Ես ուզում եմ այնպես անել, որ մարդիկ սկսեն ավելի քիչ ծխել: Դրա համար պետք է օգնել մարդկանց ազատվել «ծխելու ռոմանտիկայից»: Երբ ես սովորում էի դպրոցում, հետո նաև համալսարանում, կար հանցավոր լինելու ռոմանտիկան: Խոսքը նույնիսկ լուրջ հանցագործությունների մասին չէ, այլ հանդուգն լինելու, ուժով արդյունքների հասնելու, ուրիշներին ենթարկեցնելու, խմբերով լինելու, ծեծկռտուքների մասնակցելու, ոստիկաններին վատ վերաբերվելու, և այլն, և այլն: Ոչ ոք չէր ուզում բանտ նստել, բայց դրանով հրապուրված էին գրեթե բոլորը: Դա մեր որոշումը չէր, մեզ վրա ազդում էին հեռուստատեսությունը, ֆիլմերը և իհարկե՝ շրջապատը, որում յուրաքանչյուրը կրկին տարբեր ազդեցությունների զոհ էր: Մենք դրա մեջ էինք, քանի որ չկար այլընտրանք: Ուժեղ մարդու այլ կերպար այդ ժամանակ մեզ չէր մատուցվում, չկար մեկն այլ ոլորտից, ում մենք ձգտեինք նմանվել: Չկար հաջողակ լինելու ռոմանտիկան, չկար բիզնես սկսելու, ստեղծելու ռոմանտիկան, առողջ ապրելակերպի` առողջության մասին հոգ տանելու ռոմանտիկան: Եթե վերջին երկու տասնամյակներում նկարահանված հայկական ֆիլմերը վերցնես, չեմ հիշում մեկը, որը մի մարդու մասին է, ով սկսում է զրոյից և հասնում է հաջողության, կամ մարզիկի մասին, ով մարզվելով կարողանում է օլիմպիական չեմպիոն դառնալ, կամ երիտասարդի, ով կարողանում է փոխել իր կյանքը` թողնելով ծխելը, թմրանյութերը և դառնում է հայտնի դաշնակահար: Այդ ամենը ռոմանտիկ չէր դիտվում: ֆիլմերը, որոնք մարդու վրա ազդեցության մի մասն են միայն, մեզ սովորեցնում էին, որ ռոմանտիկ է ծխելը, խմելը, զենքը, սև ավտոմեքենաները, բայց ոչ ոտքով քայլելը կամ հեծանիվը, իրար ծեծելը, բայց ոչ հարցերն ավելի հանգիստ, խելամիտ եղանակով լուծելը, մի խոսքով, առողջ ապրելակերպը նույնպես չէր քարոզվում որպես ռոմանտիկա: Դա է պատճառը, որ երիտասարդների մեծ մասը սկսում էին և մինչ օրս էլ շարունակում են ծխել:

Ինձ համար զարմանալի է, որ խնդիրներ ունենալու դեպքում ալկոհոլին տրվելն ու ծխելը դիտվում է որպես ռոմանտիկա կամ համապատասխան արձագանք այդ խնդրին: Այսինքն, խնդիրը լուծելու փոխարեն դու սկսում ես տանջվել և սեփական առողջությանը վնաս հասցնել: Այդպես անելով ես ինձ երբեք ուժեղ մարդ չեմ զգա: Ես ինձ ուժեղ կզգամ այն դեպքում, որ որքան էլ ցավոտ լինի խնդիրը, կարողանամ լուծել այն պարզ և հստակ գիտակցությամբ` կենտրոնանալով լուծման վրա, այլ ոչ թե խեղճանալով խնդրից: Ինձ համար ռոմանտիկ է առողջ լինելը, քաղցկեղով չհիվանդանալը, առողջության վրա միլիոններ չծախսելը, հասարակությանը և հարազատներին հնարավորինս օգտակար լինելը, սպորտով զբաղվելը, կյանքում մեծ արդյունքների հասնելը, բայց ոչ ծխելը կամ խմելը:

Ես վստահ եմ, որ մենք ժամանակի ընթացքում կփոխենք այդ պատկերացումները, ծխելը կամ խմելը չի դիտվի որպես ուժեղ կամ հաջողակ մարդու ատրիբուտ, մենք ձեռք կբերենք նոր ուղղություններ, որոնք կդիտարկվեն որպես «ռոմանտիկ»:

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» սոցիալական հարթակի համահիմնադիր: