Ֆիզիկա

Եթե մարդը փորձի փոխվել, ազդելով իր վրա Կամքի ուժով, կնկատենք, որ նա սկսում է փոխվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի:

Դա նշանակում է, որ մարդու վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված Կամքի ուժին և համակշռում է այն: Այդ ուժը մարդու հին և նոր ապրելակերպերի միջև առաջացած անփոփոխ մնալու ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել նստակյացին:

Մարդու հին և նոր ապրելակերպերի միջև առաջացող և մեկից դեպի մյուսն անցումը խոչընդոտող ուժը կոչվում է անփոփոխ մնալու ուժ:

Երբ Կամքի ուժը դառնում է անփոփոխ մնալու ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարդը սկսում է փոխվել, և անփոփոխ մնալու ուժի փոխարեն ի հայտ է գալիս շարժի ուժը:

Այն ուժը, որն առաջանում է մարդու հին և նոր ապրելակերպերի միջև, երբ մարդը սկսում է փոխվել, կոչվում է շարժի ուժ:

Հետևություն` երբ մենք փորձում ենք փոխվել և մեզ մոտ չի ստացվում, նշանակում է, մենք չենք կիրառում Կամքի ուժի այն առավելագույն արժեքը, որը մեզ կարող է տեղից շարժել: Սակայն գերազանցելով այդ ուժը` մենք սկսում ենք շարժվել, իսկ կյանքը հենց շարժումն է: Շարժվելով ենք մենք աճում, շարժումից է ինչ-որ բան ծնվում, անշարժ ջուրը մամռակալում է և պղտորվում, իսկ շարժվող ջուրը` միշտ զուլալ է:

Բնության օրենքները

frictioforce

Նախորդ մասում գրվածը դադարի և սահքի շփման ուժերի` ֆիզիկայի դասագրքից վերցված սահմանումների` որոշ բառեր փոխելուց ստացված տարբերակն է:

Եթե փորձենք շարժել սեղանին դրված գիրքը, ազդելով նրա վրա հորիզոնական ուժով, կնկատենք, որ այն սկսում է շարժվել, երբ այդ ուժը հասնում է որոշակի արժեքի:

Դա նշանակում է, որ մարմնի վրա այդ ընթացքում ազդում է մեկ այլ ուժ, որը հակառակ է ուղղված կիրառված ուժին և համակշռում է այն: Այդ ուժը գրքի և սեղանի միջև առաջացած դադարի շփման ուժն է: Այդ ուժին մենք հանդիպում ենք, երբ փորձում ենք տեղից շարժել ծանր պահարանը:

Մարմինների հպվող մակերևույթների միջև առաջացող և միմյանց նկատմամբ նրանց շարժումը խոչընդոտող ուժը կոչվում է դադարի շփման ուժ:

Երբ ազդող ուժը դառնում է դադարի շփման ուժի առավելագույն արժեքից փոքր-ինչ մեծ, մարմինը շարժվում է, և դադարի շփման ուժի փոխարեն ի հայտ է գալիս սահքի շփման ուժը:

Այն շփման ուժը, որն առաջանում է հպվող մակերևույթների միջև, երբ դրանք շարժվում են միմյանց նկատմամբ, կոչվում է սահքի շփման ուժ: