Հոգեբանություն

Ֆոգգի մոդելին ծանոթացա մի քանի տարի առաջ: Ֆոգգն ասում է. «Եթե ուզում եք, որ մարդն իրեն պահի որոշակի ձևով, հասնի որոշակի արդյունքների և կատարի որոշակի գործողություններ, պետք է միաժամանակ լինեն հետևյալ երեք բաղադրիչները՝ մոտիվացիա, կարողություն և խթան (motivation - ability - trigger)»: Ըստ Ֆոգգի՝ մարդու պահվածքը որոշվում է այս երեք բաղադրիչների արտադրյալով, այսինքն որքան մեծ է դրանցից յուրաքանչյուրը, այնքան մոտ է մարդու պահվածքը ցանկալիին:

Ենթադրենք, դուք ուզում եք սովորել Սթենֆորդի համալսարանում: Ցանկալի պահվածքն այն է, որ մեկ տարի անց դուք սովորեք Սթենֆորդում: Եկեք խոսենք նշված երեք բաղադրիչների մասին:

Մոտիվացիա

Սա այն է, թե ինչու եք դուք ձգտում ցանկալի արդյունքին, ինչու է դա ձեզ ոգևորում, ինչպես եք դուք պատկերացնում ձեր կյանքը Սթենֆորդն ավարտելուց հետո: Այսինքն, դա ներքին ինչ-որ ուժ է, ոգևորություն, որը ստիպում է հաղթահարել արգելքները և շարժվել առաջ՝ պահելով ձեզ միշտ «ալիքի վրա»:

Կարողություն

Սա այն է, թե որքանով եք դուք ունակ տվյալ բանն անելու: Այսինքն, նույնիսկ որոշակի մոտիվացիայի դեպքում, եթե դուք չունեք ֆինանսական միջոցներ, չեք կարող սովորել Սթենֆորդում, քանի որ այնտեղ սովորելը թանկ արժե: Կամ նույնիսկ, եթե ունեք ֆինանսական միջոցներ, միգուցե չունե՞ք հնարավորություն ձեր ընտանիքն ու երկիրը երկար ժամանակով թողնելու, հետևաբար կրկին սահմանափակ եք կարողությունների հարցում:

Խթան

Սա ինչ-որ իրադարձություն է, որը հիշեցնում կամ ստիպում է ձեզ գործողություն կատարելու: Պատկերացրեք, որ մի օր հեռուստատեսությամբ դուք գովազդ եք տեսնում, որ 70% զեղչով կարող եք սովորել Սթենֆորդում: Մինչ այդ դուք արդեն երկար ժամանակ է չգիտեիք, թե ինչ անել, չնայած շատ էիք ուզում և ահա` հանկարծակի հնարավորություն: Այսինքն, դա խթան հանդիսացավ, որպեսզի դուք հիշեք ձեր նպատակի մասին և ևս մեկ քայլ կատարեք: Հետևաբար, խթանը ինչ-որ իրադարձություն է, որը ստիպում է ձեզ որոշակի քայլեր կատարել դեպի ցանկալի արդյունքը:

Ըստ Ֆոգգի մոդելի, որպեսզի ձեր պահվածքը լինի պլանավորածի պես, այս երեք բաղադրիչները պետք է լինեն միաժամանակ և որքան մեծ լինի դրանցից յուրաքանչյուրը, այնքան պահվածքն ավելի մոտ կլինի ցանկալիին: Օրինակ, պատկերացրեք, որ դուք չեք երազում սովորելու մասին, մոտիվացիան փոքր է, բայց ձեր հայրը միլիոնատեր է, հետևաբար մեծ է ձեր կարողությունը: Նաև ժամանակ առ ժամանակ նա հիշեցնում է ձեզ Սթենֆորդի մասին, բացատրում է, թե ինչ դա կարող է ձեզ տալ և դա խթան է հանդիսանում, որպեսզի դուք մտածեք այդ ուղղությամբ և քայլեր ձեռնարկեք: Այսինքն, նույնիսկ եթե բաղադրիչներից մեկը (այս դեպքում մոտիվացիան) շատ փոքր է, մյուս մեծ բաղադրիչի հաշվին (այս դեպքում կարողության) այդ երեքի արտադրյալը մեծանում է և տալիս ձեզ իրական հնարավորություն սովորելու Սթենֆորդում:

Դիտարկենք հաջորդ դեպքը: Դուք միջին ընտանիքից եք և չունեք տասնյակ հազարավոր դոլարներ Սթենֆորդում սովորելու համար: Սակայն ձեր մոտիվացիան այնքան մեծ է, դուք այնքան եք երազում Սթենֆորդի շրջանավարտ դառնալու մասին (ինչը ձեզ թույլ կտա որոշակի խնդիրներ լուծել), որ դուք անընդհատ նամակներ եք գրում տարբեր մարդկանց և կազմակերպություններին` փորձելով ստանալ որոշակի օգնություն (օրինակ՝ կրթաթոշակ): Իհարկե ստանում եք նաև պատասխաններ, ինչ-որ առաջարկներ, որոնք ստիպում են ձեզ համապատասխան քայլեր ձեռնարկել (դրանք ձեզ համար խթան են հանդիսանում): Հետևաբար, եթե նույն տեմպերով շարունակեք, ապա ինչ-որ պահի կունենաք իրական հնարավորություն սովորելու Սթենֆորդում և դա կլինի ձեր հսկայական մոտիվացիայի շնորհիվ:

Եվ վերջապես, երրորդ դեպքը: Դուք աշխատում եք ինչ-որ ընկերությունում, ունեք ֆինանսական միջին հնարավորություններ (հետևաբար՝ որոշակի կարողություն), դեմ չէիք լինի նաև արտասահմանում սովորելու (կա նաև որոշակի մոտիվացիա), բայց այնքան զբաղված եք ձեր գործերով, այնքան է ձեր ուղեղն այլ բաների մասին մտածում, որ Սթենֆորդի մասին չեք էլ հիշում: Այսինքն, ոչինչ չի հանդիսանում խթան, որպեսզի դուք քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ: Դուք չեք լսում պատմություններ, թե ինչպես են Սթենֆորդի շրջանավարտները հասնում մեծ հաջողությունների, ձեր ընկերները հանդիպումների ժամանակ չեն խոսում Սթենֆորդից, մի խոսքով, ոչինչ ձեզ չի ստիպում մտածել այդ մասին:

Հուսով եմ՝ ընդհանուր միտքը հասկացաք: Եթե ակնկալում եք որոշակի պահվածք, բայց այն չկա, պետք է մտածեք, թե այս բաղադրիչներից որոնք են պակաս կամ որոնք են այնքան թույլ, որ թույլ չեն տալիս հասնել ցանկալի արդյունքին: Կարող եք կիրառել այս մոդելը կյանքի տարբեր դրվագներում: Օրինակ, դուք ուզում եք դառնալ գործարար, բայց առայժմ գործարար չե՞ք: Պետք է հասկանաք, արդյոք ձեր մոտիվացիան է թույլ, թե ինչ-ինչ պատճառներով ձեր կարողություններն են սահմանափակ, թե ուղղակի ոչինչ չի պատահում ձեր կյանքում, որպեսզի խթան հանդիսանա, որ դուք համապատասխան քայլեր ձեռնարկեք: Եթե դուք ուսուցիչ եք, կարող եք հասկանալ, թե ինչու են ձեր աշակերտները խանգարում դասերը և չեն սովորում: Եթե ընկերության ղեկավար եք, կարող եք հասկանալ, թե ինչո՞ւ ձեր աշխատողները նվիրված չեն ընկերությանը և ինչու են նրանք թողնում աշխատավայրը ժամը լրանալուն պես: Հասկանալով թույլ բաղադրիչները՝ դուք կհասկանաք, թե ինչի վրա է պետք աշխատել և ինչն է պետք բարելավել: