Յուրաքանչյուր ժամանակաշրջան ստեղծում է իր սովորությունները: Վերջին տարիներին, երբ մեր կյանք մտան «խելոք» հեռախոսները` սմարթֆոնները, ի հայտ եկավ հերթական սովորությունը: Չնայած այս գլուխը վերնագրված է «հեռախոսով խոսելու», բայց այն հանգիստ կարելի էր անվանել «հեռախոսով քնելու», «հեռախոսով նստելու», «հեռախոսով ուտելու»: Ինչ-որ պահի ես հասկացա, որ հեռախոսը դարձել է ավելին, քան պարզապես անհրաժեշտություն: Այն դարձել է զբաղմունք, զբաղվելու իր, որն անընդհատ մեր ձեռքում է կամ աչքի առջև, և մենք չենք կարողանում ղեկավարել այդ սովորությունը: Սմարթֆոնը մեր կյանք մտցրեց մի սովորություն, որը երբ զգացի սեփական մաշկի վրա, սկսեց ինձ անչափ դուր չգալ:

Մի անգամ ես և կինս նստած էինք սրճարանում, ու զգացինք, որ երկուսիս ձեռքում էլ հեռախոս է: Երբեմն նայում էինք իրար, ժպտում, մի քանի բառ փոխանակում և կրկին հայացքներս ուղղում էկրանին: Երբ շուրջս նայեցի, կողքի սեղաններին նույն տեսարանն էր: Բոլորի ձեռքերում կամ սեղաններին հեռախոսներ էին: Հետո հիշեցի, որ հեռախոսը հաճախ իմ ձեռքում է նույնիսկ փողոցում քայլելիս (մի պահ նույնիսկ պատկերացրի ինձ վերևից, երբ քայլում եմ գլուխս կախ): Հիշեցի ընկերներիցս մեկի պատմածը, որ եվրոպական երկրներից մեկում մայթը, որով քայլում են հետիոտնները, գծով բաժանված է երկու մասի. դրանցից մեկը նախատեսված է մարդկանց համար, ովքեր քայլում են հեռախոսը ձեռքին` գլուխները կախ: Դա արված է նրա համար, որպեսզի մարդիկ իրար չխանգարեն, չբախվեն, մի խոսքով` խնդիրն այնքան է խորացել, որ նման լուծում են մտածել:

Հետո սկսեցի ուշադրություն դարձնել, որ հեռախոսն առաջին բանն է, որ ձեռքս եմ վերցնում արթնանալուն պես: Այն ձեռքիս է նաև քնելուց առաջ: Այն ձեռքիս է այն ժամանակ, երբ պետք է նայեմ զրուցակցիս աչքերին: Այն ձեռքիս է այն դեպքերում, երբ պետք է շուրջս նայեմ` զգոն լինելու, հնարավոր վտանգը կանխատեսելու համար: Հեռախոսը ձեռքիս էր ուտելիս, հանգստանալիս, աշխատելիս, նույնիսկ զուգարանում: Օրվա մեծ մասը հեռախոսն ինձ հետ էր: Այդ ժամանակ գիտակցեցի, որ դա ինձ համար մի նոր, բացասական սովորություն է, որն անպայման պետք է ղեկավարել:

Կարդալ ավելի շատ
Վերադառնալ գլխավոր էջ

«Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները»

Գրքում կառնչվեք տարածված 15 սովորությունների հետ` ծխելուց մինչև սթրեսներ, ալկոհոլ օգտագործելուց մինչև օրնիբուն քրտնաջան աշխատանք, կպարզեք, թե ինչպես են դրանք ձևավորվում, և ամենակարևորը` ինչպես պետք է դրանք ղեկավարել:

  • Հիմնված է հեղինակի անձնական փորձի վրա:
  • Գրված է Հայաստանի պայմաններում:
  • Ընթերցվում է մեկ շնչով: