1. Ազդեցություն ստեղծում եք ինքներդ

Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ ծխող մարդն ավելի ուժեղ է, ինքնուրույն և հետաքրքիր: Նույնիսկ եթե այդպես է, դա ոչ մի կապ չունի ծխելու հետ: Ուժեղ, ինքնուրույն և հետաքրքիր մարդուն դարձնում են իր գործերն ու բնավորությունը, իսկ դա որևէ առնչություն չունի ծխելու հետ:

2. Հոգ տարեք այլոց մասին

Միայն չծխելով՝ Դուք հոգ եք տանում այլ մարդկանց մասին: Դրանք և՛ Ձեր հարազատներն են, և՛ պատահական մարդիկ: Վերաբերվեք «մի ծխիր»-ին ինչպես «մի վնասիր» պատվիրանին:

3. Թեթևացրեք ուղեղի ծանրաբեռնվածությունը

Օրվա ընթացքում մենք այնքան «պարտականություններ» ունենք, այնքան բաների մասին պետք է հիշենք` սնվել, զանգահարել, խմել դեղերը, լվանալ ատամները, չուշանալ աշխատանքից, հանդիպումներից, չմոռանալ շնորհավորել, կատարել վճարումները, լիցքավորել մեքենան, և այլն, և այլն: Մի ծանրաբեռնեք Ձեր ուղեղը ևս մեկ մտածմունքով:

4. Սուրճը ջրի հետ խմեք

Հիշեք՝ լավագույն համադրությունը ոչ թե սուրճ-ծխախոտ, այլ սուրճ-ջուր համադրությունն է: Սուրճը ջրազրկող է, ուստի սուրճ խմելուց հետո օրգանիզմի ջրի Ձեր պաշարները լրացրեք մեկ բաժակ ջրով՝ հատկապես ամառվա տապին:

5. Դարձրեք Ձեր կյանքն ավելի հետաքրքիր և բազմազան

Հաճախ ծխելը միապաղաղությունը կոտրելու միջոց է: Այցելեք նոր վայրեր, նոր մարդկանց հետ շփվեք, և պարտադիր չէ, որ դա լինի ճանապարհորդություն: Նոր մտահաղացումներ, հոբիներ ձեռք բերեք, նոր ֆիլմեր, ներկայացումներ դիտեք, նոր գրքեր կարդացեք, փոխեք միապաղաղ կյանքը:

6. Մի մոռացեք Կամքի ուժի մասին

Այսօր չի ստացվում թողնել ծխելը, վաղը չի ստացվի դիմադրել որևէ այլ վնասակար սովորության կամ արարքի հանդեպ գայթակղությանը: Դրա մասին դուք հիմա չեք մտածում, բայց իրադարձությունը կգա առանց Ձեզ հարցնելու:

7. Խնայեք գումարը

Օրական ծախսվող գումարը մեկ տարի խնայեք և ոչ մի դեպքում մի ծախսեք: Մեկ տարի հետո հավաքված գումարով Ձեր փոքրիկ գործը սկսեք, ստուգեք Ձեր ուժերն ու երևակայությունը:

8. Խնայեք ժամանակը

Ծխախոտը ձեռքին անցկացրած 5-ական րոպեները փոխարինեք գործերի առաջընթացին ուղղված մտորումների օրական 1 ժամով: Ծխախոտը չի փոխում Ձեր կյանքի որակը դեպի ավելի լավը, գործերը՝ փոխում են:

9. Ազատեք գրպանը

Գրպանում երկու հեռախոս, բանալիներ, դրամապանակ պահելուց բացի դուք ստիպված եք կրել Ձեզ հետ նաև այդ «ավելորդ» տուփը: Ինչպես Ձեր ուղեղն է ազատվում մտքերից, այնպես էլ Ձեր մարմինն է ազատվում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, որքան էլ այն չնչին թվա:

10. Տարբերվեք

Հասարակությունը մենք ենք, մեզանից յուրաքանչյուրը: Բայց նույնիսկ գիտակցելով դա՝ մենք ուզում ենք տարբերվել հասարակությունից: Այսօր տարբերվելու ձևերից մեկը չծխելն է, այլ ոչ թե ծխելը:

11. Երկար ապրեք և վայելեք կյանքը

Կյանքի վերջնամասում բոլոր են պատրաստ տալ իրենց ողջ ունեցվածքը՝ միայն թե ևս մի քիչ ապրեն, ևս մի քանի առավոտ արթնանան, հարազատների ձայները լսեն, աշխատանքի գնան, զբոսնեն: Մի վտանգեք այդ ամենը:

12. Որոշում կայացրեք ինքներդ

Մենք միայն բարձրաձայն մտածում ենք, տալիս Ձեզ մտածելու տեղիք, մենք չենք դատապարտում և չենք տարբերակում, մենք համոզված ենք, որ ինչ-որ պահի Դուք ինքներդ կվերլուծեք և որոշում կկայացնեք: Ամենալավ պահը որոշում կայացնելու համար՝ հիմա: