>>> Կարդալ նախաբանը օնլայն

Իրականում մեր կյանքը ղեկավարում են մեր սովորությունները: Եթե դուք ամեն առավոտ արթնանում եք ժամը 8-ին, պատրաստվում, որ ժամը 9-ին լինեք աշխատանքի վայրում, սովորության համաձայն նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով մեկնում եք աշխատանքի, աշխատում մինչև նույն ժամը, նույն ճանապարհով և նույն տրանսպորտային միջոցով վերադառնում եք, հեռուստացույցով դիտում նույն հաղորդումները նույն ժամերին, ապա ձեզ մոտ դա արդեն սովորություն է: Եվ կարևոր չէ` դա ձեր լավագույն ընտրությունն է, թե՞ ոչ, պարզապես դուք շարունակում եք անել այն, ինչ որոշակի պահից սկսած արել եք:

***

Զոհի կարգավիճակում չլինելու ձգտումն իմ կյանքում մեծ դեր է խաղացել: Հավանաբար դա կենդանական բնազդ է, որը բոլորս էլ ունենք: Սակայն դրա ընկալումը կյանքի տարբեր փուլերում տարբեր է եղել: Եթե վաղ տարիքում զոհ լինելն ասոցիացվում էր այն մտքի հետ, որ քեզ չծեծեն, չխաբեն, չօգտագործեն, ապա ավելի հասուն տարիքում հասկանում ես, որ քեզ կարող են ծեծել, խաբել և օգտագործել, բայց դու զոհ չլինես: Զոհ ես դու, թե ոչ, չեն կարող որոշել ուրիշները. դա որոշում ես միայն դու՝ քո ներսում: Քեզ կարող են գցել, բայց ոտքի կանգնողը դու ես: Քեզ կարող են խաբել, բայց եթե քեզ խաբված չես զգում, ապա զոհ չես: Ընկնելիս ոտքդ կարող է կոտրվել, բայց եթե գիտակցում ես, թե որքան բան կարող ես անել մյուս ոտքով, դու զոհ չես: Քաղցկեղով հիվանդ մարդը զոհ չէ, եթե որոշում է ապրել: Աղքատ մարդը զոհ չէ, եթե դժգոհ չէ:

***

Ես որոշել եմ մի օր վերցնել բոլոր հայտնի ֆիլմերը, կտրել այն հատվածները, որտեղ ֆիլմի հերոսներն այդքան գրավիչ ձևով ծխում են (երբ ծուխը դանդաղ բարձրանում է վեր, օդում հայտնվում են ծխի շրջանակներ, և լռության մեջ լսվում է գլանակի այրման խրթխրթոցը), և այդ հատվածներից նոր ֆիլմ ստեղծել: Համոզված եմ՝ ժամեր տևող ֆիլմ կստացվի: Ուշադրություն դարձրե՞լ եք, որ գրեթե բոլոր ֆիլմերում կան նմանատիպ դրվագներ, որտեղ փորձում են մեզ համոզել, որ ծխելու մեջ ոչ մի վատ բան չկա, հակառակը, դա համարձակության, անկախ և ինքնուրույն լինելու, լիարժեք ապրելու նշան է. չէ՞ որ նույնիսկ ֆիլմի մեր սիրելի հերոսներն են այդպես վարվում: Խնդրում եմ` հերթական ֆիլմը դիտելիս ուշադրությո՛ւն դարձրեք դրա վրա: Ես համոզված եմ, որ հսկայական գումարներ են ներդրվում ֆիլմերում այդ հատվածներն ունենալու համար: Ինձ նույնիսկ թվում է, թե շատ ֆիլմեր նկարահանվում են միայն ծխախոտը «մեր ուղեղ մտցնելու» համար:

***

Ես չեմ ուզում, որ դուք հաղթահարեք սթրեսը, ես ուզում եմ, որ այն ձեզ մոտ չառաջանա: Դրա առաջին պայմանն է սիրել կյանքն այնպիսին, ինչպիսին այն կա` անկախ դժվարություններից, անսպասելի հարվածներից, ցավերից ու կորուստներից: Երբ մենք որևէ խնդրի կամ դժվարության ենք հանդիպում, սկսում ենք բողոքել, թե ինչու հենց մենք, ինչու հենց մեզ հետ: Հետո կյանքն առաջ է բերում երկրորդ դժվարությունը (խնդիրը), ապա երրորդը, չորրորդը, և մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ երջանիկ կլինեինք, եթե լիներ միայն առաջին դժվարությունը: Հարցը վերաբերմունքի մեջ է: Օրինակ` երբ դուք կորցնում եք ձեր աշխատանքը, դուք ընդամենը կորցնում եք ձեր աշխատանքը: Դուք չեք կորցնում ձեր առողջությունը, դուք ձեր ընտանիքի հետ եք, դուք չեք գտնվում Սիրիայում, որտեղ գլխիդ ռումբեր են թափվում, դուք չեք գտնվում Աֆրիկայում, որտեղ միլիոններով մերկ են ու սոված, դուք չեք գտնվում Մեքսիկայում, որտեղ ցանկացած պահի նարկոբարոնների զոհ կարող եք դառնալ, դուք ընդամենը կորցրել եք ձեր աշխատանքը: Իրո՞ք դա այն է, ինչի պատճառով արժե սթրեսի մեջ ընկնել:

***

Եթե դուք շարժվում եք հասարակության ընդհանուր կանոններով, նույն ալիքով, կամքի ուժ ձեզ պետք չէ, քանի որ դա այնքան հզոր ալիք է, որ ձեզ իր հետ կտանի: Կամքի ուժ պետք է այն դեպքում, եթե շարժվում եք ալիքին հակառակ ուղղությամբ, անում եք ինչ-որ բան, որը չեն անում բոլորը: «Բոլորը» կամ «հասարակությունն» այստեղ բառացիորեն բոլոր մարդիկ չեն: Կախված իրավիճակից` դա կարող են լինել, օրինակ, ձեր շրջապատի մարդիկ, գործընկերները կամ ազգակիցները: