Սոցիալական ցանցերից կախվածություն

Պարզվում է, որ այսօր շատերը գիտակցում են, որ ֆեյսբուքում անդադար ժամանակ անցկացնելը կախվածություն է. սովորություն, որն իրենք չեն ղեկավարում, բայց նույնիսկ գիտակցելով դա` չեն կարողանում ոչինչ փոխել: Վերջերս ինձ փոքրիկ մարտահրավեր նետեցի, որոշելով, որ երեք ամիս ֆեյսբուք չպետք է մտնեմ: Երեքը վերածվեց չորսի և այդ ամիսներն ուղեղի համար ամենահանգիստ ամիսներից էին ինձ համար: Սակայն քանի որ ես ֆեյսբուքը հիմնականում օգտագործում եմ գործնական նպատակներով, ամբողջովին չօգտագործել այն չեմ կարող, այդ պատճառով մշակել եմ ինձ համար ֆեյսբուքից օգտվելու որոշակի սկզբունքներ, որոնք թույլ են տալիս ինձ ղեկավարել ֆեյսբուքի օգտագործումը և դրանցով ուզում եմ կիսվել նաև ձեզ հետ:

1. Ջնջեք Ֆեյսբուք հավելվածը

Ծանուցումները, որոնք դուք օրվա ցանկացած ժամին ստանում եք ֆեյսբուք հավելվածից, երբեք թույլ չեն տա ձեզ մոռանալ ֆեյսբուքի մասին: Դա նույնն է, եթե դուք փորձեք քիչ քաղցրավենիք ուտել, երբ այն ձեր սենյակում սեղանի վրա դրված է` անընդհատ աչքի առաջ: Սկսեք օգտվել ֆեյսբուքից միայն կայքի օգնությամբ` նույնիսկ ձեր սմարթֆոնում: Այդպես ծանուցումներ դուք չեք ստանա և ինքներդ կորոշեք, թե երբ մտնել սոց. ցանց: «Կարելի է պարզապես անջատել հավելվածի ծանուցումները»,- միգուցե մտածեք դուք: Բայց նույնիսկ դա լուծում չէ, քանի որ հավելվածի միջոցով ֆեյսբուք մտնելն ավելի հեշտ է և հարմարավետ, և հավելվածի նշանը դուք անընդհատ տեսնելու եք ձեր սմարթֆոնի էկրանին, ինչը հիշեցնելու է ձեզ ֆեյսբուքի մասին:

Ձեզ պետք է ստեղծել ֆեյսբուք մտնելու որոշակի արհեստական անհարմարավետություն, որը «կարգելակի» ձեզ ամեն անգամ, երբ դուք ցանկանաք արագ հայտնվել շփման այդ հարթակում:

2. Օգտագործեք “Sign out” կամ «Ելք» հղումը

Ֆեյսբուքում հայտնվելուց և որոշակի ժամանակ անցկացնելուց հետո դուրս եկեք կայքից միայն այս եղանակով, այլ ոչ թե պարզապես դիտարկիչը (browser) փակելով: Հաջորդ անգամ, երբ դուք փորձեք մտնել սոց. ցանց, ակնթարթորեն բացվող նորությունների և ընկերների նոր նկարների փոխարեն ստիպված կլինեք տեսնել էկրան, որտեղ պետք է մուտքագրեք ձեր ծածկանունն ու ծածկագիրը: Եվ այդտեղ է, որ ձեր ենթագիտակցությունը կերկմտի. «Արժե՞ արդյոք ջանք գործադրել սոց. ցանցում հայտնվելու համար, չէ՞ որ քիչ առաջ այնտեղ էի, դժվար թե այս ընթացքում որևէ շտապ, անհետաձգելի բան եղած լինի»:

3. Քնելուց առաջ սմարթֆոնն այլ սենյակում թողեք

Ամենահարմար պահերից մեկը ֆեյսբուք մտնելու համար այն է, երբ պարզապես պառկած եք անկողնում` արթնանալուց հետո կամ քնելուց առաջ: Մենք հաճախակի ենք օգտվում ֆեյսբուքից, քանի որ դա հեշտ է: Եթե հեռախոսը կողքիդ է, փորձելու եք ևս մեկ անգամ լրացուցիչ ստուգել, թե ինչ է կատարվում ձեր լրահոսում: Սակայն դուք չեք անի դա, եթե ստիպված եք լինելու վեր կենալ տեղից և կողքի սենյակ գնալ, կամ նույնիսկ եթե սմարթֆոնը ձեր սենյակում է, բայց ձեզանից հեռու:

Այս երեք խորհուրդներն էի ուզում տալ ձեզ, որոնք ես կիրառում եմ և որոնք ինձ օգնում են: Հուսով եմ` դրանք կօգնեն նաև ձեզ: Ամեն դեպքում, եթե զգում եք, որ ֆեյսբուքի օգտագործումը ձեզ մոտ վերահսկողությունից դուրս է եկել, լուրջ վերաբերվեք դրան, քանի որ ֆեյսբուքն արդեն դասվում է այն «զվարճանքների» շարքին, որոնք շեղում են մեզ կյանքի իրական, ավելի շոշափելի նպատակներից և արդյունքներից:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ: