Երբ կա ինքնաղեկավարում (զգացմունքների, ներքին տրամադրության, ոգևորության), ցանկացած գործն արդյունավետ ավարտին հասցնելու հավանականությունն ավելի մեծ է: Բոլորն են ուզում գրավել աշխարհը, բայց քչերն են պատրաստ սկսել սեփական բակից և համբերատար առաջ շարժվել: Ոգևորությունը ղեկավարելով, գիտակցական փոքր, բայց ամուր հիմքի վրա կառուցված քայլերով` մենք ավելի հեշտ կհասնենք արդյունքի, քան ոգևորված ցատկելով:

Երբ մտնում ես այգի, որտեղ ամենուր ցախ է խառնիխուռն թափված և պետք է սկսես հավաքել, մի քանի զգացմունք մոտդ կարող է առաջանալ: Մեկն այն է, երբ տեսնելով գործի հսկայական ծավալը` միանգամից հիասթափվես և նույնիսկ չսկսես: Մյուսն այն է, երբ ոգևորված նետվես գործի` ցանկանալով հնարավորինս շուտ վերջացնել, բայց գործի կեսից ուժասպառ լինես և շտապելու արդյունքում` նույնիսկ ձեռքդ վնասես: Եվ երրորդն այն է, երբ գիտակցես, որ գործը շատ է, բայց եթե սկսես անել հենց հիմա, սկսես այս փոքրիկ անկյունից, վերջացնելով այն` անցնես մյուս հատվածին, ապա հաջորդին և այդպես շարունակ, և անես դա առանց շտապելու, ներքին խաղաղությամբ, բայց գործի վերջնական արդյունքին հասնելու տրամադրվածությամբ, ապա վաղ, թե ուշ բոլոր ցախերը կարգավորված կլինեն և գործն ավարտին կհասցնես գոհունակության խորը հոգոցով:

pexels-photo-27278

Կյանքում նույնպես այդպես է: Երբեմն ոգևորությունը ստիպում է մեզ շտապել, անընդհատ վազել, արդյունքում` գնալ կոր ճանապարհներով: Երբեմն «գործի» ծավալներն են մեզ վախեցնում և հիասթափեցնում, ինչի պատճառով հաճախ չենք էլ սկսում կամ արագ կիսատ ենք թողնում: Երբեմն փորձում ենք համեմատվել մարդկանց հետ, ովքեր անցել են այդ ճանապարհները քայլ առ քայլ և փորձում ենք հասնել նրանց ցատկելով, և կրկին հիասթափություն: Բայց եթե ամեն ինչ անում ես հանգիստ, գիտակցաբար, համբերատար, քայլ առ քայլ, հավատացեք, արդյունքներ անպայման կլինեն:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: