Առողջ սննդի հետ կապված շատ սովորություններ կան, որոնք պահելով՝ մարդը կլինի հնարավորինս առողջ և երկարակյաց: Սակայն որոշ սովորություններ բոլորս էլ ժամանակ առ ժամանակ խախտում ենք և եթե դա լինում է հազվադեպ՝ ընդհանուր առմամբ մեր կյանքի վրա դա մեծ ազդեցություն չի ունենում: Սակայն ինձ մոտ կան սովորություններ, որոնք ես երբեք չեմ խախտում՝ նույնիսկ երբ խախտում եմ մյուսները:

Հաջողությո՜ւն, նրբերշիկ և երշիկեղեն

Արդեն տարիներ են անցել այն օրվանից, երբ ես որոշեցի չուտել նրբերշիկ և երշիկեղեն, և այդ տարիների ընթացքում երբեք բացառություն չեմ արել:

Բարձր տրամադրություն՝ առանց ալկոհոլի

ալկոհոլ

Միջոցառումների ժամանակ ես ինձ լավ եմ զգում և ունենում եմ բարձր տրամադրություն՝ նույնիսկ առանց ալկոհոլի: Այնպես որ, ուղեղը դանդաղորեն սպանող այդ հեղուկը չեմ օգտագործում երբեք՝ առանց բացառության:

Թեյն առանց շաքարավազ

թեյ

Ճիշտ է, թեյը երբեմն խմում եմ մուրաբայով կամ թխվածքաբլիթով, որոնք նույնպես շաքարավազ են պարունակում, սակայն ինքդ քո ձեռքով շաքարավազ ավելացնելու սովորությունից հրաժարվելը կարևոր եմ համարում, քանի որ դա ինքնաղեկավարմանն ուղղված քայլ է, որը թույլ է տալիս կրճատել շաքարավազի օգտագործումը: Ուստի, նույնիսկ երբ թեյը քաղցրացնող ոչինչ չկա, շաքարավազի մասին չեմ էլ մտածում:

Չիպս. հեշտ է ուտել, բայց վնասակար է

չիպս

Եթե տարեկան մի քանի ծայրահեղ դեպքերում կարող եմ թույլ տալ ինձ ուտել, օրինակ, կարտոֆիլի ֆրի կամ շատ հաց, չիպս չեմ օգտագործում երբեք, քանի որ դրանում պարունակվում է ակրիլամիդ կոչվող քաղծկեղածին նյութի ամենաշատ քանակը՝ մինչև 1300մկգ/կգ, մինչդեռ երկրորդ տեղում գտնվող կարտոֆիլի ֆրիում այն գրեթե 3 անգամ քիչ է՝ 400մկգ/կգ, իսկ երրորդ տեղում գտնվող սուրճում՝ 200մկգ/կգ:

Քիչ աղ

աղ

Աղի հետ կապված ողջ խնդիրն այն է, որպեսզի բացառել դրա գերօգտագործումը: Աղն այսպես, թե այնպես մեր օրգանիզմ մտնում է (որոշ չափաքանակով այն մեզ անհրաժեշտ է), օրինակ, երբ սնվում ես դրսում կամ օգտագործում ես որոշ սննդատեսակներ (հաց, պանիր, որոշ հանքային ջրեր, և այլն, և այլն), բայց ես այն ավելացրել եմ այս ցանկում, քանի որ երբեք չեմ ավելացնում այն ձեռքով և տան ուտելիքները հնարավորինս պատրաստում ենք առանց աղի:

Այս 5 սովորությունները ես չեմ խախտում երբեք, քանի որ հասկանում եմ դրանց կարևորությունը առողջության հարցում, իսկ առողջությունը ես գնահատում եմ:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: