«Ես այլևս երբեք չեմ ապրի այնպես, ինչպես նախկինում». գրեց Մարգարիտան օրագրում:

— Մայրի՜կ, դուռը թակում են,- լսվեց աղջկա ձայնը:

Մարգարիտան մոտեցավ դռանը և նայեց դիտանցքից: Երկար, սև մորուք էր երևում: «Կրկին նա է…». դողդղաց Մարգարիտան՝ հետ վազելով դռնից: Կես րոպե լռություն… Կրկին դանդաղ, անձայն մոտեցավ դռանը և աչքը մոտեցրեց դիտանցքին: Ոչ ոք չկար:

Աղջիկը խաղում էր սենյակում, գազօջախի վրա թեյնիկով ջուր էր եռում:
— Խաղա, սիրելիս, հիմա կգամ,- ասաց Մարգարիտան՝ հեռանալով, որպեսզի անջատի գազը:
— Մայրիիիի՜իկ, — հանկարծ լսվեց աղջկա ճիչը:

Վազեց սենյակ: Աղջիկը կրկին գետնին էր, իսկ բազմոցին նստած էր Սև Մորուքը:
— Ի՜նչ ես ուզում մեզնից,- բացականչեց Մարգարիտան:
— Տո՛ւր ինձ Գործողությունների գիրքը և ես կհեռանամ,- լսվեց նրա ձայնը:
— Դու երբեք չես ստանա այն, ես այն լավ եմ պահել, — պատասխանեց Մարգարիտան:
— Այդ դեպքում ես երբեք չեմ դադարի քեզ հետապնդել,- պատասխանեց Սև Մորուքը՝ շոյելով փոքրիկ աղջկա գլուխը:

— Իսկ ի՞նչ է քո անունը,- հարցրեց աղջիկը:
— Բոլորն ինձ Վախ են անվանում,- պատասխանեց Սև Մորուքը:

***

Երբեմն մենք ուզում ենք մեր կյանքում ինչ-որ բան փոխել, և գիտենք, որ դրա համար գործողություններ են անհրաժեշտ, սակայն «թաքցնում ենք» դրանք ինչ-որ տեղ, քանի որ վախենում ենք սկսել: Բայց այդպես վախը երբեք չի դադարում մեզ հետապնդել…