Պերու, ավիավթար

Թե ինչի է ընդունակ մարդը, երբ կշեռքի նժարին է դրված սեփական կյանքը և թե ինչպես է մարդու մոտ բացահայտվում այն թաքնված ներքին ուժը, որը ես անվանում եմ «Կյանքի ուժ», ցույց կտա հետևյալ պատմությունը.

1973 թ. հոկտեմբերի 13-ին Ուրուգվայից Չիլի թռչող ինքնաթիռը, որում գտնվում էին Ուրուգվայի ռեգբիի հավաքականի անդամները և իրենց հարազատները (թվով 45 հոգի), ավիավթարի է ենթարկվում Անդերում` 3600 մետր բարձրության վրա: Սարին բախվելու արդյունքում ինքնաթիռը բաժանվում է երկու մասի: Միայն երջանիկ պատահականությամբ ինքնաթիռի սկզբնամասը, սահելով սարի լանջով, խրվում է ձյան կույտի մեջ` չբախվելով ոչնչի: Ինքնաթիռի երկու օդաչուները և ուղևորներից 10-ը մահանում են բախման արդյունքում: Մնացած 33-ը հայտնվում են Անդերի ձնապատ բարձր գագաթների արանքում գտնվող անորոշ մի կետում` առանց որևէ պատրաստվածության, կապի, սննդի նվազագույն պաշարներով (մի քանի տուփ կոնֆետ) և ավիավթարի արդյունքում ծանր վիրավորներով: Հենց առաջին գիշերը ջերմաստիճանի` մինչև -2 աստիճան անկումից մահանում են ևս 5 հոգի: Սննդի պաշարներն արագ սպառվում էին և կենդանի մնացածները որոշում են կայացնում ուտել մահացածներին: Ամեն ինչ ծայրաստիճան լարում էր նաև այն, որ 10-րդ օրը ռադիոյով նրանք լսում են, որ փրկարարական աշխատանքները դադարեցված են և իրենց այլևս չեն փնտրում:

Սակայն «դժվարություններն» այսքանով չեն ավարտվում: Ավիավթարի 18-րդ օրը սարերում հսկայական սողանքի պատճառով ձյան զանգվածները ծածկում են ինքնաթիռի պահպանված հատվածը` արդյունքում խլելով ևս 8 հոգու կյանք: Ավիավթարից երկու ամիս անց 45 ուղևորներից կենդանի են մնում 16-ը (մահացել էին նաև վիրավորներից մի քանիսը և սոսկալի պայմաններում թուլացածները): Ուղևորներից երեքը` Նանդո Պարրադոն, ում մայրը և քույրը նույնպես ինքնաթիռում էին և մահացել էին, Ռոբերտո Կանեսսան և Անտոնիո Վիսինտին` վերցնելով իրենց հետ մսի 3-օրյա պաշար, որոշում են հաղթահարել ձնապատ գագաթներից մեկը` հույս ունենալով, որ դրանից հետո իրենց առջև կբացվի Չիլիի կանաչ դաշտերի տեսարանը: Եվ որքան մեծ էր նրանց հիասթափությունը, երբ մի քանի օր` որոշ հատվածներ նույնիսկ սողալով մագլցելուց հետո իրենց առջև բացվում է անծայրածիր սպիտակ գագաթների պատկերը և բնակելի վայր գտնելու ոչ մի հույս չի մնում:

Սակայն հույսը վերջում է մահանում և Նանդոն և Ռոբերտոն որոշում են շարունակել ճանապարհն այնքան ժամանակ, քանի դեռ շնչում են: Եվ որքան մեծ էր նրանց ուրախությունը, երբ ինքնաթիռից հեռանալու 10-րդ օրը ձյան սահմանը վերջանում է և նրանք տեսնում են մի ձիավորի: Ինչպես հետագայում է պարզվում, այդ 10 օրերի ընթացքում նրանք կարողացել էին դժվարագույն պայմաններում հաղթահարել 65 կիլոմետր տարածություն: Ձիավորը, ով չիլիացի հովիվ էր, ժամեր անց հասնում է մոտակա բնակավայր և զինվորականներին հայտնում փրկվածների մասին: Կենդանի մնացած 16 ուղևորները փրկվում են:

Այս պատմությունը ինձ գրավում է նրանով, որ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ պայքարելու ուժ գտնում ես նույնիսկ այն ժամանակ, երբ տրամաբանությունդ ասում է`պայքարելու իմաստ չկա, ուժերը սպառված են: Մեր հնարավորությունները միշտ բացահայտվում են դժվարագույն պայմաններում, երբ մենք կորցնելու բան ունենք: Այդ պահերին բացահայտվում է նաև, թե ինչքան քիչ բան է պետք մարդուն երջանիկ լինելու համար:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: