Ապագայի մասին ֆիլմեր, երբ ջրի պաշարները երկրագնդի վրա սպառվում են, շատ կան: Նման ֆիլմերում պատկերվում է անապատի վերածված երկրագունդը, որտեղ անընդհատ փչում է չոր, փոշոտ քամին: Ջրի մեկ լիտրի համար մարդիկ պայքարում են, քաոս է: Սակայն առայժմ այդպես միայն ֆիլմերում է լինում: Իրական կյանքում ջուրն ազատ հոսում է ծորակներից, գետերն ու լճերը ցամաքած չեն, անձրև դեռ գալիս է: Երբեմն, սակայն, երբ պատկերացնում եմ այդ ժամանակները, երբ ջրի պաշարները երկրագնդի վրա կսպառվեն, պատկերացնում եմ նաև Հայաստանը: Այդ առումով մեր երկիրն իմ մտքերում մի փոքրիկ դրախտ է, որը հետագայում կպահպանվի երկրագնդի վրա, նույնիսկ եթե մյուս բոլոր երկրներում ջրի պաշարները սպառվեն:

Ջրի պակաս մենք առայժմ չենք զգում, բայց դրա նախանշաններն արդեն կան: Երբ ես փոքր էի, ջրաչափեր չկային, մարդիկ օգտագործում էին ջուրն այնքան, որքան ցանկանային: Այդ ժամանակ ջուրը շշերով չէին վաճառում, քանի որ ենթադրվում էր, որ այն ամենուր կա: Այսօր դրությունը փոքր ինչ այլ է, հատկապես որոշ երկրներում: Վերջերս մի փաստագրական ֆիլմ էի դիտում, որտեղ պատմվում էր արաբական երկրներում ջրի խնդրի մասին: Այնտեղ ամեն ինչ այլ է, ոչ այնպես, ինչպես Հայաստանում: Ֆիլմերում հանդիպող սցենարներն այնտեղ արդեն իրականություն են դառնում: Եմենում հարուստ մի արաբ էին ցույց տալիս, ով հյուրանոցների ցանցի կառավարիչ էր, սակայն հպարտանում էր նրանով, որ տանը լվացվում էր ծորակից եկող սեփական ջրով: Ջուրն այնտեղ սպառվում է: Վերջերս հայտնի դարձավ, որ ջրի օգտագործման քանակը սկսել են սահմանափակել նաև Կալիֆոռնիայում: Մի շարք երկրներում նույնպես ջրի խնդիր կա:

Երբ տեսնում ես այս ամենը, սկսում ես գնահատել այն, ինչ ունես: Եթե ժամանակին ես ջուր պարզապես խմում էի, այն էլ` քիչ քանակությամբ, ապա վերջին տարիներին ջուրը ես վայելում եմ և խմում շատ: Սկսել եմ խմել օրական ութ բաժակից ոչ պակաս: Առաջին բաժակը խմում եմ առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո: Դա դարձել է սովորություն: Որպեսզի այդ մեկ բաժակ ջուրը երբեք բաց չթողնեմ, երեկոյան՝ քնելուց առաջ, դնում եմ կողքս: Առաջին բանը, որ առավոտյան աչքովս է ընկնում, ջրով լի բաժակն է, որ անհնար է չխմել:

Ջուր խմելը ես դարձրեցի սովորություն և ուրախ եմ դրա համար: Նույնիսկ խնջույքների կամ միջոցառումների ժամանակ ոչ մի հյութ ինձ այնպիսի հաճույք չի պատճառում, որքան սովորական ջուրը: Ես գիտակցում եմ, որ դա պետք է իմ օրգանիզմին: Դա այն է, ինչ տվել է բնությունը, իսկ մնացածը մարդու ստեղծածն են: Չեմ ուզում ասել, թե մարդու ստեղծածը վատն է, բայց հնարավորության դեպքում ես նախընտրում եմ այն, ինչ ստեղծվել է բնության կողմից, քանի որ դրա վրա աշխատել են ավելի հզոր ուժեր:

Հատված «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքից: