ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ

Մեր ապրելակերպն ու սովորություններն ինչ-որ պահի մեզ դնում են որոշակի հունի մեջ, և մենք սկսում ենք ընթանալ այդ հունով: Իսկ երբ կարիք է լինում դուրս գալ այդ հունից, կյանքի նոր տարածքներ մտնել, փորձել, անորոշությունից բխող վախն ու տագնապը պատում են մեզ և արգելակում:

***

Կյանքի տարբեր ոլորտներում դուք ինքներդ պետք է որոշեք` ուզում եք կայունությո՞ւն, թե՞ աճ: Եթե ընտրեք կայունությունը, ապա հարմարավետության գոտուց դուրս գալու կարիք չի լինի, կշարժվեք ձեր կյանքի բնականոն հունով: Սակայն եթե ընտրեք աճը, ապա պետք է անընդհատ դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց, պետք է անեք այն, ինչը նախկինում վախ էր առաջացնում, և հաղթահարեք այդ վախը:

***

Երբեմն, կյանքի որոշակի իրավիճակներում, երբ պետք է քայլ կատարել, իմ մեջ նույնպես վախ է առաջանում: Բայց ես երբեք չեմ ամաչում այդ վախից և չեմ ամաչում առաջին հերթին ինքս իմ առաջ: Գիտե՞ք` ինչու: Որովհետև, անկախ վախից, ես միշտ կատարում եմ այդ քայլը: Վախը դեր չի խաղում, երբ քայլն արդեն կատարված է: Վախն անհետանում է, երբ ընդլայնվում են հարմարավետության գոտու սահմանները:

ՈՉ ՊԵՏՔԱԿԱՆ ԻՐԵՐ

Երբ ես սկսեցի առանձին ապրել և որոշեցի ազատ տարածություն ստեղծել իմ ուղեղի և նոր իրերի համար, առաջին բանը, որ արեցի, հին իրերից ազատվելն էր:

***

Քանի՜-քանի անգամ է եղել, երբ տեսել եք իրը, հասկացել եք, որ այն երկար ժամանակ է` նույն տեղում է, դրանից պետք է ազատվել, բայց ոչինչ չեք արել: Քանի՜-քանի անգամ հագուստի պահարանի դուռը չի փակվել, քանի որ հին հագուստները մնում են, իսկ նորերը` ավելանում: Քանի՜-քանի անգամ է պատահել, որ բացել եք սառնարանը, իսկ այնտեղ այնքան շատ բան կա, որ մոռացել եք, թե ինչու էիք բացել:

***

Հին իրերը, որքան էլ թանկ հիշողություններ կապված լինեն դրանց հետ և ժամանակին մեզ համար արժեք ներկայացրած լինեն, պահում են մեզ անցյալում: Դրանք լցնում են այն բաց տարածությունները, որոնք մեզ պետք են, որպեսզի ապրենք ներկայով և ապագայով:

ՀԵՌԱԽՈՍ

Յուրաքանչյուր ժամանակաշրջան ստեղծում է իր սովորությունները:

***

Շատ դեպքերում, երբ հեռախոսը մեր ձեռքում է, այնպիսի տպավորություն է, ասես մենք ենք հեռախոսի ձեռքում:

***

Հետո սկսեցի ուշադրություն դարձնել, որ հեռախոսն առաջին բանն է, որ ձեռքս եմ վերցնում արթնանալուն պես: Այն ձեռքիս է նաև քնելուց առաջ: Այն ձեռքիս է այն ժամանակ, երբ պետք է նայեմ զրուցակցիս աչքերին: Այն ձեռքիս է այն դեպքերում, երբ պետք է շուրջս նայեմ` զգոն լինելու, հնարավոր վտանգը կանխատեսելու համար: Հեռախոսը ձեռքիս էր ուտելիս, հանգստանալիս, աշխատելիս, նույնիսկ զուգարանում:

***

Առաջին բանը, որ կնոջս հետ պայմանավորվեցինք, հետևյալն էր. երբ ինչ-որ տեղ նստած ենք, հեռախոս չենք հանում և սեղանին չենք դնում, նույնիսկ եթե այդպես ավելի հարմար է: Այն չպետք է աչքի առաջ լինի, չպետք է ուշադրությունը շեղի զրուցակցից:

ՋՈՒՐ

Ջրի պակաս մենք առայժմ չենք զգում, բայց դրա նախանշաններն արդեն կան: Երբ ես փոքր էի, ջրաչափեր չկային, մարդիկ օգտագործում էին ջուրն այնքան, որքան ցանկանային: Այդ ժամանակ ջուրը շշերով չէին վաճառում, քանի որ ենթադրվում էր, որ այն ամենուր կա:

***

Ջուր խմելը ես դարձրեցի սովորություն և ուրախ եմ դրա համար: Նույնիսկ խնջույքների կամ միջոցառումների ժամանակ ոչ մի հյութ ինձ այնպիսի հաճույք չի պատճառում, որքան սովորական ջուրը:

***

Հալեցված ջրի ազդեցությունը ես զգացել եմ իմ իմունիտետի վրա. դարձել եմ ավելի դիմացկուն, սկսել եմ քիչ հիվանդանալ: Նույնիսկ այն հազվադեպ դեպքերում, երբ հիվանդանում եմ, հիվանդությունն անցնում է արագ և թեթև, ոչ այնպես, ինչպես նախկինում:

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ

Մտավոր աշխատանքով զբաղվող մարդու համար ֆիզիկական ակտիվությունը հանգստանալու լավագույն միջոցն է:

***

Եթե նախկինում մտածում էի, որ սպորտով զբաղվելու ժամանակ չունեմ, քանի որ ունեմ ընտանիք և գործեր, հիմա հասկանում եմ, որ պետք է զբաղվեմ սպորտով, քանի որ ունեմ ընտանիք և գործեր:

***

Արդեն երկար ժամանակ է` շրջապատում ինձ համոզում են մեքենա վարել: Այսինքն` ինձ համոզում են հրաժարվել քայլելու ակտիվից: Ես չգիտեմ որևէ մեկին, ով մեքենա ունի, բայց շատ է քայլում, սակայն համոզված եմ, որ այդպիսինները կլինեն: Երբ մի նժարին դնում ես փոքր-ինչ հարմարավետությունը, իսկ մյուսին` ֆիզիկական լավ զգացողություններն ու առողջությունը, ապա երկրորդ նժարը (համենայնդեպս, իմ դեպքում այդպես է) իջնում է ներքև: Քայլելն ինձ համար այնքան կարևոր է, որ ես երբեք չեմ հրաժարվի դրանից:

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ

Փոքր տարիքից մեզ սովորեցրել են սնվել ոչ թե առողջ, այլ համեղ:

***

Առողջ սնվելու գլխավոր սկզբունքներից մեկը կայանում է նրանում, որ ուտելուց հետո մարդը պետք է զգա իրեն այնպես, ինչպես ուտելուց առաջ` պարզապես առանց սովածության զգացումի:

***

Սննդի վրա ուշադրություն չդարձնելը նման է «ռուսական ռուլետկա» խաղին, երբ ատրճանակը ցանկացած պահի կարող է կրակել:

***

Մի՞թե տարօրինակ չէ, որ բնությունը մեզ տալիս է ինչ-որ սննդատեսակներ` իրենց համային հատկանիշներով, տալիս է մեզ համն ընկալելու ունակությունը, բայց մենք արհեստական միջոցներով` աղ օգտագործելով, այնքան ենք ուժեղացնում այդ սննդատեսակների համը, որ թուլանում է մեր` համն ընկալելու զգացողությունը: Միգուցե եթե մենք ժամանակին չսկսեինք աղ օգտագործել, դրա կարիքը երբեք էլ չզգայի՞նք: