Հրաչյա Մանուկյանը անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ է: Նա Հաջողության բլոգի հիմնադիրն է, «Փոխիր կյանքդ» գրքի հեղինակը և օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիրը:

«Մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ավարտել եմ ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Սակայն պարզվեց, որ հետաքրքրություններս ծրագրավորումից դուրս են: Սկզբում դա ֆինանսների ու գործարարության ոլորտն էր, հետո հասկացա, որ ինձ առաջ են շարժում մարդիկ և նրանց օգնելու, կյանքն ավելի լավը դարձնելու ձգտումը: Թե ինչ եղանակով է դա իրականություն դառնում, անընդհատ փոխվում է: Այս պահին դա իմ նոր գիրքն է` «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները», իսկ վաղը կարող է լինել, օրինակ, որևէ անբուժելի հիվանդություն ուսումնասիրելը, գործարարությունը կամ գիտությունը:»

Հեղինակը ծնվել է 1984 թ., ապրում է Հայաստանում, ամուսնացած է, ունի աղջիկ և տղա: Չի սիրում մեքենա վարել, զբաղվում է սպորտով և կարծում է, որ պետությունները, կրոններն ու սոցիալական կարգավիճակները բաժանում են մարդկանց, ովքեր մի մասն են ընդհանուրի` Երկիր մոլորակի:

«Չեմ կարծում, թե աշխարհում կա մեկը, ով հասկանում է կյանքի խաղի կանոնները: Մենք պարզապես խաղում ենք այն կանոններով, որոնք գիտենք:»
Հ. Մանուկյան