ԾԽԵԼ

Ես գիտեմ մարդկանց, ովքեր իրենց ողջ կյանքի ընթացքում ծխում են և առողջ են: Ես, իհարկե, շատ ուրախ եմ դրա համար, սակայն նրանց ես կհամեմատեմ վիճակախաղով մեծ գումար շահած մարդկանց հետ: Հարցն այսպիսին է. դուք համոզվա՞ծ եք, որ կշահեք վիճակախաղը:

***

Երբ ես տեսնում եմ, թե ինչպես է մարդը, մեքենայից իջնելով, առաջին հերթին վառում ծխախոտը, թե ինչպես են փողոցում քայլող երիտասարդներն ուրախ-ուրախ ծխում, թե ինչպես են կոստյումով, լուրջ տեսքով մարդիկ մի ձեռքում սուրճը, մյուսում` ծխախոտը, վայելում ընդմիջումը, հասկանում եմ, որ այդ սցենարները մտցվել են մեր կյանք` սկզբում արհեստականորեն, հետո մենք ինքներս ենք սկսել դրանք տարածել: Ինչ-որ պահից սկսած` հասարակությունն ինքն է անում այն գործը, որի գաղափարն իրենը չէ:

***

Ծխախոտի տուփի վրա գրված է. «Ծխելը վնասակար է առողջության համար»: Այնտեղ գրված չէ` «Ծխելը գուցե վնասակար է առողջության համար» կամ «Շատ ծխելը վնասակար է առողջության համար»:

ԱԼԿՈՀՈԼ

Հետաքրքիր է, բայց ժամանակին մտքովս անգամ չէր անցնում, որ կարելի է չխմել: Ալկոհոլը մտած է մեր առօրյա այնպես, ինչպես ուտելը, առավոտյան լվացվելը կամ բարևելիս միմյանց ձեռք սեղմելը:

***

Ալկոհոլ օգտագործելու սովորությունն այդքան տարածված է մեկ հիմնական պատճառով` դա անում են բոլորը:

***

Մարդիկ ալկոհոլը չեն ընկալում այնպես, ինչպես, օրինակ, ծխելը: Պատճառները մի քանիսն են: Նախ` ալկոհոլ ամեն օր չենք օգտագործում, այլ, ինչպես ժողովուրդն է սիրում ասել` միայն առիթից առիթ: Երկրորդ` դրա բացասական ազդեցությունը օրգանիզմի վրա այնքան էլ ակնհայտ չէ և այնքան չի լուսաբանվում, ինչպես ծխելու դեպքում: Հակառակը, միշտ էլ պտտվել են խոսակցություններ, թե ինչպես է, օրինակ, օղին կանխարգելում հարբուխն ու մրսածությունը, ինչ հրաշքներ է գործում կարմիր գինին, կամ ինչպես է պապիկն ապրել մինչև 95 տարեկան, քանի որ ամեն առավոտ մեկ բաժակ խմել է: Եվ երրորդ` ալկոհոլի չափավոր օգտագործումը չի համարվում կախվածություն:

***

Ալկոհոլից հրաժարվելուց հետո սկսում ես ավելի գիտակցաբար ապրել:

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ

Հեռուստացույցի միջոցով մարդուն ցուցադրում են այն, ինչ նա պետք է իմանա:

***

Հեռուստացույցի միջոցով հնարավոր է ազդել մարդու վրա: Նրա գլխում հնարավոր է արմատավորել ինֆորմացիա, որը հետագայում կդառնա որոշում, և մարդը կընդունի այն` որպես սեփական:

***

Ես չէի ցանկանում իմանալ, թե որ երգչուհին երբ է ծնվել, ում հետ է ապրում, քանի երեխա ունի, ինչ մեքենա է վարում կամ ինչի մասին է երազում: Ես չէի ուզում սերիալների հերոսներին վերաբերվել այնպես, կարծես դրանք իրական մարդիկ են: Ես չէի ուզում թոք-շոուի հյուրերի կյանքի պատմություններով ապրել, կարծես դա ինչ-որ բան փոխում է: Մի խոսքով` հեռուստացույցը շեղում էր կենտրոնացումը մի բանից, ինչն իսկապես կարևոր էր` ժամանակը սեփական կյանքին հատկացնելուց:

ՍԹՐԵՍ

Հիմնականում վնասում են ոչ թե սթրես առաջացնող հանգամանքներն ու իրավիճակները (այսպես կոչված` սթրեսի հարուցիչները), այլ դրանց հանդեպ վերաբերմունքը:

***

Երբեմն մենք այնքան նեղ ենք նայում կյանքին, որ մանրուքները մեզ հսկայական են թվում և սթրեսի առաջացման պատճառ են դառնում:

***

Խնդիրներ կան բոլորի կյանքում (սովորաբար մենք միայն մերն ենք տեսնում), սակայն երբ սովորում ես ապրել խնդիրների հետ, փորձում ես լուծել դրանք և վայելել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա, խնդիրները դադարում են խնդիր լինելուց, և սկսում ես սիրել կյանքը` անկախ ամեն ինչից:

***

ես չեմ ուզում, որ դուք հաղթահարեք սթրեսը, ես ուզում եմ, որ այն ձեզ մոտ չառաջանա:

ԶԱՅՐՈՒՅԹ

Զայրույթը խանգարում է լուծել խնդիրը, որից էլ հենց առաջացել է այդ զայրույթը: Իսկ ավելի հաճախ այն ստիպում է լուծել խնդիրը ոչ ճիշտ եղանակով, ինչի մասին հետագայում միշտ էլ զղջում ենք:

***

Ես գիտեմ մարդկանց, ովքեր երկար տարիներ հատուցում են այն բանի համար, որ փորձել են խնդիրը լուծել զայրացած վիճակում:

***

Զայրույթ կարող է առաջանալ նաև, երբ, օրինակ, գործերումդ ինչ-որ բան չի ստացվում, կամ մարզման ընթացքում չես կարողանում վարժությունը կատարել, և այնքան ես զայրանում ինքդ քեզ վրա, որ այդ զայրույթը լրացուցիչ ուժեր է տալիս, և թաքնված հնարավորություններ են ի հայտ գալիս: Դա այն զայրույթն է, երբ անմարդաբնակ կղզում հայտնված «դժբախտը» մի քանի օր հուսահատ վիճակում մնալուց ու իրեն խղճալուց հետո որոշում է ապրել: Դա այն զայրույթն է, երբ անհաջողությունների երկար շարքից հետո որոշում ես ամեն ինչ փոխել: Դա այն զայրույթն է, երբ որոշում ես գիրքը մեկ գիշերվա ընթացքում կարդալ վերջացնել: Այդպիսի զայրույթին ես միայն կողմ եմ:

ԱՇԽԱՏԱՆՔ

Մենք աշխատում ենք ութ և ավելի ժամ ոչ թե այն պատճառով, որ դա մեզ անհրաժեշտ է, այլ այն պատճառով, որ այդպես են վարվում բոլորը:

***

Տարիներ առաջ ես հասկացա, որ միայն աշխատավարձով ապրելն ինձ համար չէ: Ես անում էի այն, ինչ անում էին բոլորը, առանց մտածելու` արդյո՞ք դա հետաքրքիր է ինձ համար, արդյո՞ք դա այն է, ինչ ես ուզում եմ:

***

Ինչ-որ պահի ես իմ առջև նպատակ էի դրել, որ չեմ ուզում ապրել միայն աշխատավարձով: Դրանից չորս տարի անց ես հասա այդ նպատակին: Չորս տարին գուցե երկար ժամանակ է, բայց, ամեն դեպքում, ես դա արեցի:

***

Շարունակելի…