անցնելիս ոչինչ չեք արել, չնայած դա ձեզ նյարդայնացրել է: Ինչ-որ պահի դուք այն վերցնել և նետել եք, բայց դա չի եղել միանգամից: Հենց դա էլ «հետո անելու» սովորությունն է, երբ ինչ-որ բան կարող ես անել հիմա, բայց հետաձգում ես: Նույն կերպ մենք հաճախ վարվում ենք գործերի հետ: Կան շատ գործեր, որոնք այս պահին իրականացնելու ժամանակն ու ռեսուրսները մենք ունենք, սակայն հետաձգում ենք` սպասելով չգիտես ինչի: Այդպես գրատախտակի կամ թղթի վրա գրված տողերն ավելի երկար են մնում և դուք անընդհատ նույն գործերն եք տեսնում: Իսկ ուղեղին սովորություն ձևավորելու համար պետք է առաջընթաց տեսնել: Հակառակ դեպքում, եթե երեք օր շարունակ դուք նույն գործերը տեսնեք, ձեռք կբերեք «դանդաղ գործելու» սովորությունը, ինչի արդյունքում գործերը կկուտակվեն և որոշ բաներ դուք կորոշեք պարզապես չանել:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: